Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես դառնալ ինժեներական քաղաքի բնակիչ
2019-06-14 18:08:39

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մոդել, որի հաջողության դեպքում, այն կիրառելի կլինի նաև Հայաստանի մյուս քաղաքների համար։ Բագրևանդ  21/1 հասցեում  ինժեներական քաղաքի հասցեն է։

Մինչ քաղաքը կսկսի իր գործունեությունը, այստեղ արդեն գործում է ինժեներական կենտրոնը, գիտության ու տիեզերքի թանգարանն ու գրադարանը։

«Ռադիոլուրն» այսօր անձամբ է այցելել ինժեներական քաղաք ու փորձել հասկանալ՝ովքեր են քաղաքի բնակիչները, «բնակվում են, թե դեռ ոչ» , և ինչպես դառնալ ինժեներական քաղաքի բնակիչ։

Տիպային կառույցներ՝ 30-40 շենք՝  3 հա տարածքում, ինժեներական աքսելերատոր ու ոչ միայն ինժեներական քաղաքն այսպիսի է  լինելու։  Ինժեներական ասոցիացիայի գործադիր տնօրեն Վարդան Ալեքսանյան.

«Քաղաքին բնորոշ բոլոր հատկանիշները կլինեն, ունենք թանգարան՝ գիտության ու տեխնիկայի, գրադարան։ Ինքը փոքրիկ  մակետն է լինելու  գործուն մի քաղաքի, որի բնակիչները ինժեներներ են։ Բնակելի տեղ  չէ, աշխատելու են այստեղ»։

Ուսանողներից  քչերն են մտածում սեփական ինժեներական ընկերություն ստեղծելու մասին։ Զրուցակիցս վստահեցնում է՝ ինժեներական արտադրանքն անհրաժեշտ է բոլորին՝ անկախ աշխարհագրական դիրքից։ Մեր ընկերությունները հիմնականում իրենց արտադրանքը արտահանում են։

«Տնտեսության մեջ կիրառելը դժվար է ասել, քանի որ այն ընկերությունները, որոնց հետ ես կոնկրետ շփվում եմ, հիմնականում արտահանմանը միտված ընկերություններ են, քանի որ ՀՀ-ում դեռ արտադրությունը այն մակարդակի վրա չէ, որ այդպիսի լուծումներ պահանջի։ Ընկերություններ կան, որոնք զբաղվում են մեքենաների ինքնավար համակարգի և տվիչների թեստավորման հարցերով։ Աշխարհում սա շատ արդիական է։ Հույս ունեմ Հայաստանում նույնպես կձևավորվի ընկերություն, որը ինքնավար և էլեկտրական մեքենաների արտադրության հայտ կներկայացնի»։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ ոլորտի գիտելիքները պետք է համակարգվեն, այս դեպքում ավելի լուրջ արդյունք կունենանք.

«Ինժեներական քաղաքը կարևորագույն մասն է համակարգ, որը թույլ կտա ստեղծել միջավայր, որտեղ ինժեներական կազմակերպությունները արագ ու արդյունավետ են ստեղծագործելու։ Ինժեներական կազմակերպությունները լինելու են մի տեղում, ինչը հնարավորություն կտա միասին աշխատել։ Մեկը կսարքի ավտոմատացման մի մասը, մյուսը՝ կապի, երրորդը՝ մեխանիկայի հետ առնչվող բաղադրիչը։ Հետո եթե այդ ամբողջը միացնես, գուցե դառնա ռոբոտիզացիայի մի մաս»։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանի խոսքով, սա մի մասին է  ընդհանուր էկոհամակարգի, այն հայաստանյան ինժեներական մտքի լուրջ խթան կհանդիսանա։  

Ինժեներական  քաղաքի  ինժեներական կենտրոնում ակտիվ եռուզեռ է։ Այստեղ են հավաքվել ընկերությունները։ Իսկ նրանք քիչ չեն։ Ինչու  ընտրել ինժեների մասնագիտություն՝ հարցնում եմ Ինժեներական ասոցիացիայի գործադիր տնօրեն Վարդան Ալեքսանյանին.

«Ինժեներ լինելը իրականում հպարտություն է, դա ստեղծագործ, հետաքրքիր աշխատանք է։ Խորհրդային Միությունից հետո այդ դժվար տարիներին մի փոքր ստորադասվեց ինժեներ մասնագիտությունը մարդկանց ենթագիտակցության մեջ։ Հումորային հաղորդումներ կային, որտեղ ինժեները ծիծաղելի վիճակում էր։ Օրինակ՝ «ինժեներ բալան»-ն»,- ասում է Ալեքսանյանը։

Այս փուլը հաղթահարված է, շուկան կարգավորեց դաշտը։ Այժմ ինժեներները Հայաստանում պահանջված են։ Դե իսկ ինժեներական քաղաքը Հայաստանին կօգնի իր ուրույն տեղը գրավել համաշխարհային  ինժեներական քարտեզի վրա։

0:00
0:00