ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու է աղմկում Համազգայինը
2018-11-29 19:47:52

Արմինե Գեւորգյան 
«Ռադիոլուր»

Երկու տարի առաջ  Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ հետո արդեն տնօրեն նշանակվեց Վիգեն Չալդրանյանը։ Նշանակման օրվանից դերասանական կազմի ու տնօրենի «ջրերը մի առվով չգնացին»։

Դերասան
, ռեժիսոր Դավիթ Հակոբյանը նկատում է, որ այդ նշանակումն արվել է առանց թատրոնի ստեղծագործական կազմի հետ քննարկման և շոկային է եղել նրանց համար:  

«Թատրոն մտնելու առաջին օրվանից իր ծրագրային ելույթում պարոն Չալդրանյանը հայտարարեց, որ ես եկել եմ նոր թատրոն ստեղծելու, նոր թատրոն ստեղծելու կարիք չկա պարոն Չալդրանյան, մենք ունենք մեր թատրոնը՝ իր էսթետիկայով, իր գեարվեստական մտածողությամբ, որը կարող է մեկին դուր գալ, մյուսին ոչ»,-ասաց Դավիթ Հակոբյանը:

ՊՈԱԿ-ի մասին օրենքը թույլ չի տալիս, որպեսզի միևնույն անձը միաժամանակ լինի և՛ թատրոնի գեղարվեստական ղեկավար, և՛ տնօրեն՝ ասում է Դավիթ Հակոբյանը։

Մշակույթի նախարարությունում այդ դրույթը հաշվի առնելով՝    Չալդրանյանին առաջարկում են հրաժարական տալ պաշտոններից մեկից:

Եվ ահա այսօր, մինչ ստեղծագործական կազմը ասուլիս էր հրավիրել, մեկ ժամ առաջ պարզ էր դարձել, որ  գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։

Ստեղծագործական կազմի համար նշանակումն անակնկալ էր։ Դերասան Արման Նավասարդյանն ասում է, որ Վիգեն Չալդրանյանը խաթարել է ստեղծագործական աշխատանքները, թատրոնն այլեւս հյուրախաղերի ու փառատոների չի մասնակցում:

«Ես դեմ չեմ, գուցե նա շատ լավ ռեժիսոր է, ես մեծ սիրով եմ աշխատել նրա հետ որպես դերասան, բայց դա չի նշանակում, որ կարող է թատրոնը ղեկավարել: Ինքը թատրոնը չի ճանաչում»,-ասաց նա:

Դերասան Ստեփան Ղամբարյանն էլ նկատում է, որ մեկ տարվա ընթացքում Վիգեն Չալդրանյանն ընդամենը մեկ ներկայացում է բեմադրել, երկու տարիների ընթացքում թատրոնը պառակտվել է:

«Ինքը երկու տարվա մեջ թատրոնը բաժանեց երկու մասի՝ Վիգեն Չալդրանյանի թտարոնը իր գեղագիտությամբ, իր ներկայացումով՝ «Սանտա կրուս», և Սոս Սարգսյանի թտարոն՝ առանձին մնացած ներկայացումներով, ընդհուպ իր ներկայացման համար զգեստները առանձին է պահում»:

Դերասանուհի Տաթև Ղազարյանն էլ նկատում է, որ Համազգային թատրոնի դահլիճը այսօր կիսադատարկ է, նման բան երբեւէ չի եղել թատրոնի պատմություն մեջ:

Դերասանների ասուլիսին հուզված հետևում էր Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը, որը մինչեւ ասուլիսը հանդիպել էր Վիգեն Չալդրանյանի հետ ու նրան խորհուրդ տվել հեռանալ թատրոնից:

«Ռադիոլուրի»  հետ զրույցում Վիգեն Չալդրանյանն է նշում, որ դերասանների մեղադրանքներն անհիմն են, հրաժարականի պահանջը՝ չհիմնավորված։


«Իրենք
ահաբեկիչի նման մտնում են իմ կաբինետ ու ասում հենց հիմա պիտի հրաժարվես, եթե ես ունեմ վերադաս, վերադասը պիտի որոշի, իրենք չեն կարող դա որոշել»,- ասում է:

Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ նմանատիպ դեպքեր տեղի են ունենում նաև համաշխարհային թատրոնի պատմության մեջ:

«Ես փորձելու եմ հանդիպել դերասանական խմբի հետ, զրուցել, ներկայացնել իմ ծրագիրը, թե ինչպես եմ տեսնում թատրոնի ապագան և սիրով կաշխատեմ նրանց հետ, ովքեր ցանկանում են աշխատել: Եթե կլինեն մարդիկ, որոնք կհրաժարվեն, գիտեք, որքան տաղանդավոր դերասաններ կան ՀՀ-ում, որոնք անընդհատ թատրոնի դռներն են թակում, ասում են ընդունեք մեզ աշխատանքի»:


Սակայն
ստեղծագործական կազմը անդրդվելի է, դեկտեմբերի մեկից  անժամկետ գործադուլ է հայտարարում:

Ի դեպ, դերասաններն ունեն իրենց սեփական թեկնածուներին: Գեղարվեստականղեկավարի պաշտոնում նրանք առաջարկում են նույն թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի թեկնածությունը, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղում տեսնում են դերասան Արման Նավասարդյանին:

0:00
0:00