ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սոցիալական խնդիրները՝ քարոզարշավում
2018-11-30 11:33:59

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Քարոզարշավի ընթացքում 11 քաղաքական ուժերն այս օրերին փորձում են ներկայացնել իրենց ծրագիրը: «Ռադիոլուրը» պարզել է, թե ինչ փոփոխություններ են նրանք առաջարկում սոցիալական ոլորտում:

0:00
0:00

«Օրինաց երկիր» կուսակցությունը սոցիալական ոլորտում առաջարկում է 50 քայլ, որը կփոխի Հայաստանը։ Նախ կարծում է, որ պետք է գույքագրել այն խնդիրները, որոնք վերաբերում են փախստականներին, բռնադատվածներին, հաշմանդամներին: Այս ուղղությամբ առաջարկում են իրականացնել պետական նպատակային ծրագիր: Կուսակցության կարևորագույն խնդիրներից մեկը լինելու է նախկինում սկսած գործը շարունակելը: Ընտրացուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը խոստանում է հաղթանակի դեպքում շարունակել ավանդները վերադարձնելու գործը:

«Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է իմանա, որ մեր հաղթանակը նշանակում է ավանդների ամբողջական վերադարձ՝ ներառյալ մահացած ավանդատուների ժառանգներին, ինչպես արել են Ռուսաստանում, Ղազախստանում և այլ երկրներում»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավին ներկայանում է տնտեսական զարգացման իր ծրագրով, որոնց իրականացումը համարում են Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման հիմքերը: Կուսակցությունից առաջադրված թեկնածու Արկադի Խաչատրյանի խոսքով՝ հանրությանն այսօր հուզում է աղքատությունը, սոցիալական ծանր վիճակը, արտագնա աշխատանքի մեկնելու անհրաժեշտությունը: Սոցիալական խնդիրների լուծման հիմքը պետք է լինի երկարաժամկետ կայուն տնտեսական զարգացումը: Առանց տնտեսական զարգացման չեն կարող կուտակվել բավարար ֆինանսական միջոցներ արդի սոցիալական խնդիրները լուծելու համար՝ ասում է:

«Տնտեսական զարգացում, որը պետք է ենթադրի զբաղվածության ընդլայնումը, աշխատատեղերի ստեղծումը և նպատակաուղղված թիրախային սոցիալական քաղաքականությունը: Աշխատատեղերը պետք է ստեղծվեն հիմնականում մարզերում, մարզային համայնքներում: Կապիտալը պետք է հոսի Երևանից դեպի մարզեր»:

«Քաղաքացու որոշում» կուսակցության համար բարեկեցության ցանկացած մակարդակում գտնվող անձին պետք է աջակցել մեկ քայլ ավելիին ձգտելու հարցում: Այս մոտեցումը վերաբերում է ոչ միայն աղքատներին կամ միջին եկամուտ ունեցողներին, այլ բոլորին, նաև հարուստներին` ասում է կուսակցությունից առաջադրված թեկնածու Արեգ Թադևոսյանը:

«Եթե մարդը միջին ձեռնարկատեր է , ուզում է խոշոր դառնալ, ապա պետությունը պետք է իրեն աջակցի: Եթե խոշոր ձեռնարկատեր է, ուզում է աշխարհով ընդլայնվի, ապա պետությունը պետք է աջակցի: Եթե մարդն անօթևան է, պետությունը պետք է նրան օթևան տրամադրի»:

«Մենք» դաշինքը սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծումներ է մշակել: Ժողովրդագրական խնդիրներից ծնելիության խթանման համար առաջարկում են բարձրացնել երեխայի ծննդի միանվագ նպաստի չափը: Կուսակցությունից առաջադրված թեկնածու Թեհմինա Վարդանյանն ասում է.

«Առաջին երեխայի ծննդի միանվագ նպաստի բարձրացումը շուրջ մեկ ու կես միլիոն դրամով, երկրորդին՝ 2 միլիոն դրամ, իսկ երրորդին և չորրորդին 2.5 միլիոն դրամ, իսկ 5-ից ավելին 3.5 միլիոն դրամ և ավելի»:

«Ազգային առաջընթաց» կուսակցության համար ժողովրդագրական խնդիրը ռազմավարական նշանակության հարց է: Լուծման ճանապարհներից մեկը տեսնում է նորաստեղծ ընտանիքներին ցածր տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր տրամադրելը, ասում է առաջադրված թեկնածու Հայկ Փայտյանը:

«Մինչև 7-8 տոկոս այն պայմանով, որ առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում տոկոսն իջնում է մինչև 5 տոկոս: Այս դեպքում կրկին բանկերը գերշահույթ չեն ստանալու, բայց մենք սրանով լուծելու ենք ժողովրդագրական խնդիրը: Սա շատ կարևոր է»:

«Իմ քայլը» դաշինքն առաջիկա 5 տարիներին պետք է արմատախիլ անի ծայրահեղ աղքատությունը՝ ասում է պատգամավորության թեկնածու Տիգրան Ավինյանը:

«Նախատեսում ենք զբաղվածության քաղաքականության որոշ բաղադրիչներ պարտադիր դարձնել»:

ԲՀԿ առաջարկում է տնտեսական հեղափոխություն, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձի բարձրացում, ինչն էլ բնակչությանը կապահովի արժանապատիվ կենսամակարդակ: Կուսակցությունից առաջադրված թեկնածու Միքայել Մելքումյանի խոսքով՝ աշխատանքային կենսաթոշակի չափը պետք է երաշխավորի կենսաապահովման նվազագույն պայմաններ, իսկ աշխատավարձերն ու թոշակները գնաճին համընթաց պետք է պարբերաբար ինդեքսավորվեն:

«Մենք միտումնավոր չենք գրել չափ, մենք գրել ենք այսպես, որ նվազագույն աշխատավարձը մարդկանց արժանապատիվ կենսապահովման հիմք պետք է հանդիսանա, որպեսզի չասեն դա պոպուլիզմ է: Արժանապատիվ կենսաապահովման հիմք պետք է լինի և թոշակն նույնպես նվազագույն կենսաապահովման զամբյուղից ցածր պետք է չլինի»:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Գարեգին Չուգասզյանի տվյալներով՝ այն, որ բնակչության միայն 30 տոկոսն է աղքատ, չի համապատասխանում իրականությանը, որովհետև նվազագույն սպառողական զամբյուղը իրական պահանջների հիման վրա չի հաշվարկված:

«Առաջին խնդիրը, որը պետք է լինի, պետք է վերահաշվարկվի նվազագույն սպառողական զամբյուղը, որի հիման վրա պետք է թե նվազագույն աշխատավարձերը, թե թոշակները բարձրանան և հասնեն նվազագույն սպառողական զամբյուղի արդյունքին»:

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակն այն կարծիքին է, որ առաջարկվող սոցիալական ծրագրերը պետք է ապահովեն սոցիալական արդարության սկզբունքը: ԱԺ ընտրություններին ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը վստահեցնում է, որ ՀՅԴ-ն առաջարկում է հենց այդպիսի լուծումներ սոցիալական ոլորտում:

«ՀՅԴ-ն համարում է, որ սոցիալական պետությունը պարտավոր է իր յուրաքանչյուր քաղաքացու համար ունենալ աշխատատեղերի ստեղծմանը նպաստող ծրագրեր: Ծրագրեր, որոնք երիտասարդներին կրթական համակարգից հետո աշխատատեղերով ապահովելու հնարավորություն կտան, ծրագրեր, որոնք միտված կլինեն հաշմանդամություն ունեցողներին քվոտավորմամբ աշխատատեղերով ապահովելուն, ծրագրեր, որոնք միտված կլինեն ժողովրդագրության հիմնական խնդիրները լուծելուն, հաջորդ երեխայի ծնունդը խթանող միջոցառումներ իրականացնելուն, ներգաղթը խթանելուն և արտագաղթը կանխելուն, կենսաթոշակի և նպաստի բարձրացում ապահովելուն։ Այդ ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ է ժողովրդի քվեն ու վստահությունը»:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը սոցիալական ոլորտում ունի նպատակներ՝ զարգացնել արդյունաբերությունը, ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել աշխատավարձերը: Դրանց հասնելու ծրագրերը դեռևս քննարկվում են՝ ասում է Կոտայքի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածու Անուշ Սարգսյանը:

«Կուսակցությունում դեռևս քննարկումներ են ընթանում»:

Հանրապետական կուսակցությունը կարեւորում է կենսաթոշակային քաղաքականությունը, ապահով ծերության ապահովումը: Այստեղ կարևոր է սոցիալական ոլորտի մասնագետների պատրաստման խնդիրը: Իսկ այստեղ պետությունը մեծ անելիք ունի, նշեց ՀՀԿ- ից պատգավորության թեկնածու Մարգարիտա Եսայանը:

«Մեր իշխանության տարիներին մենք բավականին զարգացրել ենք սոցիալական ոլորտը: Զրոյական կետից սկսված ոլորտ էր, իսկ հիմա կայացած է իր կենսաթոշակային, նպաստների և զբաղվածության խնդիրներ լուծող համակարգով»:

Ընդդիմադիր խորհրդարանական ուժ լինելու դեպքում հանրապետականը փորձելու է այս ծրագրի բոլոր կետերն իրագործել: