ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ծայրահեղ աղքատության մակարդակը նույնն է մնացել
2018-11-30 17:33:34

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ազգային  վիճակագրական կոմիտեն  այսօր ամփոփել է 2017 թվականի սոցիալական տնտեսական պատկերը:

Անցյալ տարվա 7,5 տոկոս տնտեսական աճն այստեղ իր դրական ազդեցությունն ունեցել է: 

0:00
0:00

Որքա՞ն է հարկավոր Հայաստանում գոյատեւելու, լավ ապրելու եւ շատ լավ ապրելու համար։ Հարցի պատասխանը գտել են վիճակագիրները՝ հարցնելով քաղաքացիներին։

«Գոյատևելու համար մեկ շնչի հաշվով ամսական անհրաժեշտ է 94 հազար դրամ, լավ ապրելու համար՝ 341 հազար դրամ, շատ լավ ապրելու համար՝ 873 հազար դրամ»,- ասում է ԱՎԿ նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան:

2017 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 3,7 տոկոսով՝ կազմելով՝ 25,7 տոկոս (2016-ի  29,4 տոկոսի փոխարեն): Ծայրահեղ աղքատության մակարդակը 1,4 տոկոս է: 2008-ից ի վեր այս  ցուցանիշը գրեթե չի փոխվել  (1,6 տոկոս էր 2008-ին):


Հայաստանում 
776 հազար մարդ  2017 թվականին աղքատ է եղել (880 հազար  մարդ): Եթե 2016-ին աղքատ էր Հայաստանում յուրաքանչյուր տասը բնակչից երեքը, ապա 2017-ին՝ տասը բնակչից չորսը:

«2017թ.-ին աղքատության վերին, ստորին և պարենային գիծը՝ ըստ սպառման, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար եղել է, համապատասխանաբար, 41 612 դրամ (կամ 86.2 ԱՄՆ դոլար), 34 253 դրամ (կամ 71.0 ԱՄՆ դոլար) և 24 269 դրամ (կամ 50.3 ԱՄՆ դոլար,- նշում է ՀՀ ԱՎԿ նախագահի խորհրդականը:

Աղքատության մակարդակի նվազմանը նպաստել է 2017-ի 7,5 տոկոս տնտեսական աճը: Աղքատության մակարդակը նվազել է, սակայն, պատկերը չի փոխվել:  Աղքատության ամենացածր մակարդակը Երևանում է։

Տարիներ շարունակ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, 2017- ն էլ բացառություն չէ։ Այստեղ աղքատ է բնակչության գրեթե կեսը (2014-ին այս մարզում աղքատության մակարդակը կազմում էր  44 տոկոս, 2016-ին՝ 45,5 տոկոս: Շիրակում անցյալ տարի աղքատության մակարդակը  44,3  տոկոս է):

« Ծայրահեղ աղքատության մակարդակը աճել է Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում: 2017 և 2008թ-ին Արարատի մարզում ծայրահեղ աղքատության մակարդակը մնացել է նույնը»:

Մեր երկրում  2017-ին էլ եկամուտների բևեռացվածության աստիճանը շարունակել է բարձր մնալ: Աղքատության ռիսկային խմբում են երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները: Իսկ ավելի ռիսկային են այն ընտանիքները, որոնց գլուխը կանայք են։ 2017թ-ին մինչև 18 տարեկան երեխաների 2.1%-ը ապրել է ծայրահեղ աղքատության, իսկ 30.8%-ն` աղքատության մեջ:

Որքա՞ ն գումար է անհրաժեշտ Հայաստանին աղքատության հաղթահարման համար: ԱՎԿ նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան է ներկայացնում հաշվարկները.

« 65.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.2 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին: Ծայրահեղ աղքատության վերացման համար անհրաժեշտ է եւս 1.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 0.02 %-ը, ծայրահեղ աղքատներին ներկայում տրվող սոցիալական հասցեական աջակցությունից բացի»:

Պարզվում է, սակայն, սոցիալական նպաստների հասցեականությունն ապահովելն այնքան էլ հեշտ գործ չէ:


«Քանի որ հիմնական բոլոր գործառույթը ընտանիքինն է, հետևաբար քաղաքականությունն ուղղվում է ընտանիքին: Կարևորվում է ընտանիքի կազմը, որը միգրացիայի նման պայմաններում շատ դժվար է  որոշել: Եթե տնտեսությունը ոտքի կանգնի այնպես, ինչպես մենք ենք ակնկալում, այս խնդիրը մեր համար մի քիչ ավելի հեշտ լուծելու կդառնա»,- նշում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Հետաքրքրական է, որ չնայած աղքատության մակարդակը վերջին ինը տարիների համեմատությամբ էականորեն է նվազել, սակայն,  2017թ.-ին սննդամթերքի համարյա բոլոր տեսակների սպառումը նվազել է: Սա ազգային վիճակագիրները կապում են  նախորդ տարվա համեմատ սննդի սպառողական գների ինդեքսի աճով: