ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ ժողովրդի հետ կկիսենք ֆրանսիացի ժողովրդի սուգը. նախագահ Մակրոնը՝ Շառլ Ազնավուրի մահվան առիթով
2018-10-02 12:44:00

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր 94 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ շանսոնիե Շառզ Ազնավուրը։ Տեղեկությունը հենց նոր տարածել է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Նրա մամուլի քարտուղարն ասել է, որ Արտիստը մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

Նա ծնվել է 1924 թ-ի մայիսի 22-ին Փարիզում: Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:

Դժվար է հավատալ, որ մարդը, որը դարաշրջան ու պատմություն է կերտել և ծառայել իր ժողովրդին, որովհետև Ազնավուրն ասում էր, որ հարյուր տոկոսով ֆրանսիացի է և հարյուր տոկոսով հայ, այսօր այլևս մեզ հետ չէ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

 

2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Շառլ Ազնավուրի  հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շարլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:

Մենք հայ ժողովրդի հետ կկիսենք ֆրանսիացի ժողովրդի սուգը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն

Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր։ Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է:

Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:

1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ:

1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը: