ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օր 6-րդ. Սկանդալներից՝ դրույթների ներկայացում
2018-12-01 18:23:59

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երեկվանից արդեն  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն անցել են հիմնականում ծրագրային դրույթների ներկայացմանը: Նախընտրական այս արշավի առանձնահատկություններից մեկը թերևս այն է, որ քաղաքական ուժերը տարբեր խմբերով ու տարբեր ուղղություններով են քարոզչություն իրականացնում:

0:00
0:00

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վեցերորդ ու ձմռան առաջին օրը,  հակառակ չտրամադրող եղանակին, քաղաքական ուժերը շարունակեցին իրենց հանդիպումները մայրաքաղաքի ու մարզերի բնակիչների հետ: «Իմ քայլն» այսօր  դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանի հարավում էր՝ Մեղրիում:
 

Սյունիքում էլ վարչապետի պաշտոնակատարը Կարեւորեց կրթության դերը: Որպես օրինակ նշեց՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ ստացած «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդիի հետ ունեցած զրույցը:

Նա Փաշինայնին խոստովանել է, որ ամենամեծ ներդրումն իր հաջողության մեջ ԱՄՆ-ում ստացած կրթությունն է եղել.

«Մեր նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն այն է, որ մենք պետք է չորս տարեկանից սկսած ընդգրկենք կրթական համակարգ՝ նախակրթական, մանկապարտեզներով և այդպես շարունակ: Դեռ ուրախալի է, որ Մեղրիում ամենաուշը մյուս տարվանից մենք այդ ծրագիրը ավելի խորքային ձևով կիրականացնենք»:

«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները նույնպես կրթության որակի փոփոխությունն են կարևորում: Հանրակրթության ոլորտում  երկարաժամկետ ներդրումներ են անհրաժեշտ: Ընտրական ցուցակում առաջարկում են օնլայն համալսարան ստեղծել, տանը նստած մասնագիտություն ստանալ: Երկրորդ հորիզոնականում գտնվող Արտակ Կիրակոսյան.

«Վատ վարք վերցնող  ու  վարկ փակողի  մտածողություն են  ունեցել  մեր իշխանությունները: Հիմնականը այն էր, որ այսօրվա հոգսը մի կերպ հոգանք: Ապագայի մասին  երբևիցե լուրջ չեն մտածել, ապագայի համար փող դնենք, որ վաղը դա հետ է գալու այդ փողը:

 «Բարգավաճ Հայաստանն» այսօր Արագածոտնի մարզում է՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այստեղ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց՝ քաղաքական հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխություն իրականցնելու ժամանակն է: Խոստացավ մեծածավալ ու երկարաժամկետ ներդրումներ: Հարկային դաշտում փոփոխությունների անհրաժեշտության մասին հայտարարեց, հիշեց «Առինջ մոլի» աշխատակիցներին, ՓՄՁ-ին հարկերից ազատելու  մասին խոսեց.  

«Դուք գիտեք այսօր Ծառուկյանը եկել է ոչ թե ձեզ համոզելու, խնդրելու, որ ձեր ձայնը տվեք: Ժողովուրդ ջան, ձեր ձայնը տվեք: Ծառուկյանը ասում է, որ ամբողջ ազգը նորից իմանա՝ արել ա, անելու ա՝ ոչ պաշտոնի համար: Դա չարչարանք ա, դա պատասխանատվություն ա, որ դու իմանաս ազգը քեզ ա սպասում, ժողովուրդը քեզ ա սպասում, հիվանդ ա, սոված ա, մրսում ա: Դու պետք ա այդ խնդիրները կարգավորես, որ գիշերները հանգիստ քնես»:

«Լուսավոր Հայաստանի» անդամների մի մասը Արագածոտնի մարզում էր,

Մյուսներն էլ՝ Երևանում՝ նախընտրական ցուցակում ընդգրկված Մանե Թանդիլյանի ու Գևորգ Գորգիսյանի մասնակցությամբ.

« Ես Մանե Թանդիլյանն եմ, ողջունում եմ ձեզ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունից: Առողջ եղեք»:

Բարի լույս սիրելի հարևաններ ջան, ես Գևորգ Գորգիսյանն եմ, կրկին ձեզ հետ եմ, և մենք կրկին մասնակցում ենք ընտրություններին: Մասնակցում ենք աշխատելու նույն ոճով, մասնակցում ենք շարունակելու լինել ձեր իրավունքների, ձեր շահերի պաշտպանը ոչ միայն խորհրդարանում, այլ բոլոր հարթակներում, որոնք մեզ հասանելի են:  

 «Սասնա ծռերը» Կոտայքի մարզում անմիջական զրույց էի ունենում Նոր Գեղիի բնակիչների հետ: Գարեգին Չուքասզյանը հիշեց՝ այստեղից խնձոր ու  սև սալոր հաճախ է գնել: Հիշողություններից հետո անցավ արդեն քաղաքական զրույցներին:

«Սասնա ծռեր» կուսակցությունը մեկամսյա կուսակցություն է, սակայն դիմադրության  տասնամյակների փորձ ունի՝ ասաց: Նա  բնակիչներին կոչ արեց արտահերթ ընտրություններին մասնակից ուժերի նախընտրական դրույթները մանրամասն ուսումնասիրել:

« Այս ընտրությունները հատկապես կարևոր են: Դրա համար ձեր ձայնը տալուց առաջ խնդրում եմ ծանոթացեք կուսակցություններին, կարծիքներին, ծրագրերին, հարցեր տվեք: Համեմատեք, համեմատեք ոչ միայն ծրագրերը, այլ նաև նաև մարդկանց խոսքի ու գործի տարբերությունը»:

 «Մենք» դաշինքն այսօր Արմավիրի մարզում էր: Մինչ քարոզարշավը սկսելը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը ամփոփեց  անցած հինգ օրերը, խոսեց տնտեսական առաջնահերթությունների մասին: Խոստացավ՝ եթե տասը պատգամավոր էլ ունենան, ամեն ինչ կանեն, որ գազի սակագինը 30 տոկոսով նվազի.

«Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ «Մենք» դաշինքը այն եզակի քաղաքական ուժերից է, ով ներկայացրել է շատ ընդգրկուն, փաստարկված ծրագիր: Ցանկացած թվի տակ կա փաստարկված հաշվարկ, ծրագրային մոտեցումներ բոլոր ոլորտներին»:

Ազգային առաջընթացը եղել է արդեն Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում:  Այսօր  Արարատի մարզում էին, իսկ մի խումբ էլ,  կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանի մասնակցությամբ, շրջում էր Կենտրոն համայնքով, ընտրողներին ծանոթացնում իրենց նախընտրական դրույթներին ու ոչ միայն.



 

«Մենք երիտասարդական կուսակցություն ենք: Եթե երիտասարդներ եք, տվեք բուկլետները»,- ասում էին երևանցիները:

 

ՕԵԿ-ն Արագածոտնի մարզում էր՝ Թալինում։ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նախընտրական ծրագրի դրույթները ներկայացրեց: Հիշեց՝ իրենց շնորհիվ ԽՍՀՄ բանկերում գտնվող գումարները վերադարձան թոշակառուներին, իրենց առաջարկով առաջին, երկրորդ, երրորդ երեխաների ծննդյան դեպքում  միանվագ նպաստների համակարգը ներդրվեն: Այսօր էլ ներկայացվող ծրագիրը մրցունակ է՝ ասում է.

«Մարդիկ ուզում են լավ ապրել, մարդիկ ուզում են աշխատանք, իրենց աշխատանքով իրենց ընտանիքը պահելու հնարավորություն: Մենք համոզված ենք, որ երկիրը կարող են կրթված մարդիկ զարգացնել: Մարդիկ քվեարկելուց պետք է նայեն՝ ձայնը ում են տալիս, անփորձ, անգրագետ մարդուն, թե՞ ձայն են տալու գրագետ, կրթված, երկրի խնդիրներին քաջատեղյակ քաղաքական ուժերին»:

ՀՅԴ Ռեյտինային թեկնածուները  մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և մարզերում նախընտրական  հանդիպումների ընթացքում ներկայացնում են նախընտրական դրույթները:

ՀՅԴ Գերագույն մարմնի և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի փորձագիտական խմբի անդամ, Արարատի մարզի ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Արմեն Գրիգորյանը փոխանցելով դիրքորոշումը ասում է.

«Մեր հիմնադրույթներում մենք  նոր հեծանիվ չենք հորինել: Սոցիալ-դեմոկրատիայի հիմնական գաղափարները ուղղակի տեղայնացրել ենք Հայաստանի, շրջափակման մեջ գտնվող Հայաստանի, դեպի ծով ելք չունեցող Հայաստանի: Ունենք բազմաչափ աղքատներ, հնարավորություն չունեն մատչելի, արժանապատիվ կրթական ու առողջապահական հնարավորություն ստանան»:

Քրիստոնեաժողովրդական վերածնունդն էլ  Կոտայքում էր նախընտրական դրույթները ներկայացնում: