ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սիրիահայ գործարարն արձագանքել է «մեղադրանքներին». տնկիների ծրագիը տապալված չէ
2018-12-03 11:41:36

Սիրիայից 40 միլիոն դրամ արժողությամբ պետական պատվերով թթենու տնկիների ներկրման ծրագիրը տապալված չէ:

«Վերջերս համացանցում տեսել եմ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մասին մի հոդված, որտեղ գրված էր, որ Սիրիայից 40 միլիոն դրամ արժողությամբ պետական պատվերով թթենու տնկիների ներկրման ծրագիրն իբր թե տապալված է, և դա կապված է Արայիկ Հարությունյանի անվան հետ: Այս ծրագիրը տապալված չէ, և կառավարությունը հետևողական էր այդ հարցում: Խնդրում ենք էժանագին շահարկումներ չանել ծրագրի մասին և հատկապես չկապել այն Արայիկ Հարությունյանի անվան հետ», -«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սիրիայից մշտական բնակության նպատակով Արցախ տեղափոխված Հովիկ Ասմարյանը:

Նա իր պարտքն է համարել պարզաբանումներ տալ այս թեմայի շուրջ: 2015 թվականին առաջարկ է ստացել իր հարազատ եղբոր՝ Վրեժ Ասմարյանի հետ տնկիներ բերել Արցախ:

«Ըստ պայմանագրի՝ տնկիները պետք է բերեինք 2016 թվականի սկզբին: Դուք բոլորդ հիշում եք, թե ինչ ծանր իրավիճակ էր Սիրիայում, բայց մենք մեր խոստման տերը եղանք, և ինքս մեծ դժվարություններով հասա Սիրիա: Մի քանի տնկարաններում պատվիրած տնկիները բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով 2016 թվականի փետրվարին հասցրեցինք Արցախ:

Ինչպես բոլոր բիզնես ծրագրերում, մեր այդ գործում ևս եղան թերություններ, և տնկիների մի մասը չհապատասխանեց պայմանագրով նշված պայմաններին: Բայց մենք գումարը չվատնեցինք և արդեն պատրաստում ենք 5000 տնկի՝ Արցախի կառավարությանն անվճար տրամադրելու նպատակով: Այս ծրագիրը տապալված չէ, և կառավարությունը հետևողական էր այդ հարցում»,- ասել է Հ. Ասմարյանը:

Նա նշել է նաև, որ մինչ այս պատվերը իրենք արդեն 600 հազար դոլարի ներդրում էին կատարել Արցախում, ունեն գյուղտեխնիկա, բերել են տարբեր նոր տեսակի տնկիներ, որոնց մի մասը փորձարկած են, և կորուստ չեն տվել:

«Ծրագրի մեծ մասը հաջողված է, և ովքեր ցանկանան, հրավիրում ենք Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում գտնվող մեր այգին ու ջերմոցները սեփական աչքերով տեսնելու: Մենք որևէ գումար չենք տանում Արցախից, այլ միայն ներդրում ենք կատարում և շարունակում մեր ծրագիրը նաև այսօր»,- ասել է Հ. Ասմարյանը և տեղեկացրել, որ ինքը ներկայումս գործնական հարցերով ժամանակավորապես գտնվում է Սիրիայում, իսկ եղբայրը ընտանիքի հետ Արցախում շարունակում է իրենց աշխատանքը: