ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գոնե Սպիտակում պետք է այդ խնդիրները չլինեին...
2018-12-03 17:35:45

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

Մի քանի օրից կլրանա Սպիտակի երկրաշարժի 30 տարին: Խնդիրները, սակայն,  երկրաշարժից տուժած բնակավայրերում դեռ լուծում չեն ստացել: Հայաստանի գրեթե ոչ մի քաղաք հարմարեցված չէ հատուկ կարիք ունեցողների համար: Աշխարհում այսօր նշվում է  հաշմանդամների միջազգային օրը:

0:00
0:00

Արդեն  30 տարի է «Ռադիոլուրի» զրուցակցի կյանքը բաժանվում է մինչև երկրաշարժ ու  երկրաշարժից  հետո: Մարինեին հանդիպեցի Սպիտակում՝ տեղի ԱԻՆ-ում է աշխատում: Այսօրվա պես հիշում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ը:  Մարինե Ասատրյանը  1988 թվականի դեկտեմբերի 7-ին դպրոցում էր՝ հանրահաշվի դասին.

«Ես չէի կարծում, որ դա երկրաշարժ է, կարծում էի, որ դա պայթյուն է, որը իրականացվել է թուրքերի կողմից: Իսկ երբ արթնացա հարվածից, արդեն բավականին ժամանակ էր անցել ու շուրջս փլատակներ էին, դասընկերներիս ձայները, որ օգնություն էին կանչում»,-ասում է Մարինեն:

Եվ  հենց այդ պահին է Մարինեն հասկանում. «Ինքս, բնականաբար, անզոր էի որևիցե օգնություն ցույց տալ, չնայած միշտ կարեկից եմ եղել իմ դասընկերներին»:

Երկար թվարկում է այն խնդիրները, որոնց բախվում է ամեն օր՝ տնից դուրս գալիս: Թվում էր՝ գոնե հետերկրաշարժյան Սպիտակը պետք է հարմարեցված լինի հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդանց համար, սակայն իրականում այդպես չէ.

«Լինելով աղետի գոտի, ունենալով այդքան հաշմանդամներ, քաղաքը հարմարեցված չէ: 2006թվականից այս կողմ կառուցված որևէ կառույց չկա, որ հարմարություն ունենա, մուտքի մատչելիություն չկա, տեսողական ու  լսողական խնդիրներ  ունեցողների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է»,- ասում է Մարինեն:

Սպիտակը Հայաստանի միակ քաղաքը չէ, որը որևէ  ձևով հարմարեցված չէ հատուկ կարիքներ ունեցողներին: «Լիարժեք կյանք» Հ/Կ տնօրեն  Սուրեն Մաղաքյանը Ստեփանավանն է մատնանշում, որը նույնպես տուժել էր 1988-ի երկրաշարժից: 

«Ստեփանավանում զրո հարմարեցում, այսետղ ունենք մեծագույն խնդիր, քանի որ վերահսկողություն չկա»:

Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժ/պ  Տիգրան Մանուկյանը դժվարանում է թվարկել, թե Հայաստանում քանի համայնք կա, որոնք հարմարեցված են հատուկ կարիք ունեցողներին, դժվար է ասել նաև, թե գերատեսչական քանի շենք է  մատչելի  նրանց  համար ՝ կառավարության շենքը, Բաղրամյան 26- ը, նախագահի նստավայրը.


«Վերջին տարիներին կառուցված կամ վերակառուցված համայնքային վարչական շենքերի մոտեցումները համապատասխանում են՝ Գյումրին, Երևանի քաղաքապետարանը: Մնացած համայնքներում դա խնդիր է, այն ամբողջությամբ լուծված չէ»:

Սուրեն Մաղաքյանը սեփական փորձն աչքի առաջ ունենալով փաստում է՝

«Նույն վերջին տարիներին մարզպետարաններում հսկայական ներդրումներ են արվել: Չկա մարզպետարան, որտեղ 70 մլն դրամից պակաս  գումար ծախսած չլինեն ներքին հարդարման համար: Մինչդեռ 5-10 մլն դրամի չափով, եթե ծախս անեին, վերելակներ կտեղադրեին»:

Մեր երկրում 2018թ դեկտեմբերի 1-ի դրությամբ  180 հազարից ավելի (182 193 հազար) հաշմանդամ կա: Նրանցից 89 674-ը կանայք են, 8141-ը՝ երեխա: Գրեթե ամենուր հավասար հնարավորություններից խոսող մեր երկրում շուրջ մեկ տարի է, ինչ կասեցվել է  օրենսդրական այն նորմը, որով 100 և ավելի աշխատող ունեցող գործատուն պարտավորվում էր աշխատանքի ընդունել նաև հատուկ կարիք ունեցողներին:

«Ներկա պահին  քննարկման,  լրամշակման փուլում է, քանի որ համապատասխան ստորաբաժանման հետ կապված խնդիրներ կային»,- ասում է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը եւ վստահեցնում . «առաջիկայում ոչ միայն այս, այլ նաև մյուս հարցերը կգտնեն իրենց պատասխանները»: