ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախընտրական երկրորդ շաբաթը` նոր երանգներով
2018-12-03 18:45:23

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Նախընտրական երկրորդ շաբաթը իր հետ բերեց նոր երանգներ եւ նոր առաջարկներ: Կուսակցությունների մի մասը որոշել է հրապարակել նոր դրույթներ, մյուսները որոշել են փոխել ռազմավարությունը:

Մարզերը շարունակում են ընդունել քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Որպես կանոն՝ ընտրողները  բարյացակամ են բոլորի հանդեպ՝ դիմավորում են աղ ու հացով, դհոլ-զուռնայով:

Այս նախընտրական շրջանն առանձնանում է նրանով, որ ընտրողները երբեմն ներկայացնում են նաեւ իրենց պահանջները:

 

0:00
0:00

 

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մանդարինները չեն փոխարինվել կեքսերով: Նվերով ընտրողին մոտենալու հնարքը արդեն օգտագործում է երկու քաղաքական ուժ:

Եթե փողոցում ձեզ առաջարկում են մանդարին, ապա անկասկած՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունից են:  «Մենք» դաշինքի անդամները քաղաքացուն մոտենում են կեքսերով՝ ընտրողին խորհրդանշական բաժին են հատկացնում իրենց կեքսից:

Ոչ Արտակ Զեյնալյանը, ոչ Խաչատուր Քոքոբելյանը սա չեն դիտարկում իբրեւ ընտրակաշառք:

«Ոչ նյութական բարիք է, ոչ նյութական արժեք՝ կոմունիկացիա ստեղծելու համար առավելապես»,- ասում է Զեյնալյանը:

«Մենք մեր կարկանդակները եւ մեր եղածը կիսում ենք մեր ժողովրդի հետ: Զուտ սիմվոլիկ է»,- նշում է Քոքոբելյանը:

 

Որքան կեքս բաժանվեց այսօր Երեւանի փողոցներում դեռ դժվար է հաշվարկել, բայց ահա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն արդեն բաժանել է 1.5 տոննա մանդարին: Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից ծախսել են շուրջ 300 հազար դրամ: Մանդարինը, իհարկե, իր դերը խաղաց եւ ուշադրություն գրավեց:

Այժմ արդեն «Քաղաքացու որոշում»  կուսակցությունը հայտարարում է ստորագրահավաք սկսելու մասին: Առաջարկում են միանալ մրցակից ուժերին՝ դրանով խորհրդարան մուտք գործողներին պարտավորեցնելով ընտրություններից հետո նախաձեռնել նոր Սահմանադրություն մշակելու գործընթաց:

«Գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների ընթացքում, ձեւավորվել է նախորդ քաղաքական համակարգը վերարտադրելու եւ պետական իշխանությունը Սահմանադրության մակարդակով ուզուրպացնելու համար: Դա ապագայում տեղի է տալու բազմաթիվ հակասությունների ու ստեղծելու է ճգնաժամային իրավիճակներ»,- ասում է կուսակցությունից պատգամավորության թեկնածու Միքայել Նահապետյանը:

Գաղափարին արդեն միացել է «Սասնա ծռեր»  կուսակցությունը: Ուժի ընտրացուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն այս պահի դրությամբ համոզված է՝ գործնականում խորհրդարանում ծրագրերն իրականացնելու հնարավորություն կունենան:

«Լուրջ հենարան ենք տեսնում ժողովրդի մեջ ու ամեն ինչ, կարծես թե, տանում է այն հանգուցալուծմանը, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը կլինի երկրորդ բեւեռը առաջիկա ընտրվելիք Աժ-ում»:

Հայաստանի ապագայի համար այլ առաջնահերթություններ են նախանշել ԲՀԿ-ն եւ Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ կուսակցությունը: Այս երկու ուժը շեշտը դնում են տնտեսության վրա, բայց մոտեցումներն են տարբերվում:

Դա է պատճառը, որ ընդհանուր հայտարարի չեն գալիս ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Հռիփսիմե Առաքելյանն ու Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության ընտրացուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանը:

ԲՀԿ ծրագրով տնտեսական հեղափոխությունը հնարավոր է անել ներդրումների հաշվին, բնականաբար, այս դեպքում հաշվի են առնվում նաեւ «դրսից» եկող ներդրումները, իսկ Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության ծրագրով շեշտը դրվում է սեփական ուժերի վրա:

«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամներից այսօր բարձրաձայնեցին դժգոհությունը քարոզարշավից: Այս կուսակցությունից առաջադրված թեկնածու Հայկ Փայտյանը քարոզարշավի ընթացքում  վարչական  ռեսուրսների  կիրառման խնդրի մասին է խոսում:

Պատգամավորության թեկնածուն վերջին օրերին նկատել է  պետհամարանիշերով մեքենաներ: Սրանից բացի այլ խնդիրներ եւս.  

«Ես ունեմ բազմաթիվ ընկերներ եւ բազմաթիվ արձագանքներ, որ դպրոցներից կանչում են հանրահավաքների, ասելով, որ գալիս են պաշտոնյաները: Ոչ մեկը չի ասում, որ գալիս է այս դաշինքի այս ներկայացուցիչը: Մեր նախաձեռնությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քարոզարշավից առաջ յուրաքանչյուր պաշտոնյա ոչ թե պետք է գնա արձակուրդ, այլ՝ պետք է հրաժարական տա»:

Խնդիրներից այսօր խոսել են նաեւ Արարատում: Բնակիչները պահանջում են քաղաքապետի հրաժարականը: Անգամ ստորագրահավաք են իրականացրել եւ այսօր փաստաթղթերը հանձնել «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանին:

«Մենք կնայենք: Եթե կա 50+1 տոկոսի ընտրողների ստորագրություններ դա մի իրավիճակ է, եթե չկա՝ դա մի իրավիճակ է»:

Քարոզարշավի 7 օրում 50-ից ավելի համայնքներ: «Լուսավոր Հայաստան»-ն այսօր սահմանամերձ Տավուշում էր.

«Մեզ համար առաջնահերթություն է սահմանամերձ շրջանը եւ դուք, որպես սահմանապահ համայնքի բնակիչներ: Ամեն ինչ անելու ենք, որ ոչ թե մարդիկ մտածեն, թե ոնց այստեղ յոլա գնան, այլ՝ գնացածներն էլ վերադառնան համայնք»:

Ընտրողների մեջ դուրս է եկել նաեւ Հանրապետականից առաջադրված թեկնածու Էդուարդ Շարմազանովը: Իր հայրենի Ալավերդիում էր:  

«Ես այստեղից տեղ չունեմ գնալու: Ոնց եկել եմ, տենց էլ շարունակելու եմ ապրել ձեր մեջ: Ոչ թանկարժեք մեքենաներով ֆռֆռացել ենք, ոչ էլ թանկարժեք վիլլաներ ունենք: Մի հատ կիսակառույց ունենք՝ 9 տարի ա սարքում են, վարկերն էլ կարող եմ իրենց ցույց տալ: Պետությանը չեն ծառայությունում միայն իշխանություն լինելով: Պետությանը կարելի է ծառայել եւ պետք է ծառայել որպես ընդդիմություն»:  

Օրինացերկրականներին՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր աղ ու հացով դիմավորեցին Վարդենիսում: Սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական խնդիրներից բացի Բաղդասարյանն այնտեղ խոսեց բանակային վերափոխման իրենց առաջարկների մասին։

ՕԵԿ-ն առաջարկում է զինծառայությունը դարձնել մեկ տարի, եւ անցում կատարել պայմանագրային զինծառայության։

Իսկ այս պահին արդեն սկսվել է Դաշնակցության հանդիպումն ընտրողների հետ: Այս կուսակցության պատգամավորության թեկնածուները Արմավիրում են: