ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀԱՊԿ gլխավոր քարտուղարի նշանակման հետաձգումը ձախողո՞ւմ
2018-12-03 19:04:25

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ինչով է պայմանավորված ՀԱՊԿ գլխովր քարտուղարի նշանակման հարցի քննարկման հետաձգումը: Ինչու համաձայնության չեն գալիս կազմակերպության անդամ երկրները: Քաղաքագետ Թևան Պողոսյանը հարցի քննարկման հետաձգումը ձախողում չի համարում ի տարբերություն այլ քաղաքագետների:

Նա հորդորում է դասեր քաղել կատարվածից ու առաջ ընթանալ ավելի ամուր դիրքերից, հաշվի առնելով, որ 2020-ին էլ ռոտացիոն կարգով հերթը կհասնի Բելառուսի թեկնածուին:

0:00
0:00


Մինչև 2019 թվականը ՀԱՊԿ- անդամ երկրների առաջնորդները կազմակերպության նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի՝ РБК -ին տեղեկացրել է  Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 6-ին պետք է մեկնիՍանկտ Պետերբուրգ՝  մասնակցելու Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։ Նույն այդ ժամանակ նախատեսված էր նաեւ ՀԱՊԿ գագաթաժողովը, սակայն, ըստ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումը:

Նա քարոզարշավի շրջանակներում լրագրողների հարցերին ի պատասխան պարզաբանել է հետաձգման պատճառը.
 

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, եւ ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»:

 

2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին, որին սահմանադրական կարգը Հայաստանում տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, այս տարվա նոյեմբերին Հայաստանը հետ կանչեց այդ պաշտոնից:

Նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չորոշվեց նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում։ Ակնկալվում էր, որ հարցը լուծում կստանար մի քանի օրից՝ Սանկտ Պետերբուրգում։

Ինչու այս հարցում փոխզիջում չի գրանցվում: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով, թերևս, հենց Նիկոլ Փաշինյանն է խնդրել Պուտինին, որ հարցի՝ ընտրություններից առաջ նախատեսված քննարկումը հետաձգվի:

«Սա արտաքին քաղաքականության ձախողումներից է, և ներկա  իշխանությունները փորձում են իրավիճակը շտկել: Ընտրություններից առաջ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը կլիներ մեծ հարված Նիկոլ Փաշինյանին»:


Քաղաքագետ Թևան Պողոսյանը, մինչդեռ, միանգամայն այլ հիմնավորում է ներկայացնում նման դեպքերի համար:

«Ագրեսիայի դեպքում չեն նստելու քննարկեն, քանի որ գրված է թղթի վրա, որ հարձակումը մի երկրի վրա կդիտվի հարձակում բոլորի դեմ»:


Իսկ ՀԱՊԿ ԳՔ-ի հարցն այսօր բանակցային փուլում է  և մեկ ամսից, այսինքն 2019 թվականի հունվարին միգուցե լրիվ այլ իրավիճակ լինի, ասաց Թևան Պողոսյանը։

Նա հորդորում է կատարվածից դասեր քաղել ու առաջ գնալ: Պետք է հաշվի առնել, որ 2020 թվականին էլ, երբ  ռոտացիոն կարգով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարման հերթը հասնի Բելառուսին, ՀՀ ինչ դիրքորոշում կունենա: