ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արմավիրում կան հողի հարկ ու գույքահարկ չվճարող խոշոր հողատերեր
2018-12-04 12:35:59

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արմավիրի մարզում համայնքային բյուջեները չեն համալրվում գյուղատնտեսական անբարենպաստ տարվա պատճառով: Բացի այդ կան կուտակված պարտքեր խոշոր հողատերերի կողմից: Նրանց պարտքը 266,5 մլն դրամ է:

0:00
0:00

Համայնքային բյուջեների համալրումը սեփական եկամուտներով ավելի հեշտ է ստացվում, եթե գյուղատնտեսական տարին բարեբեր է, բերքն առատ ու իրացման խնդիրներ չկան: Բայց այս տարվա անբարենպաստ եղանակների պատճառով մի շարք համայնքներում գյուղացիները չօգտվեցին բերքից, արդյունքում դժվարանում են վճարել հարկային պարտավորությունները: Մարզում կան համայնքներ, որոնց սեփական եկամուտների հավաքագրումը 50 տոկոսից ցածր է: Ջրաշեն համայնքում սեփական եկամուտները 22 տոկոսով են կատարվել, որից՝ հողի հարկինը 18 տոկոս, գույքահարկինը՝ 24 տոկոս: Ջրաշենի նորընտիր համայնքի ղեկավար Լևոն Վարդանյանը դժվարացավ թվարկել պատճառները, քանի դեռ չի ստանձնել համայնքի ղեկավարի պարտավորությունները.

«Կուտակված պարտքեր են»:

Սեփական եկամուտների ցածր ցուցանիշեր ունեն Դաշտ, Ծաղկալանջ, Շահումյան, Գետաշեն, Վարդանաշեն, Նալբանդյան, Արգինա ևս մի քանի համայնքեր: Բյուջեի անկատարությունը 13 համայնքում առաջացրել է աշխատավարձի պարտքեր, այդ թվում նաև Ջրաշենում՝ 1 մլն 608 հազար դրամ: Համայնքների մի մասում բյուջեի մուտքերն ավելանում են աշնանը՝ պայմանավորված աշնանային մշակաբույսերի բերքահավաքով: Նորավան համայքի ղեկավար Արթուր Միքայելյանը նշեց, որ իրենց հիմնական եկամուտը կաղամբից է ստացվում հոկտեմբեր, նոյեմբվեր ամիսներին: Նորավանի գյուղնշանակության 280 հա հողերից 200 հա-ը վարելահողեր են, 80 հա-ը՝ պտղի ու խաղողի այգիներ: Համայնքի ղեկավարը նշեց, որ այգիների մեծ մասը նորատունկ է, որից հարկ չի գանձվում: Պտղի համար սահմանված է 5 տարի, խաղողի համար՝ 3:

Մարզի 97 համայնքից սեփական եկամուտների 100 տոկոս և ավելի բարձր ցուցանիշ է գրանցել 21 համայնք:

Գայ համայնքում սեփական եկամուտները համալրվել են 222 տոկոսով, որը պայմանավորված է հողի կատեգորիայի փոփոխմամբ : Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանն ասաց, որ համայնքի տարածքում գյուղատնտեսական նշանակության հողերի վրա գործել է գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկա, որը հայտնի է «Մեյմանդարի» շուկա անունով: Այդ հողատարածքի հողի կատեգորիան կադաստրով փոխվել է և խոշոր գումարներ են մուտքագրվել համայնքային բյուջե: Հողի հարկի գծով 100 տոկոսից բարձր մուտքեր ունի 13 համայնք, գույքահարկի գծով՝ 24:

Արմավիրի մարզում կան խոշոր հարկատուներ, որոնք չեն վճարել հողի հարկն ու գույքահարկը և նրանց պարտքերը գերազանցում են 500 հազար դրամը: Արմավիր քաղաքում 21 հարկատուի պարտքը 42մլն, 624 հազար դրամ է, որից գույքահարկը՝ 33 մլն 334 հազար դրամ է կազմում, Էջմիածնում 34 հարկատուի մասով պարտքը 113մլն900 հազար դրամ է, որից՝ 55 մլն 360 հազար դրամը հողի հարկ, 57 մլն 649 հազար դրամը՝ գույքահարկ: Խոշոր հարկատուներ կան Արգինա, Արևադաշը, Բագարան Բաղրամյան, Լեռնագոգ, Մյասնիկյան, Լեռնագոգ համայնքներում: Այս գյուղերում տարիներ առաջ ոռոգման ջրի պատճառով հողերը չեն մշակվել, և քարքարուտներ էին: Դրանք օտարվել են խոշոր հողատերերի կողմից: Միայն Երվանդաշատ սահմանամերձ գյուղում 1 պարտապան ունի 10 մլն 943 հազար դրամ հողի հարկ: Լեռնագոգում 2-ն են, պարտքը գրեթե 3.5 մլն դրամ:

«Մեր ամենախոշոր պատք ունեցողը «Գլենդել Հիլզն» է: 700 հա հող ունի, ոչ մի բան չի արել և 3 տարի չի վճարում պարտքերը: Մենք դատի ենք տվել, սնանկ է ճանաչվել» - ասաց Լեռնագոգ համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանը:

Լեռնագոգ համայնքի ղեկավարն տեղեկացրեց նաև, որ դատական գործընթացը հիմա վերսկսվել է և իրենք 2 պահանջ են ներկայացրել՝ հողի հարկի վճարում կամ հողի իրավունքից զրկում: Լեռնագոգցիները մեծամասամբ աշխատում են խոշոր հողատերերի մոտ և իրենց աշխատավարձը ակնկալվում է լրիվ ստանալ սեզոնի ավարտին, որոնց պարտքը բյուջեի ընդհանուր պարտքի մեջ 7-8 տոկոս է կազմում:

Արմավիրի մարզում խոշոր հարկատուների պարտքերը 266 մլն 549 հազար դրամ է կազմում: