ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ակցիզային հարկի բարձրացումը՝ հարվա՞ծ
2018-12-04 18:08:02

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Եկամտային հարկի միասնական դրույքաչափ, հարկային կանխատեսելի դաշտ, ակցիզային հարկի բարձրացում. այս կառավարությունը եւս շարունակում է նախորդի որդեգրած հարկային քաղաքականությունը՝ նվազեցնել ուղղակի հարկերը՝ փոխարենն ավելացնելով անուղղակի հարկերը:

0:00
0:00

2019 թվականի հուլիսի 1-ից կբարձրանա օղիի, գարեջրի, ծխախոտի ակցիզային հարկերը։ Սա ոչ ամբողջական ցանկն է։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը վստահեցնում է՝ բարձրացնում են միայն անուղղակի հարկերը:

«Ուղղակի հարկերի գծով բեռը պետք է նվազեցվի, անուղղակի հարկերն  ու գույքահարկը պետք է բարձրացվի: Ամբողջ աշխարհն է գնում այս ճանապարհով, և այս առումով մենք նույնպես բացառություն չենք»,- ասում է Արման Պողոսյանը: 

 «Կասեցում» շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ բարձր շաքարայնություն պարունակող ըմպելիքի վրա ակցիզային հարկի կիրառումը հարվածելու է փոքր բիզնեսին:

«Դրանով մենք կխփենք տեղական արտադրողին: Մեծ ֆիրմաներին  (օրինակ PEPSI, COLA) դրանով ոչ մի վնաս չի հասցվի, քանի որ իրենց շուկայում իրենք մոնոպոլ դիրք են գրավում: Բայց մեր տեղական արտադրողներին ակցիզային հարկի բարձրացումով կխփենք»:


Գրիգորյանն ընդհանրապես ակցիզային հարկի բարձրացումը ընդունելի չի համարում. 
«Կառավարությունը լուծում է բյուջեի հավաքագրման խնդիրը՝ մի տեղ իջեցնելով, մի տեղ բարձրացնելով՝ փորձում է լրացնել: Ակցիզի բարձրացումը կոնկրետ հյութերի մասով, կհարվածի մեր տեղական արտադրողներին: Իմ անձնական կարծիքով՝ Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակում հարկի բարձրացումը  ընդունելի չէ»:

Սամսոն Գրիգորյանն ընդգծում է՝  վերջին երեք տարիներին Հայաստանի պետական  բյուջեն ավելացել է 300 մլրդ դրամով, սակայն վերջին երեք տարիներին պակասուրդը  շարունակում է մնալ 150 մլրդ դրամ:

«Ամեն տարի մեզ մոտ ինչ որ հարկերի բարձրացում է տեղի ունենում: Ու մենք նորից ու նորից ունենք նույն բյուջեի դեֆիցիտը: Ու՞ ր ենք այսպես գնալու, մինչև ե՞րբ ենք բարձրացնելու: Թանկացումները, իհարկե, վերջնականապես ազդելու են վերջնական սպառողի վրա, ում աշխատավարձն ու թոշակը վերջին տասը տարում չի բարձրացել»: 

Ֆինասների նախարարությունում հակառակն են պնդում: Փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ այս փոփոխություններից լրացուցիչ հարկային եկամուտներ կառավարությունը չի ակնկալում. «Միևնույն ժամանակ չի ցանկանում, որ ունենանք հարկային եկամուտների կորուստ, ցանկանում է ունենալ հարկաբյուջետային կայուն իրավիճակ»,- նշում է փոխնախարարը:

ՀՕ փոփոխությունների մի մասն ուժի մեջ կմտնի 2019-ի հունվարի 1-ից,  մյուսները՝ հուլիսից: Վերջնական տեսքով փոփոխությունները կգործեն 2020թ. հունվարից: