ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԱՀԿ դիտորդները՝ նախընտրական քարոզարշվի մասին
2018-12-04 18:31:56

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

18 էջանոց միջանկյալ հաշվետվություն է այսօր ներկայացրել «Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը»՝ ամփոփելով նախընտրական քարոզարշվի ընթացքը:

Ինչպես եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, եվրոպական դիտորդական այս ցանցի ներկայացուցիչները նույնպես արձանագրել են, որ նախընտրական այս փուլում արձանագրվել են ատելության խոսքի դեպքեր, բայց դրանք, ինչպես փաստել է խմբի ղեկավար Զլատկո Վույովիչը, չեն ազդել քարոզարշավի ընդհանուր պատկերի վրա. այն անցնում է խաղաղ ու հանգիստ:

0:00
0:00

Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի 60 անդամներ երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտարկում են անցկացնում Երեւանում եւ մարզերում՝ նախընտրական, ընտրական եւ հետընտրական շրջանում:

Առաքելության անդամները մարզային եւ քաղաքային դիտարկումների այս ընթացքում արձանագրել են, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին քարոզարշավն ընթանում է խաղաղ մթնոլորտում, քաղաքական ուժերի կողմից կիրառվող ատելության խոսքի դրսեւորումները բավականին ցածր են՝ համեմատած ավելի բարձր ժողովրդավարություն ունեցող երկրների հետ:

«Ատելության խոսքի դեպքեր գրանցել ենք, անգամ, երբ վարչապետն է իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել, որ չինովնիկների ազատելու է պաշտոններից, գործից, որը հնչել է որպես սպառնալիք: Բայց ամեն դեպքում, եթե հաշվի առնենք ընդհանուր մակարդակը, ապա ձեր մոտ ատելության մակարդակը ցածր է, քան՝ այլ երկրներում է»:

Եվրոպական ցանցի դիտորդական խումբը դեռ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտարկման հայտ էր  ներկայացրել, բայց ԿՀԸ-ն մերժել էր այն։

Այսօր արդեն մասնակցելով եւ դիտարկելով հենց ընտրությունների կազմակերպման  գլխավոր պատասխանատու կազմակերպության աշխատանքը, հաշվետու այս ժամանակահատվածի համար Զլատկո Վույովիչը գնահատեց՝ պրոֆեսիոնալ եւ արդյունավետ՝ արձանագրելով աննշան թերություններ:

Ըստ առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչի՝ քաղաքական կամքը էական ազդեցություն ունի ընտրական գործընթացի վրա, քանի որ կազմը եւ ղեկավարը չի փոխվել, բայց փոխվել է թափանցիկ աշխատելաոճը:

«Այդ կազմակերպությունն ունի բոլոր ինստիտուցիոնալ կարողությունները, աշխատում են փորձառու մարդիկ, որոնք ունեն փորձառություն, բայց նախկին խնդիրներն առաջացել են  քաղաքական ազդեցությունների հետեւանքով: Հիմա տեսնում ենք այլ քաղաքական կամք, որը աջակցելու է արդար ընտրություններին»:  

Եվրոպացի դիտորդներին անհանգստացնում է մի հարց՝ արդյոք երկրում տեղի ունեցած  փոփոխությունը կայո՞ւն կլինի եւ կպահպանվի՞, թե՞, ըստ առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչի, քաղաքական կամքի բացակայության դեպքում ընտրությունների կազմակերպումը կանցկացվի խախտումներով:

Ըստ Վույովիչի, հարկավոր են ձեւավորել այնպիսի ինստիտուտներ, որոնք, անկախ իշխանությունների քաղաքական կամքից, իրավիճակային կախվածություն չդրսեւորեն եւ պաշտպանեն ընտրական գործընթացների թափանցիկությունը:  

«Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի» կազմակերպչական հարցերով պատասխանատու Մայա Միլկիչը հավելեց, որ նվազել է վարչական ռեսուրսի կիրառումը, բայց կան ընտրողների ռեգիստրում որոշակի անճշտություններ, որոնք չեն ազդի ընտրությունների արդյունքների վրա:

  • 150 տեղամասերում, 60 եվրոպացի դիտորդ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի, որը կազմում է ընտրական տեղամասերի 20 տոկոսը:

Արտահերթ այս ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականցնում 22 տեղական դիտորդական կազմակերպության շուրջ 15 հազար դիտորդ, եւ 8 միջազգային կազմակերպություն, որոնց թվում են՝ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, ԱՊՀ-ի,  ինչպես նաեւ ԱՊՀ, ԵԱՀԿ եւ ԵԽ միջխորհրդարանական վեհաժողովները, Եվրոպական խորհրդարանը, Ազատության եւ ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն կազմակերպությունը: