ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախընտրական ծրագրերը՝ հակառակորդ ուժերի հաշվին
2018-12-04 18:57:33

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն այս անգամ էլ աչքի ընկավ նրանով, որ նախընտրական ծրագրերը ներկայացվում են ավելի քիչ եւ փորձ է արվում այն իրականացնել հակառակորդների հաշվին: Այսօր նույնպես բացառություն չէր:

0:00
0:00

Ոչ ոստիկանությունը, ոչ էլ դատախազությունը այսօր ընթացք չեն տվել Հանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանի՝ հանցագործության մասին հաղորդմանը:

Թեկնածուն ֆեյսբուքյան գրառմամբ էր ահազանգել եւ հենց ոստիկանությանը մեղադրել, որ սպառնում են Հանրապետականի կողմնակիցներին: Անուններ, բնականաբար, չեն հրապարակվել: Ամեն դեպքում՝ դիմում-հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստվեցին, բայց քրեական գործի հարուցումը մերժվեց հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունն իր հերթին ստուգեց մերժման օրինականությունը:

Հանրապետականի ցուցակում Արփինե Հովհաննիսյանին հաջորդող Դավիթ Շահնազարյանը նույնպես այսօր մեղադրանքներ էր ուղղում: Այս դեպքում թիրախը «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էր եւ նրա վարած քաղաքականությունը՝ սկսած արցախյան հիմնախնդրից.  

«Ասում է, թե Արցախի հարցը պետք է որոշի հայ ժողովուրդը, մի ժամանակ էլ ասում էր, որ հրապարակում պետք է որոշվի: Սա ամբոխավարության հերթական դրսեւորում է: Կուսակցությունները ոչ թե պետք է անեն այն, ինչ ժողովուրդն ուզում է, այլ պետք է իրենց ծրագիրը ներկայացնեն եւ ժողովրդին համոզեն, որ սա է ճիշտ: Զրո պատասխանատվություն: Սա ենք մենք տեսնում»:  

Այս կարգի մեղադրանքներին ուղիղ պատասխաններ այսօր «Իմ քայլը» դաշինքից չհնչեցին: Այս ուժը իր նախընտրական քարոզն անում էր Արագածոտնի մարզում:  Սուր ելույթներին զուգահեռ՝ Փաշինյանը Ապարանում խոսեց գյուղատնտեսության ոլորտում սպասվող նոր ծրագրերից:

«2019 թվականին սկսում եւ ավարտին ենք հասցնում 90 միլիոն դրամ Ապարան համայնքի արոտների ջրարդիացման համար։ Ծրագիր կա, որի արդյունքում ունենալու ենք 4 400 մետր ջրագիծ: Երնջատափում ենք իրականացնելու, Քուչակում եւ տարբեր այլ բնակավայրերում: Այսինքն՝ մենք պետք է աջակցենք մարդկանց, որ իրենք աշխատեն, աշխատանքը ավելի ու ավելի քիչ դառնա չարչարանք եւ ավելի ու ավելի դառնա ստեղծագործական հաճույք»։

Ում հետ՝ չգիտի, բայց հարաբերություններ կցանկանար պարզել ԲՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը: Կասկածներ ունի, որ ընտրողների հետ իր հանդիպումներին ուղղորդված քաղաքացիներ են գալիս: Օրինակներից մեկը այսօր ներկայացրեց Մարտունիում:

«Մի կին ասում է, որ բոլորը խաբում են: Երբ ասում եմ՝ ի՞նչ եմ ասել ու չեմ արել, նորից կրկնում է, որ բոլորը խաբում են: Ուրեմն, իրեն ասացի, գնա էդ ուղարկողին ասա, որ մի քիչ համարձակություն ունենա ինքը գա տեսնի՝ էդ ինչ է ասում, պատասխանն էլ ստանա»:   

Ոչ թե կոնկրետ անձին, այլ գործընթացը թիրախավորել է Դաշնակցությունը: Արմավիրում երեկ երեկոյան ընտրողների հետ հանդիպմանը Արմեն Ռուստամյանը հստակեցրեց, թե ինչ նկատի ունեն:

«Այն, ինչ որ կատարվել է՝ առայժմ լոկ վարչախմբի փոփոխություն է, եթե չասեմ՝ մարդափոխություն: Հեղափոխությունը դեռ առջեւում է: Կլինի լիարժեք, երբ ամեն մեկիս տանը կզգանք դրա դրական պտուղները»:  

Սահմանադրության, ԸՕ-ի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը անցումային շրջանում կարեւորում են «Սասնա ծռեր» կուսակցության անդամները: Առաջին քայլերը խորհրդարանում հենց այս ուղղությամբ են լինելու՝ Տավուշի մարզում ընտրողներին տեղեկացրեց Արա Պապյանը:   

«Ախր, այս Սահմանադրությունը բոլորս գիտենք, Նիկոլն էլ էր ասում՝ Սերժի հագով կարած կոստյում է: Եվ վատ Սահմանադրություն, վերջին մեկ ամսում համոզվեցինք՝ անհասկանալի, բարդ, խրթին, խճողված: Էլ չեմ ասում՝ շատ վատ է, որ մեկ հոգու՝ ով է լինի սուպերվարչապետական լիազորություններ են տալիս առանց հակակշիռների: Այդ դեպքում սխալվելու վտանգը մեծ է»:

«Լուսավոր Հայաստան»-ը Էդմոն Մարուքյանի հետ այսօր Նոր Հաճընում էր եւ Եղվարդում: Մինչ այդ՝ պատգամավորը հասցրել էր մտնել Աժ եւ գրանցվել: Կանխատեսելի էր, որ խորհրդարանում այսօր այդպես էլ քվորում չի ապահովվի, ուստի որոշվեց չկորցնել առանց այդ էլ կարճ նախընտրական քարոզարշավի ժամանակը:

Սա թերեւս «Լուսավոր Հայաստան»-ի մարզային վերջին հանդիպումներից էր: Առաջիկա օրերին կուսակցությունը հանդիպումներ կանցկացնի Երեւանում: Վաղը նաեւ նախատեսվում է մեծ հեռուստաբանավեճը՝ այսպես ասենք, «առաջին համարների» մասնակցությամբ:

«Ակնկալում եմ քաղաքակիրթ, գեղեցիկ բանավեճ ծրագրերի, գաղափարների, ապագայի մասին: Ճիշտն ասած, հոգնել եմ լսել Հայաստանի անցյալի մասին: Բան չի մնացել՝ դեկտեմբերի 9-ին պետք է փակել այդ էջը եւ ես հույս ունեմ, որ վաղվա բանավեճը կլինի հենց այդ տրամաբանության մեջ: Ես լավ տրամադրված եմ, չէի ցանկանա, որ գնանք այնտեղ եւ նորից ղալմաղալ անենք»:  

«Մենք» դաշինքն ու «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություններն այսօր մնացել էին Երեւանում:

Էրեբունի վարչական շրջանում պարզվեց, որ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության հիմնադիր Լեւոն Շիրինյանը նախընտրում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական գործիչներից մեկի ղեկավարման ոճը:

«Եթե մենք անցանք ես վարելու եմ Ադենաուերի քաղաքականությունը երկրի վերականագնման առումով: Այսինքն՝ սեփական արժեհամակարգի վրա, սեփական հումքի վրա, սեփական ձեռքերի վրա: Ուզո՞ւմ եք երիտասարդ Հայաստան, պետք է ընտրեք երիտասարդ կուսակցությունների: Ծերացած, «խռռացող» կուսակցություններով, որոնց «բարիքները» տեսել եք ուզում եք նոր Հայաստա՞ն ունենալ՝ չի լինելու»:  


«Մենք» դաշինքի անդամներն այսօր Նոր Նորքում էին: Այնտեղ ընտրողներին տեղեկացրեցին, որ կողմ են
Սահմանադրության փոփոխությանը: Անգամ դա ամրագրել են նախընտրական ծրագրում: Պարզապես կարծում են, որ փոփոխությունները պետք է անցնցում անել։