Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին: Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի էջում:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ», ասվում է գրառման մեջ:
Այսօր ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել, որոնցով բարձրացրել են գործի շրջանակում կիրառվող իրավական նորմերից մի քանիսի սահմանադրականության հարցը:
Խոսքը, մասնավորապես, կալանքը կիրառելու հարցում ապացույցների թույլատերլիության մասին է՝ լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպաններից Արամ Օրնբելյանը և մանրամասնել՝ իրենք վարույթը կասեցնելու միջնոդություն չեն ներկայացրել, դա կանի Վերաքննիչը, եթե համաձայնի պաշտպանների փաստարկներին:
Վերաքննիչ դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման հարցը քննում է արդեն 5 օր:
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակներում: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: