ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կրթությունը՝ նախընտրական քարոզարշավում
2018-12-05 17:56:50

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ինչպիսի՞ն պետք է լինի կրթական համակարգը եւ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի: Կրթության ոլորտում բավականին տարբեր ու բազմազան մոտեցումներ են կարծես առաջարկում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը: Կրթության համակարգի հետ կապված ծրագրային դրույթներն ու հիմնական, սկզբունքային մոտեցումներն են այսօր «Ռադիոլուր»-ի եթերում:   

0:00
0:00
 

«Իմ քայլը» դաշինքի կրթական ծրագրերում զգալի տեղ են հատկացվում նորարարություններին, օրինակ՝ խոսող դասագրքերի մուտքը դպրոց: Ներկայացնելով իրենց կողմից առաջարկվող կրթական համակարգը՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ կրթական մասով իրենց ծրագիրը փոփոխություններ է առաջարկում մանկապարտեզներից մինչեւ բուհեր ու գիտության ոլորտ:

«Մեր ծրագրի գլխավոր կետն ու սկզբունքն այն է, որ այսուհետ մենք ապահովելու ենք  որակյալ հանրակրթության հավասար հասանելիությունը հանրության համար: Սա ամենակարեւոր սկզբունքն է, որովհետեւ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կրթությունը զարգանում է այն երկրներում, որտեղ կա նման մոտեցում: Մեր ավանդույթները եւ փորձ, որոնք եղել են կրթության եւ գիտության մեջ, մենք զարգացնելու ենք եւ սրանով 5 տարի հետո ունենալու ենք միանգամայն այլ կրթական որակ դպրոցում, բուհում եւ գիտությունն էլ սրան սպասարկելու է միանշանակ՝ դառնալով, ըստ էության, մեկը մյուսի համար լոկոմոտիվ»:  

Կրթության ոլորտի ծրագրերին անդրադառնալիս՝ ՕԵԿ-ն այն մոտեցումն է շեշտադրում, որ դեմ է ուսուցիչներ կրճատելու քաղաքականությանը: Արթուր Բաղդասարյանն անընդունելի է համարում դա, եթե խոսքը որակյալ կրթություն ապահովելու մասին է:

«Եթե այսօր ասում են, որ տասը հազար ուսուցիչ պետք է կրճատեն, ես վճռականորեն մերժում եմ այդ մոտեցումը: Ասում են՝ աշակերտների թիվը պակասել է, պիտի դասատուներին կրճատենք: Ներողություն, եթե դու երեսուն աշակերտին մի ուսուցիչ ես դիտարկում, էդ ո՞ր երկրում նման բան կա: Էսօր 8-10 աշակերտի հետ մի ուսուցիչ պետք է աշխատի: Դրա համար, Հայաստանում պետք է ոչ թե տասը հազարով կրճատել ուսուցիչներին, այլ՝ երեսուն հազար նոր ուսուցիչներ ընդունեն, եթե մենք խոսում ենք որակյալ կրթության մասին»:

ՀՅԴ-ն իր ծրագրում շեշտել է, որ կրթական պետական պատվեր ձեւավորելիս առաջնորդվելու է տնտեսության արդի եւ հեռանկարային կարիքներով: ՀՅԴ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Ղազարյանն ասաց, որ նախկին շրջանում համակարգային որոշակի փոփոխություններ եղել են կուսակցության նախարարի նախաձեռնությամբ եւ դրանք շարունակվել են: Խնդիրներ, իհարկե, եղել են եւ լինելու են, ու առաջնայինը՝ ոլորտին հատկացվող ֆինանսական խնդիրն է: Դաշնակցությունը, ինչպես եւ ոլորտի միջազգային փորձագետները, կարծում է, որ այս ոլորտում ֆինանսակա հատկացումները չպետք է ցածր լինեն ՀՆԱ-ի 3 տոկոսից, ինչը կրթության վիճակի ցուցանիշ է նաեւ: Մինչդեռ, հիմա արդեն, ըստ նրա, այս ցուցանիշը մեզանում ցածր է անգամ 2 տոկոսից.

«Առաջնային լուծումը՝ պետության կողմից պետք է ֆինանսական աջակցությունը լինի ոլորտին պետության կողմից: Մենք պետք է փորձենք այդ աղբյուրներ գտնել՝ ֆինանսավորելու համար: Համակարգային ծրագիրը, որ պատկերացնում  է դաշնակցությունը՝ բնականաբար որակյալ կրթությունը քննարկման հարց էլ չէ, դա առանցքային է, բայց դպրոցից պետք է դուրս գալ որպես քաղաքացի, ինքնուրույն մտածելակերպ ունեցող ու, միաժամանակ, հայրենասեր, ազգային արժեքները կրող»:

Կրթությունը որպես ազգի և պետության շահերի իրացման գլխավոր գործիք է դիտարկում «Սասնա ծռեր» կուսակցությունը: Ըստ այս ծրագրի՝ կրթության հիմնական դերն ուսուցման ու դաստիարակության միջոցով ներդաշնակ մարդու, մարդկային ու ազգային ինքնության վերակերտումն է:

ՀՀԿ-ի ծրագրի տրամաբանությունն այս անգամ այն է, թե ներկայիս իշխանությունները որտեղ կարող են թերանալ: Ասում է ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Հայկ Մամիջանյանը: Նա ասաց, որ խորապես համոզված են՝ եթե զարգացած այնպիսի երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ն է, մեծ կարեւորություն են տալիս ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ապա Հայաստանը, որպես պատերազմի մեջ գտնվող երկիր, առավել եւս պարտավոր է պահպանել ռազմահայրենասիրական բաղադրիչն իր կրթական ծրագրերում:

Ազգային առաջընթաց կուսակցությունը բանաձեւել է, որ կրթությունը պետք է հայտարարել տնտեսության գերակա ճյուղ: Թե ի՞նչ են հասկանում այս բանաձեւման տակ՝ պարզաբանում է Ազգային առաջընթաց կուսակցության պատգամավորության թեկնածու Հայկ Փայտյանը. «Դա ի՞նչ է նշանակում, որ՝ Հայաստանը դառնալու է կրթություն արտահանող երկիր»:     

ՔԺՎԿ-ն կրթության ոլորտում նույնպես կարեւորում է արժեքային համակարգը: Շեշտը դրվում է քրիստոնեական, ազգային արժեհամակարգի վրա: Կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Սուքիասյանի փոխանցմամբ՝ իրենց մոտեցումն այն է, որ երկրի տնտեսությունն ու կրթությունը պիտի փոխկապակցված լինեն: Այդ դեպքում հնարավոր կլինի խոսել, թե ինչպիսի կրթություն է մեզ պետք: Կուսակցությունում անհասկանալի են համարում նաեւ 12-ամյա կրթական համակարգը.


«Ի՞նչ է նշանակում 12 տարի դպրոց գնալ: Բանուգործ չունի՞: Բայց էս հարցերը, մեծ հաշվով, մեխանիկական են: Էս հարցերի պատասխանը մենք կարող ենք իմանալ, երբ որ տնտեսության կազմակերպման ձեւը պարզվի: Հիմքն այստեղ է: Ինչ կրթություն ուզում ենք՝ սարքեք, եթե պետությունը տնտեսության կազմակերպման ստրատեգիա չունի՝ ինչպիսի պետություն է ուզում, կրթությունը կողքից անիմաստ «ձեռքի հետ քայլելու է»: Կստեղծեք արդյունաբերություն՝ նա պահանջ կդնի միջին մասնագիտական կրթության, տեխնիկական կրթության եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ հիմքն այստեղ է»:   

«Մարդիկ պատրաստենք շուկայի համար» մոտեցումը չի ընդունում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: ՔՈ-ից պատգամավորության թեկնածու Արտակ Կիրակոսյանի փոխանցմամբ՝ իրենք այս ոլորտում, թերեւս, ամենածավալուն ծրագիրն ունեն: Հիմնական մոտեցումն էլ սոցիալ-դեմոկրատիայի՝ համերաշխություն, արդարություն, ազատություն, երեք հիմքերից մեկի  վրա է հենված՝ ազատության սկզբունքի վրա.

«Այսինքն, մենք պետք է ունենանք էնպիսի մի կրթական համակարգ, այդ թվում՝ հանրակրթությունը, որտեղ ծնողները ուսուցիչները, երեխայի լավագույն շահից ելնելով, հնարավորություն ունենան արձագանքեն իր կարիքներին: Հնարավորություն տանք, իսկապես, ազատ դպրոց ունենալու, որտեղ որ ստեղծագործ ուսուցիչը, ստեղծագործ դպրոցը հնարավորություն կունենա , երեխայի կարիքներից ելնելով, համապատասխան շրագրեր ունենա ու երեխաների հետ աշխատի»:

Հավասար իրավունքների արժեւորումն է կարեւորել ու առանցքային համարում իր ծրագրում Լուսավոր Հայաստան կուսակցությունը: Ինտենսիվ եւ առարկայական բարեփոխումներ է խոստանում ԼՀ-ը նաեւ կրթության ոլորտում: Լուսավոր Հայաստանի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արփի Կարապետյանին լսենք՝ կրթության ոլորտի հետ կապված իրենց հիմնական սկզբունքի մասին.

«Եթե կարճ ձեւակերպեմ՝ մեր ծրագրային դրույթը վերաբերում   նրան, որ մենք պետք է կամուրջ գցենք դպրոց-բուհ-աշխատաշուկա  հարաբերություններում: Մենք դա պետք է անենք  արագ եւ նշանակակետին շատ ուղղված միջոցներով: Պարտադիր պետք է ունենանք մասնագիտական կողմնորոշման ծրագրեր բարձր դասարաններում: Այդ կամուրջը պետք է լինի իրատեսական եւ ելնելով աշխատաշուկայից մենք պետք է կերտենք կողմնորոշված, ուղղորդված , իրենց ճանաչող երեխաների, այնուհետեւ՝ դեռահասների, այնուհետեւ՝ երիտասարդների, որոնք գիտեն իրենք ինչ են ուզում եւ ուր են գնում»:

Ի՞նչ է առաջարկում «Մենք» դաշինքն այս ոլորտում՝ պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը հակիրճ բանաձեւեց. «Եվրոպական կրթություն՝ միանշանակ: Տեսնում եմ կրթական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն եւ համագործակցություն եվրոպական բարձրակարգ  բուհերի հետ»:

ԲՀԿ-ն առաջնային է համարում, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն ցանկություն և համապատասխան գիտելիքներ՝ հնարավորություն ստանան կրթությունը շարունակելու: Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից:

Պետության կողմից պետք է տրվի անհրաժեշտ աջակցություն՝ երկարատև վարկերի և դրամաշնորհների տեսքով: Ուսումն ավարտելուց հետո 10 տարվա ընթացքում նրանք կարող են մարել իրենց պարտքը: Այդ հնարավորությունն էլ՝ տնտեսական հեղափոխությամբ, ինչի մասին խոսում է ԲՀԿ պատգամավորության թեկնածու Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ն նաեւ արձանագրում է, որ բուհական համակարգում պետք է արմատապես փոփոխել ընդունելության քննությունների կարգը՝ բացառելով ցածրամակարդակ կրթական ծառայությունների տրամադրումը: