ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օր 10-րդ. պետությունից յուրացվածը վերադարձնելու մեխանիզմները
2018-12-05 18:55:36

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այս պահի դրությամբ որեւէ մեկը հստակ թիվ չի կարող ասել, թե որքա՞ն ապօրինի գումար է դուրս բերվել Հայաստանից:

«Global Financial Integrity» միջազգային կազմերպությունը, որ ամեն տարի զեկույց է հրապարակում այս թեմայով, շրջանառության մեջ դրեց շուրջ 10 միլիարդ դոլար թիվը:

Հարցը, թերեւս, կարեւորագույններից դարձավ նախընտրական այս քարոզարշավի ընթացքում: Իրականում, ընտրողներին հետաքրքիր է ոչ թե գումարի հստակ չափը, այլ դրանք հետ բերելու մեխանիզմները:



Դաշնակցությունում այս հարցը, պարզվում է, դեռ չեն քննարկել
եւ չգիտեն «դրսի» փողերը հետ բերելու ճանապարհները՝ անկեղծանում է պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը: Գողությունները կանխելու լավագույն տարբերակը քաղաքական պայքարն են համարում:

«Ուժեղ ընդդիմություն: Երբեք թույլ ընդդիմության պայմաններում կառավարությունը լայաղ չի անի, ճիգ չի անի, որպեսզի շատ հաշվետու լինի: Անկախ նրանից՝ լավ կառավարություն է, թե վատ»:

Պետությունից գողացվածը եւ յուրացվածը վերադարձնելու հարցում հեղափոխական իշխանությունների նպատակներն ընդունում են, բայց ոճը՝ ոչ «Ազգային առաջընթաց» կուսակցությունում: Պատգամավորի թեկնածու Հայկ Գրիգորյանի ներկայացմամբ՝ հիմնական վերապահումը կապված է այսպես կոչված «նվիրատվությունների» հետ:

«Մեր ծրագրով նխատեսվում է հատուկ օրենք ընդունվի, որով սահմանվի 6 ամսվա ամնիստիոն շրջան: 6 ամսվա ընթացքում այն մարդիկ, ովքեր կամավոր կհամագործակցեն հետաքննության հետ, հնարավորություն կունենան՝ այդ թալանված գումարի մի մասը հետ վճարելով օրինականացնել այն թալանը, որ արել են այսպես ասած: Դա տարբերվում է գործող կառավարության մոտեցումից նրանով, որ եթե հիմա մենք տեսնում ենք՝ առանձնատուն են նվիրում անհատ մարդիկ, այդտեղ երկու խնդիր է ծագում: Հասարակությունը վստահություն չունի, որ դա ամբողջ թալանածն է, որ տվել է պաշտոնյան եւ երկրորդ՝ այդ պաշտոնյան չունի իրավական որեւէ երաշխիք, որ իր հետեւից հաջորդ կառավարությունը չի գա եւ նորից փորձի»:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունում անհրաժեշտ են համարում «խոշորացույցի» տակ առնել հայտարարատու պաշտոնյաներին: Այդ նպատակով առաջարկելու են օրենսդրական փոփոխություններ, իսկ յուրացումների մասին աղմուկների դեպքում անգամ կողմնակից չեն անմեղության կանխավրկածին: Լսենք պատգամավորի թեկնածու Միքայել Նահապետյանին:

«Մեղավորության եւ անմեղության կանխավարկածի մասով ես կարծում եմ, որ պետք է գործի մեղավորության կանխավարկածը, երբ հարցը վերաբերում է ապօրինի հարստացմանը»:

Տասնյակ միլիոնավոր դոլարները, որ գողացել են ժողովրդից, պետք է վերադարձվեն եւ դրանց միջոցով պետք է աշխատատեղեր ստեղծվեն՝ քարոզարշավի ընթացքում հայտարարում են «Սասնա ծռեր» կուսակցության անդամները: Խորհրդարանում ուժեղ ընդդիմություն դառնալու հավակնություններ ունեն: Քաջարանում անգամ Արա Պապյանն այսօր բերում էր Հյուսիսային Կորեայի օրինակը՝ առանց քննադատության աշխատելու հեռանկարը հասկանալի դարձնելու համար:

«Հայաստանում լավ գիտեք՝ ինչպես է լինում: Որեւէ մեկը իր շեֆի մոտ չի խոսալու՝ ավադույթը այդպես է: Այն երկրները, որտեղ կա բազմակարծություն, բազմակուսակցություն, խորհրդարանում կարծիքների բախում, քննադատություն՝ այդ երկիրում սխալվելու շանսը քիչ է: Բա այդ մարդիկ պետք է մտնեն որհրդարան, որ խոսեն»:

«Սասնա ծռերի» օրակարգում է նաեւ օտար սահմանապահներին մեր երկրից հեռացնելու ծրագիրը:

 

Սահմանների մասին խոսում է նաեւ Օրինաց Երկիր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Ժամկետային զինծառայությունը մեկ տարի, պայմանագրային ծառայության հիմնում եւ սահմանային գծի վերազինում.


«Խելացի կառավարման միջոցով մեր ԶՈՒ համալրել ժամանակակից սարքավորումներով: Էդ ոնց է, որ ամբողջ Հայաստանը հնարավոր է կամերաներով «պատել», իսկ սահմանում մենք դեռեւս հատվածներ ունենք, որտեղ «ժեշտի բանկաներով» են ապահովում մեր անվտանգությունը՝ աղմուկ հանելու դիտանկյուն ապահովելու համար»:  

 

Բարգավաճ Հայաստան կուսակցության մեծ քարոզարշավն այսօր մարզահամերգային համալիրում էր: Բացի ծրագրերից Ծառուկյանը խոսեց քարոզարշավիօ տհաճ կողմերի մասին.

 

«Պետք է մենք ընդհանուր ազգովի մտածենք, միասնական, ոչ թե մեկը մեկի վրա ցեխ շպրտի: Քո քարոզչությունը կատարի, քո ծրագիրը ներկայացրու, քո արածները ներկայացրու եւ ինչ կարող ես անել: Ի՞նչ կապ ունես՝ կողքի քաղաքական գործիչին վիրավորելով, ասելով: Ժողովուրդն է որոշողը»:  

 

«Մենք» դաշինքի թեկնածուների մի մասն այսօր Սեւանում էր:

 

«Մենք առաջարկում ենք մանկավարժների, գիտաշխատողների, սպայական, ենթասպայական կազմի նվազագույն աշխատավարձր բարձրացում 25 տոկոսով: Մենք առաջարկում ենք առանց վիզաների մուտք դեպի եվրոպական երկրներ»:

 

«Իմ քայլը» դաշինքն այսօր մնացել էր Երեւանում: Նիկոլ Փաշինյանն անձամբ իրականացնում էր դռնեդուռ քարոզարշավը եւ թռուցիկներ բաժանում ընտրողներին: 54 համարի ավտոբուսից կապ հաստատեց Երեւանի քաղաքապետի հետ եւ պարզեց՝ տրանսպորտի բարելավման գործընթացը կտեւի 2-4 տարի: Գնացքից գնացք քարոզարշավ իրականացրեց նաեւ մենտրոպոլիտենում:

Փաստը զարմացրեց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունից պատգամավորի թեկնածու Հրաչյա Սարգսյանին: Օրեր առաջ այդ ուժը նույնպես փորձել էր նմանատիպ քարոզարշավ անել, բայց իրենմց արգելվել էր.

«Ցավոք սրտի, եղել է նման բան: Պարզվեց, որ մենտրոպոլիտենի աշխատողները խոչընդոտել են՝ ասելով, որ սա հատուկ տարածք է, միայն հատուկ թույլտվության դեպքում եւ հատուկ տեղերում մետրոյի տարածքի կարելի է իրականացնել քարոզարշավ»:

«Լուսավո Հայաստանս» սկուսակցության անդամներն այսօր նույնպես Երեւանում էին: Շրջում էին Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Իսկ Հանրապետական  կուսակցության ներկայացուցիչներ՝ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը հրավիրվել են ոստիկանություն: Պատճառը՝ ֆեյսբուքյան գրառումներն են սպառնալիքների մասին: