ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ընտրությունները կկայանան դեկտեմբերի առաջին կեսին. Փաշինյանը հայտարարեց ԱԺ ուժերի հետ բանակցություններից հետո
2018-10-03 01:56:48

Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի առաջին կեսին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ բակում՝ խորհրդարանական ուժերի հետ բանակցություններից հետո։ Նա նշեց, որ ընտրությունները կարող են կայանալ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 15- ի միջակայքում։

Արտահերթ ընտրությունների անցկացման համար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական տալ, որից հետո խորհրդարանը, ըստ Սահմանադրության, երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով ցրվելու է։

Բանակցությունների մանրամասները ներկայացնելով՝ Փաշինյանը բերեց հիմնավորումը, թե ինչու պետք են շուտափույթ արտահերթ ընտրություններ։ Երկրում քաղաքական ճգնաժամ է եւ այն օր առաջ պետք է հանգուցալուծվի, արտահերթ ընտրությունները համաժողովրդական պահանջ են։

Վարչապետը նշեց՝ բանակցություններում այն տպավորությունն է ստացել, որ խորհրդարանական ուժերը հասկանում են իրավիճակը եւ չեն պատրաստվում ԱԺ- ում վարչապետի ընտրության  ոչ առաջին, ոչ երկրորդ փուլում թեկնածու առաջադրել։ Միաժամանակ՝ դիմելով ներկաներին նշեց. ՙԺողովուրդը տա հնարավորություն, նրանք թեկնածու կառաջադրեն, եթե ոչ՝ չէ՚։

Հրաժարականի օրը որոշելու համար Փաշինյանը պատրաստվում է նաեւ Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթաժողովի շրջանակում քննարկումներ անցկացնի մասնակից որոշ երկրների գործընկերների հետ։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը եւ դրա շրջանակում միջոցառումներն անցկացվելու են հոկտեմբերի  7-ից 12-ը։