ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես է լուսաբանվել քարոզարշավը
2018-12-07 20:36:08

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Քարոզարշավն այսօր ավարտվում է: 12 օրյա քարոզարշավն այսօր ամփոփել են  քաղաքական մեկնաբաններն ու մեդիա մոնիթորինգ իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:  Բուռն, կոշտ, հեղափոխությունն ավարտին հասցնելու ցանկություն. սրանք են քաղաքական մեկնաբանների որակումները նախընտրական պայքարի վերաբերյալ: 

0:00
0:00

Այս արտահերթ խորհրդարանական ընտրությունները  նախորդների համեմատ հայկական հեռուստաընկերությունները լուսաբանել են առավել ակտիվ: Մոնիթորինգն իրականացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը» եւ այսօր ԱԺ ընտրությունների մեդիա մոնիթորինգը համակարգող Վիկտորի Անդրեասյանը  ներկայացրեց նոյեմբերի 19- ից դեկտեմբերի 1- ի արդյունքները։  Լուրերի հիմնական թողարկումներին կից անցկացվել են հարցազրույցներ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ,  նաև  կազմակերպվել բանավեճեր:

«Ունենք անհավասար լուսաբանման դեպքեր նոյեմբերի 19-ից 25-ը ընկած ժամանակահատվածում: Ամեն դեպքում՝ սա քարոզարշավի ընթացքում որոշակիորեն  հավասարակշռվել է: Ինչու՞ որոշակիորեն, որովհետև եղել են քաղաքակն ուժեր, որոնց անդրադարձ քիչ է կատարվել»:  

Թե որքանո՞վ  այս քարոզարշավը հաջողեց և ինչպե՞ս են այն գնահատում քաղաքական մեկնաբանները: Արմեն  Բաղդասարյանի դիտարկմամբ՝ այն բուռն էր և կոշտ: Սակայն միևնույն ժամանակ հուսով է, որ լարվածությունն ընտրություններից հետո կթուլանա: Իսկ հեռուստաբանավեճը դրական ազդեցություն ունեցավ  անճանաչելի կուսակցությունների համար:    

«Դա իրենց համար լավ շանս էր հասարակությանը ներկայանալու համար և կարծում եմ դա առաջին հերթին կօգնի իրենց»:


Քաղաքական մեկնաբան Հակոբ  Բադալյանի համար քարոզարշավն ընթացավ սպասելի տրամաբանությամբ: Բոլորի մոտ տպավորություն էր, որ ապրիլ-մայիսից հետո արդեն քաղաքական հանդարտ գործընթացի մեջ ենք: Սակայն  իրականում  հեղափոխությունը դեռևս շարունակվում է: իսկ քարոզարշավն ու քաղաքական 11 ուժերի առաջին համարների բանավեճը ցույց տվեց, որ Հայաստանում կա քաղաքական դաշտի ձևավորման խնդիր:

Նոր ուժերը, որոնք կան,  չեն համապատասխանում նոր իրավիճակին ու մարտահրավերներին: Բադալյանի կարծիքով՝ քաղաքական ուժերի այս ներկապնակով մենք պետք է անցկացնենք վերջին ընտրությունը: Ցանկալի է, որ 5 տարի հետո ունենանք որակապես նոր քաղաքական պատկեր, հակառակ դեպքում…

«Եթե մենք դա չունենաք, կարծում եմ, որ դա կվկայի որոշակի անարդյունավետության մասին, որ մենք ունեցել ենք որպես հեղափոխություն իրականացրած հասարակություն»:

Այսօր այնպիսի իրավիճակում ենք, երբ ժողովուրդը չի նայում ծրագրերին, այլ հակառակը նայում է, թե այն որ ուժն է ներկայացնում՝ ասում է Արմեն Բաղդասարյանը:  

«Եթե նույն ծրագիրը ներկայացնի «Իմ քայլը», մարդիկ կծափահարեն, իսկ եթե նույնը ներկայացնի ՀՀԿ-ն, մարդիկ կասեն դուք լռեք: Եթե անգամ ստորակետով չի տարբերվում նախորդից»:   

Հույս ունի, որ իրավիճակը կփոխվի և հաջորդ ընտրություններին կներկայացվեն ծրագրեր: Իսկ Բադալյանի խոսքո՝ մարդկանց համար ոչ թե ծրագրերն են անհետաքրքիր և այդ պատճառով չեն կարդում և հետաքրքրվում, այլ ուզում են ավարտին հասցնել հեղափոխությունը: