ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Համաձայնության կառավարությունն աշխատեց շուրջ 4 ամիս
2018-10-03 18:22:56

Համաձայնության կառավարությունն աշխատեց շուրջ 4 ամիս: Այսօր արդեն հստակ է՝ ԲՀԿ- ն ու ՀՅԴ-ն կառավարության կազմում չեն: Երեկ նախ  հանրության  առաջ   նախարարների ազատման հրամանները ստորագրեց վարչապետը:

ԲՀԿ քվոտայով նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախընտրեց  շարունակել աշխատանքը կառավարությունում:

Հետո արդեն կեսգիշերին դրանք  իրավական տեսքի բերեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:  Նախարարական երկու պորտֆել ՀՅԴ- ին, չորսն էլ՝ ԲՀԿ-ինն էին:

Գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Արթուր Խաչատրյանին հարցնում եմ՝   անկանկա՞լ էր արդյոք կուսակցության՝ նախարարներին հետ կանչելու որոշումը.

«Կուսակցության որոշումն անակնկալ չէր, քանի որ իրադրությունը չափազանց լարվեց, և այս պայմաններում, երբ կային որոշակի անհամաձայնություններ, այսպես ասեմ, կոալիցիոն գործընկերների միջև, իհարկե շարունակել, մնալ կառավարությունում, դառնում է ինքնանպատակ, որը երբեք մեզ համար չի եղել: Իրավիճակի այսպիսի սրացման պայմաններում, երբ ջրբաժաններ էին առաջացել՝ մերոնք- ձերոնք, սևեր-սպիտակներ, իհարկե ճիշտ  քայլը կառավարության անդամներին հետ կանչելն էր»:

Կառավարություն ձևավորելու առաջարկ ստանալիս արդյո՞ք կանխատեսում էին  նման զարգացումներ

«Անկեղծ ասած չէի ակնկալում։ Իհարկե կարծում էի, հույս ունեի, որ կուսակցությունը կմնա կառավարությունում մինչ ընտրություններ, սրացումներ չեն լինի: Երբ կառավարության մասին էինք կազմում, հստակ էր, որ սա անցումային կառավարություն է, որի նպատակը  պետք է լիներ  երկիրը անցնցում պահելը մինչև խորհրդարանական ընտրություններ։ Դա իհարկե հստակ էր»:

ԲՀԿ  քվոտայով նախարարի պաշտոնը ստանձնած Լևոն  Վահրադյանը հորդորեց երկու օր հետո զանգել իրեն, ասաց՝ այժմ վերջին շտկումներ է անում՝ պաշտոնը թողնելուց առաջ:

Աշխատակիցներին հրաժեշտ են տվել նաև տրանսպորտի, կապի ու ՏՏ  արդեն նախկին նախարար Աշոտ Հակոբյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների  արդեն նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

Մյուսները այս կամ այն պատճառով չցանկացան որևէ մեկնաբանություն անել:

Փաշինյանը նաև հայտարարեց՝ զբաղեցրած պաշտոններից կազատվեն ՀՅԴ և ԲՀԿ քվոտայով  մարզպետները:  ԲՀԿ  քվոտայով  Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակված Գագիկ Միրիջանյանն արդեն ազատման դիմում գրել է: Դրա մասին «Ռադիոլուրին» փոխանցեց ինքը՝ Միրիջանյանը:

Նա նաև պատասխանեց հարցին, թե պաշտոնի առաջարկն ստանալիս  կանխատեսելի՞ էր նման զարգացումը.

«Ամենակարևորը ԲՀԿ-ական չեմ, անկուսակցական եմ, բայց ես իմ դիմումը գրել եմ: Այսօր ամեն ինչ այնքան անկանխատեսելի է դարձել, որ նույնիսկ չգիտեմ ՝ վաղը ինչ կլինի»:

ՀՅԴ քվոտայով Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը ստանձնած Իշխան Սաղաթելյանը նույնպես աշխատանքից ազատման դիմում է գրել:

Զրուցակիցս ընդգծում է՝ այս ընթացքում կարողացավ կառավարման համակարգը բնակչությանն ավելի հասանելի դարձնել:

ՀՅԴ-ն ղեկավարում էր նաև Արագածոտնի մարզը, ԲՀԿ-ն՝ Արմավիրից  բացի,  Վայոց ձորն ու Սյունիքը:

Այսպիսով՝ Փաշինյանի ձևավորած կառավարությունը վաղն արդեն նիստ կանցկացնի ՔՊ, ԼՀ եւ Հանրապետություն կուսակցությունների անդամ  11 նախարարներով, եթե, իհարկե, մինչև օրվա վերջ նշանակումները չլինեն: Նոր նախարարների անուններ դեռ չեն շրջանառվում: Հայտնի է միայն, որ պաշտոնները թողած քաղաքական դեմքերի ժամանակավոր պաշտոնակատարներն առաջին տեղակալներն են: