ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ընտրատեղամասերը փակվեցին, հաշվարկը սկսված է
2018-12-09 20:11:14

Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը. ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Սկսվել է ձայների հաշվարկը:

Ժամը 20.00-ին քվեարկության ավարտից ու ընտրատեղամասերի փակվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովները 12 ժամվա ընթացքում պետք է ավարտեն քվեաթերթիկները հաշվելու գործողությունը, կազմեն քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն և այն հրապարակեն:

Մինչև դեկտեմբերի 10-ը՝ ժամը 20.00-ն, կամ քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներբեռնելու հնարավորությամբ իր կայքում պետք է տեղադրի քվեարկության նախնական արդյունքները, ինչպես նաև պաշտոնապես այն հրապարակի հեռուստատեսությամբ և ռադիոյով:

Ընտրություններին մասնակցած կուսակցություններն ու դաշինքները մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 18.00-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջնական արձանագրությունը, արդյունքների ամփոփումը և մանդատների նախնական բաշխման որոշումը ԿԸՀ-ն պետք է կայացնի ու հրապարակի դեկտեմբերի 16-ին:

Եթե մանդատների նախնական բաշխման որոշում կայացվել է, ապա ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններն ու դաշինքները 6 օր, այսինքն՝ մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 18.00-ն, ժամանակ ունեն, օրենքով սահմանված կարգով քաղաքական կոալիցիա կազմելու ընտրական արգելապատնեշը հաղթահարած առավելագույնը երկու կուսակցության կամ դաշինքի հետ:

Դեկտեմբերի 23-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական որոշում է ընդունելու Ազգային Ժողով ընտրվելու կամ ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 մլն 592 հազար 479 ընտրողներից 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժաղովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: