ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայերի պայքարը ողջ աշխարհում միտված է լույսին. Արմեն Սարգսյան
2018-12-10 14:05:56

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մատենադարանում մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին` տեղեկացնում են Նախագահի աշխատակազմից:

Նա իր ողջույնի խոսքում նկատել է, որ աշխարհում 2-3 տեղ կա, որտեղ կարելի է նման համաժողով անցկացնել և Հայաստանն այդ վայրերից մեկն է, որովհետև հայերը, որպես ազգ, կրել են ցեղասպանության ցավը:

«Հայաստանում երկու վայր է խորհրդանշում կատարվածը. առաջինը Ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանը, երկրորդը հենց այս վայրն է՝ Մատենադարանը: Երբ համեմատում եմ այս երկու վայրերը, երկու թանգարանները, սրանք երկու տաճարներ են, մեկը՝ ի հիշատակ նահատակվածների, մյուսը՝ Մատենադարանը, խորհրդանիշ լույսի, որտեղ մենք պնդում ենք՝ այլևս երբեք: Մատենադարանը վկայում է, որ լույսն ի վերջո հաղթում է տառապանքին, խավարին: Ես հավատացած եմ, որ լույսն ու բարին կհաղթեն: Սա նաև այն վայրն է, որտեղ ցեղասպանության շատ մեծ հիշողություն կա:

Ցեղասպանությունը միայն կազմակերպված հանցագործություն չէ, որը միտված է ազգի, էթնիկ խմբի, հատուկ տարբերություններ ունեցող մարդկանց ոչնչացմանը: Սա գործողություն է ընդդեմ հանդուրժողականության ՝ միտված պատմությունը, մշակույթը, արվեստն ու գիտելիքը վերացնելուն: Այսինքն, շատ ավելի մեծ արհավիրք է, ավելի մեծ ու ծանր հանցագործություն, քան՝ պարզապես մարդկանց ոչնչացումը: Միաժամանակ, Մատենադարանն այն վայրն է, որն ասում է՝ ինչ էլ անես, չես վերացնի»,-ասել է Արմեն Սարգսյանը:

103 տարի անց, նրա խոսքով, մենք ապացուցել ենք ամբողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն, և ապացույցը Հայաստանի Հանրապետությունն է, մեր ժողովուրդը:

«Դրա ապացույցն է այս կառույցը, որը կարևոր արժեքներ է պահպանում, այնպիսի արժեքներ, որոնք պետք է վերացվեին, որոնք թիրախի տակ էին, սակայն չոչնչացվեցին՝ պատմությունը, մշակույթը, ժառանգությունը, սերը, կրոնը, Աստված և մարդասիրությունը: Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում, բարով եք եկել մի ժողովրդի մոտ, որը կարողացել է հաղթահարել ամենածանր, ամենադաժան հանցագործությունը՝ ցեղասպանության հանցագործությունը: Հայաստանը ձեզ հետ է, և հայերի պայքարը ողջ աշխարհում միտված է լույսին՝ ընդդեմ չարի»,-ասել է նախագահը:

Նշենք, որ Մատենադարանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցին։ Ֆորումը կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցացիայի հետ համագործակցությամբ:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարարը: Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ 72 տարի առաջ ՄԱԿ-ը ցեղասպանությունը որպես հանցագործություն կանխարգելող բանաձև է ընդունել: