ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հաղթած ուժերին շնորհավորելու ավանդույթը՝ չկայացած
2018-12-10 18:15:35

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող 11 ուժերից 8-ը չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը եւ մուտք գործեն խորհրդարան:

 

Եթե նախընտրական շրջանում առաջին անգամ հաջողվեց կազմակերպել եւ կայացավ «առաջին համարների» բանավեճը, ապա հաղթած ուժերին շնորհավորելու ավանդույթը դեռ չի ամրապնդվել մեր քաղաքական դաշտում:

 

Այսօր ուժերից ոչ մեկի ներկայացուցիչները չհանդիպեցին հաղթողներին, եւ անգամ շնորհավորական հայտարարություններով հանդես չեկան: Հայտարարություններ եղան, բայց այլ բնույթի:  

 

0:00
0:00

 

Խորհրդարան չանցած ուժերը այսօր չէին շտապում գնահատել ընտրությունների արդյունքը: Առաջինը հանրությանը որոշեց ներկայանալ այս ընտրություններում ամենաքիչ ձայն ստացած կուսակցությունը: «Ազգային առաջընթաց»-ին չհաջողվեց ստանալ ընտրողների անգամ 1 տոկոսի քվեն:

 

Կուսակցության ղեկավար Լուսինե Հարոյանն այսօր հիվանդացել էր: Ամեն դեպքում՝ հենց այս քաղաքական ուժից հնչեց շնորհավորանքի առաջին խոսքը: Հայկ Գրիգորյանը եւ Հայկ Փայտյանը, սակայն, ընտրված ոչ բոլոր ուժերին էին շնորհավորում:

 

«Նախ՝ շնորհավորենք ժողովրդին ՀՀԿ-ին եւ դաշնակցությանը մերժելու կապակցությամբ: Կարծում եմ, կարեւոր ձեռքբերումը դա է: Իհարկե, ցավալի է, որ Բարգավաճի պես ուժն է անցել ԱԺ, որպես նախկին կոալիցիոն ուժ, մարտի 1-ի մասնակից, նաեւ «Լուսավորը», որպես ռեբրենդինգ եղած, հանրապետականի ուղղությունը տանող ուժ: Այնտեղ մարդիկ են, ովքեր այս կամ այն չափով նախկինում ասոցացվել են Հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի փեսայի հետ»:

 

«Մենք եւ ես հարգում են ՀՀ քաղաքացու ձայնը: Իմ սպասելիքները «Իմ քայլը» դաշինքից է: Ու հիմա այլեւս չկա սաբոտաժի պատճառաբանությունները: Այն բարեփոխումները, որ պետք է լինեն, շատ կարճ՝ 6 ամսում պետք է երեւա, թե ինչ է անոեւմ ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող քաղաքական ուժը»:

7-րդ գումարման խորհրդարան չանցած հանրապետականներն ու դաշնակցականներն այսօր ողջ օրվա ընթացքում անհասանելի էին: Միայն օրվա վերջում՝ 15 րոպե տարբերությամբ նախկին կոալիցիոն գործընկերները հայտարարություններ տարածեցին: Երկու ուժն էլ չի պատրաստվում վիճարկել ընտրության արդյունքները:

 

Հետեւություններ են արել քարոզարշավից եւ ընտրությունների ընթացքից, կետերով թվարկել են այն ամենը, ինչ խնդիր են համարում մեր հասարակության համար: Դաշնակցությունում համոզված են, որ այս ընտրություններում ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ՝ գաղափարին ու ծրագրին: Դաշնակցականները նոր պատմության փուլ են ազդարարում եւ այդ պատմության մեջ իրենց տեսնում են վճռական պայքարողի կարգավիճակում:

 

Դասական արտախորհրդարանական դաշտ տեղափոխվելու մասին հայտարարում են նաեւ հանրապետականները: Երեկ տեղի ունեցածը չեն ընկալում իբրեւ պարտություն: Եթե պարտություն չէր, ապա ի՞նչ էր՝ «Ռադիոլուր»-ին բացատրել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը.

 


«Ի հեճուկս Փաշինյանի կանխատեսումների, որ Հանրապետականին որեւէ մեկը ձայն չի տա, մենք տեսանք, որ կան 60 հազար քաղաքացիներ, որոնք ոչ Փաշինյանից, ոչ վախի եւ թշնամանքի մթնոլորտից չվախեցան: Նրանք «ոչ» ասացին բաժանարար գծերին սեփական հայրենիքում  եւ նրանք «այո» ասացին այն քաղաքական ուժին՝ ի դեմս Հանրապետականի, որ այս 7 ամիսների ընթացքում բարձրաձայնել է այդ մտահոգությունը»:  

 

Եթե այս ընտրություններն անցկացվեին նոր ԸՕ-ով, որը այդպես էլ հեռացող խորհրդարանը չընդունեց, ապա նոր խորհրդարանում՝անգամ հավաքած այս ձայներով, կհայտվեին նաեւ հանրապետականներն ու Դաշնակցությունը: Շարմազանովից ցանկացա ճշտել՝ արդյո՞ք չեն զղջում չընդունված ԸՕ-ի համար:

 


«Հանրապետականի համար 1-2 մանդատ ունենալը գերնպատակ չի եղել: Հանրապետականը գաղափարի ուժ է, նվիրյալ քաղաքական գործիչների եւ գաղափարական քաղաքական գործիչների ուժ է, որին այսօր «այո» են ասում 60 հազար քաղաքացի, վաղը «այո» են ասելու 300 000-400 000 քաղաքացի: Եվ այս 60 հազար քաղաքացիները մեզ թեւ են տալիս նոր թռիչքների, նոր պայքարի եւ նոր գաղափարական գործունեության համար»:

 

Մելիք Ադամյան փողոցում այս պահին հանգիստ է՝ ոչ իրարանցում կա, ոչ էլ անցուդարձ: Քաղաքական գործիչներից մեկի «թեթեւ ձեռքով» շրջանառության մեջ էր դրվել մի արտահայտություն, որ «դեռ երկար ժամանակ իշխանությունն անցնելու է Մելիք Ադամյան փողոցով»: 

ա ընդամենը տարեսկզբին արված հայտարարություն էր, ինչից հետո սրընթաց փոխվեց «իշխանական» փողոցի անունը: Այժմ արդեն ուշադրությունը, ըստ ամենայնի, կսեւեռվի Սայաթ Նովա-6 հասցեի վրա: