ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-11 10:07:02
  • «Հայկական Ժամանակ». Նոր իրավիճակի լույսն ու ստվերը
  • «168 Ժամ». Հեղափոխությունը չի ավարտվել
  • «Փաստ». Ժողովրդագետ. «Մասնակցության տեսանկյունից 60 տոկոսանոց քվեարկություն էր»
  • «Իրատես». Ընտրածների ու չընտրածների խորհրդարանը

Նոր իրավիճակի լույսն ու ստվերը

«Հայկական Ժամանակ»-ն արձանագրում է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների հրապարակված արդյունքները բացարձակապես որևէ կասկած չեն առաջացրել: Այսինքն, լեգիտիմության առումով նոր խորհրդարանը որևէ խնդիր չունի:

Սակայն «Իմ Քայլը» դաշինքը ստացել է մոտ տասը տոկոսով ավելի քիչ ձայն, քան Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ինչը, ինչպես թերթն է նկատում, նշանակում է, որ մարդկանց մի մասը, այնուամենայնիվ, ավելի մեծ ակնկալիքներ ուներ, քան կարողացան ապահովել նոր իշխանությունները:

Իսկ ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները վկայում են, որ ընտրակարգը, այնուամենայնիվ, «հակաքաղաքական» է: Կուսակցությունների գաղափարախոսությունները ներկայացնողները շատ դեպքերում ավելի քիչ ձայներ են ստացել, քան «պարզապես գորգռացողները և անձնական կապերն օգտագործողները»:

Նոր խորհրդարանի կազմի հետ կապված «Հայկական Ժամանակ»-ը երկու մտահոգություն է նշում: Առաջին՝ նոր խորհրդարանի կազմն այնպիսին է, որ քաղաքական լրջագույն խնդիրների վերաբերյալ տեսակետների բախումներ հազիվ թե լինեն: Խորհրդարանում լինելու է մեկ իշխող ուժ և երկու «կառուցողական ընդիմություն», ու վերջիններս իրենց ընդդիմադիր լինելը պարբերաբար վերահաստատելու են հիմնականում սոցիալ տնտեսական թեմաների շրջանակներում:

Երկրորդ՝ քաղաքական այն ուժերը, որոնք չեն բացառում զինված պայքարի մեթոդներն անգամ ներքաղաքական գործընթացներում, մնալու են խորհրդարանից դուրս՝ մի իրավիճակում, երբ արտաքին մարտահրավերները պահպանվում են, իսկ հաջորդ ընտրություններն անցկացվելու են հինգ տարի հետո:

«Այնպես որ, ներքաղաքական լարվածության թուլացում ակնկալել վաղ է»,-գրում է թերթը:

«168 Ժամ». Հեղափոխությունը չի ավարտվել

«168 Ժամ»-ում հայաստանյան արտահերթ ընտրությունների արդյունքները գնահատել է ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Դիտորդները կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանի դաշինքը կդառնա առաջինը, ինչն էլ ըստ էության տեղի ունեցավ: Նրա կարծիքով, խորհրդարանում մյուս բոլոր տեղերն էական դերակատարություն չեն ունենալու:

«Եթե մասնակցությունը մոտ լիներ 70-80%-ին, ապա ներկայումս Նիկոլ Փաշինյանը կարող էր տոնել իր միանշանակ հաղթանակը: Բայց նման բան չկա: Ի դեպ, պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն և այլ հին դուրս մղված խաղաքարտերը հայաստանյան քաղաքականությունում հույսեր չեն կարող կապել ոչնչի հետ: Նույնն է, ինչ Ռուսաստանում կրկին շրջվեին Գորբաչովի կողմ, բայց նման բաներ չեն լինում: Ապագա հաղթանակի հնարավորություն տեսականորեն ստանում է բացարձակապես նոր քաղաքական ուժը, որը Հայաստանում դեռ չկա: Իր համար ներկայումս բացվում են հիանալի հեռանկարներ և հենց դեկտեմբերի 10-ի առավոտից»,- ասել է վերլուծաբանը:

Ըստ ռուս վերլուծաբանի հեղափոխությունը չի ավարտվել, այն նոր է սկսվում, առավել ևս, հաշվի առնելով նույն լեգալացված «Սասնա ծռերի» ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ դեկտեմբերի 9-ից հետո հարկավոր են լինելու նոր արտահերթ ընտրություններ:

«168 Ժամ»-ի մյուս զրուցակիցը՝ վրացի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն մասնակցության ցուցանիշն ամենևին էլ ցածր չի համարում, քանի որ իրականում, ըստ նրա, Հայաստանում չկա 2.5 միլիոն ընտրող:

«Մարդկանց մեծ մասը Հայաստանից դուրս են, չեմ բացառում նաև մահացած անձանց հանգամանքը: Այնպես որ՝ մասնակցությունն ավելի բարձր է, քան պաշտոնապես ամրագրված է: Չեմ կարող պնդել, բայց կարծում եմ, որ 70 տոկոսից ոչ պակաս, նույնիսկ ավելի բարձր, թեև դրա մասին մենք կիմանանք, եթե ստանանք ընտրողների իրական ցուցակները»,- նման տեսակետ է հայտնել Գելա Վասաձեն:

«Մասնակցության տեսանկյունից 60 տոկոսանոց քվեարկություն էր»

«Փաստ»-ը ժողովրդագետ Արտակ Մարկոսյանից մեկնաբանություններ է խնդրել արտահերթ ընտրությունների մասնակցության տոկոսային ցուցանիշի մասին: Ի վերջո, մասնակցությունն իսկապե՞ս քիչ է, թե՞ ցուցանիշն իր մեջ այլ բացատրություններ ունի: Ժողովրդագետը պատասխանել է, որ ընտրացուցակները կազմվում են ոչ թե ըստ մշտական բնակչության թվի, այլ պետռեգիստրի տվյալների: Այդ ռեգիստրում գրանցված է 3 միլիոն 340 հազար մարդ: Սակայն, վերջին տվյալներով, մեր մշտական բնակչության թվաքանակն այս պահին 2 մլն 969 հազար է:

Պետռեգիստրում գրանցված են նաև այն մարդիկ, որոնք թեպետ տարիներով Հայաստանում չեն բնակվում, բայց դուրս չեն եկել գրանցումից: Այսինքն, մեծ հաշվով՝ պետռեգիստրը մաքրելու խնդիր կա: Հարկավոր է հասկանալ՝ ո՞վ է արդեն երկար ժամանակ բացակայում, և ո՞վ է այլ երկրի քաղաքացիություն ստացել: Եթե այդ ցուցակները մաքրվեն, այդքան ուռճացված թվեր չեն լինի: Եվ հենց այդտեղից է ծագում հարցը, թե ինչու էր մասնակցությունը 48,63 տոկոս:

«Չեմ կարող ասել, թե 2017թ. ընտրությունների ժամանակ ինչպես է ստացվել, որ շուրջ 1 միլիոն 500 հազար ընտրող է եղել, այդ մարդկանց տեղն են քվեարկե՞լ, թե՞ այլ միջոցներ են կիրառվել, բայց հաշվի առնելով ՀՀ–ում առկա բնակչության թվաքանակը, այս անգամ մասնակցության տեսանկյունից միանշանակ 60 տոկոսանոց քվեարկություն էր: Իսկ 60 տոկոս մասնակցությունը բոլոր երկրներում շատ նորմալ ցուցանիշ է: Պետք չէ պատասխաններ փնտրել այն հարցին, թե ինչու են քիչ թվով մարդիկ մասնակցել: Պատասխանը պարզ է. կա քիչ մարդ, ունենք ուռճացված ցուցակներ, ինչի արդյունքում այդպիսի թիվ է ստացվել»,- նշել է նա:

Ընտրածների ու չընտրածների խորհրդարանը

«Իրատես»-ը հետընտրական Հայաստանում ժողովրդի «որակն ու մակարդակը» փոխելու խնդիր է դնում : Ըստ թերթի ունենք մի ժողովուրդ, որը տասնամյակներով վարժվել է, որ ինքը պատասխանատվություն չունի պետության համար, որ պետությունը օտարոտի մարմին է` միայն պահանջում է ու չի տալիս ոչինչ, ու ինքը պիտի իր գլուխը պահի: Չկա կոլեկտիվ պատասխանատվություն ու չկա հայրենիքի զգացողություն, կա պրագմատիզմ: Մաչդիկ փոփոխություններ են ուզում, բայց փոխվել չեն ուզում:

«Այն ժողովուրդը, որ չի հաղթահարել վախը, չունի իդեալներ ու արժեքներ, վաղուց դադարել է ոչ միայն մտածել, այլև երազել: Ավելի ստույգ` ունի արժեքներ ու նույնիսկ արժեհամակարգ, որի հիմքում մնում է «Որտեղ հաց, այնտեղ կաց»-ը: Ու դա ազգի նկարագիր է: Ու այդ ժողովրդին պետք է ախտորոշել ու բուժել` նույնիսկ այն դեպքում, երբ հիվանդը չի ընդունում հիվանդությունը: Հետընտրական Հայաստանի միակ իմաստը դա է` փոխել ժողովրդի որակն ու մակարդակը: Հակառակ պարագայում ևս մի քանի տասնամյակ ընտրության գնալու է մի ժողովուրդ, որ ընտրվողից առաջինը հարցնելու է` ինձ համար ի՞նչ ես անելու, բայց չի հարցնելու` պետության համար ի՞նչ ես անելու»:

Փաստացի, թերթի համոզմամբ, այս ժողովուրդն իր ընտրությամբ չի ավարտել հեղափոխությունը, այլ մտցրել է փակուղի, քանի որ իր 70 տոկոսով ՔՊ-ն մնալու է միայնակ` չունենալով ընդդիմություն, որ ուժեղացնելու ու ամրապնդելու է նրան: 7-րդ գումարման ԱԺ-ում չի ձևավորվել ՔՊ-ի մենիշխանությանը հակակշիռ, ու դա երաշխիք է, որ ՔՊ-ն սկսելու է տրոհվել ու մասնատվել: