ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը (լրացված)
2018-10-05 18:25:20

տեղադրվել է ժամը 13։54
լրացվել է ժամը 18։25

Ավելի քան 2000 մարդ էր հավաքվել Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների պալատում՝ մասնակցելու աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությանը, որին ներկա էին նաև է ՀՀ նախագահը, վարչապետը տիկնոջ հետ, Ամենայն հայոց կաթողիկոսը:

Արարողությունը գլխավորում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ելույթներով հանդես եկան էմանուել Մակրոնն ու Նիկոլ Փաշինյանը:

Ֆրանսիան այսօր ազգային սգո արարողությամբ հրաժեշտ տվեց 21- դարի մեծանուն երգիչ Շարլ Ազնավուրին: Ֆրանսիան, որն աշխարհին հայտնի է խստապահանջ արարողակարգային ավանդույթներով, այսօր ի պատիվ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյեի փոփոխությունների էր դիմել: Պալատի բակում ֆրանսիականի կողքին նաեւ հայկական խորհրդանիշներն էին. Բարձրացված էին դրոշները, հնչում էին հիմները։ Ընտանիքի անդամների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ շատ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ Ազնավուրի աճյունը ուսամբարձ բերվեց հայկական դուդուկի ուղեկցությամբ: Լռության պահ, որն ուղեկցվում էր արցունքներով:

Արցունքներ էին հոսում նաեւ Երեւանի Ազնավուրի անվան հրապարակում գտնվողներ աչքերից: Բոլորը լուռ հետեւում էին՝ թե՞ ինչ է կատարվում Փարիզում: Շտապող անցորդները, որոնք անգամ տեղյակ չէին, որ հրապարակում պետք է տեղադրվեր էկրան՝ արարողությունը հեռարձակելու համար, կանգնում էի, արտասվում, խոնարհում ու շարունակում ընթացքը: Իսկ օտարերկրյա զբոսաշրջիկներն ավելի համարձակ գտնվելով վանկարկում էին՝ je’t'aime/ես քեզ սիրում եմ։

Ազատ և երջանիկ Հայաստանը հայ ժողովրդի և ՀՀ-ի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի արժանի գնահատանքը կլինի` Ազնավուրի ազգային տուրքի արարողությանն այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շանսոնիեն մշտապես ապրել է  Հայաստանի հոգսերով, և հայ ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախության բոլոր դժվարին օրերին՝ ընդգծեց վարչապետը:

«Շարլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված և այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ` առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, այս մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ: Ֆրանսիայի հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն, ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտել Ֆրանսիայի պետությանը և բոլոր ֆրանսիացիներին ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթևան տալու և հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձևավորելու համար»,- ասաց Փաշինյանը:

Ցտեսություն եւ շնորհակալություն Մաեստրո, այս խոսքերով հրաժշտ տվեց Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրին: Զգացական ելույթում Ֆրանսիայի նախագահը ընդգծեց, որ Ազնավուրը հազարավոր մարդկանց համար դարման էր, ուժ էր, և հիմա նա թողնում է մեզ: <<Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ>>՝ նշեց Մակրոնը:

«Մենք սովորել ենք, որ այս մարդը միշտ ներկա լինի մեր կյանքում և միավորի բոլորիս: Նա դարձել էր Ֆրանսիայի դեմքերից մեկը: Մենք բոլորս Շարլ Ազնավուր ենք երգում՝ երբեմն բառերը մոռանալով»:

Մինչ Հաշմանդամների պալատի բակում հնչում էին երկու երկրների առաջնորդների ափսոսանքի եւ հիշատակի ելույթները, պատերից դուրս՝ Ֆրանսիացիները մեծ էկրանների վրա հետեւմ էին ազգային սգո արարողությանը ու թեկուզ բառերը մոռանալով կատարում Շառլ Ազնավուրի երգերից հատվածներ:

Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ»՝ Emmenez-moi երգի ու ծափահարությունների ներքո շանսոնիեի հարգանքի արարողությունն այսօր ավարտվեց: Իսկ արդեն վաղը նեղ ընտանեկան միջավայրում հայոց եկեղեցում կմատուցվի հոգեհանգստին կարգ եւ Շարլ Ազնավուրը իր վերջին հանգրվանը կգտնի ընտանեկան գերեզմանատանը՝ վաղամեռիկ որդու եւ ծնողների կողքին:

0:00
0:00