ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵՄ-ն ակնկալում է աշխատել նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ
2018-12-11 17:13:24

Եվրամիությունն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացված արտահերթ ընտրություններին.

«2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ առաջին համապետական ընտրությունները, որոնք հետևեցին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված խաղաղ բնույթի քաղաքական անցմանը:

Համաձայն ընտրությունների միջազգային դիտորդների հայտարարության՝ այս ընտրություններն անցել են «հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ և վայելում են հանրային լայն վստահություն, ինչն անհրաժեշտ է պահպանել ընտրական համակարգի հետագա բարեփոխումների միջոցով»:

Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կառուցմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևորվում են այն առումով, որ դրանք բարձրացրեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ Հայաստանում: Ակնկալում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման և արդիականացման ուղղությամբ:

Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ` խորացնելու մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները` հիմք ընդունելով համատեղ պարտավորությունները ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո»:

ԿԸՀ-ի ներկայացրած առցանց արդյունքներով մշակված են դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները:

«Իմ քայլը» դաշինքը ստացել է 70.43 % ձայն, դաշինքի օգտին քվեարկել է 884 451 ընտրող: ԲՀԿ-ն երկրորդ տեղում է՝ 8.27 %, ընտրողների ձայների 6.37%-ով երրորդ տեղում «Լուսավոր Հայաստան»-ն է: