ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն «Ալրաղացի Լյովիկն» է
2018-10-08 11:05:53

ԱԱԾ-ից հայտնում են, որ վերջին շրջանում իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008 թվականի հոկտեմբերին  իրականացված ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանն է, որը լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած  հանցավոր խմբի անդամներին պատվիրել է հանցագործության կատարումը:

Հարձակումը դյուրին դարձնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար Լևոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած և վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք է բերել և խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

Նշված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործով 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լևոն Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ` իր նռնակներով, տարբեր տրամաչափի ավելի քան 4000 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն` այլ հանցագործություններում զենքի գործածված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով:

Քրեական գործով  բավարար ապացույցների համակցությամբ, Լևոն Սարգսյանը ներգրավվել է  որպես մեղադրյալ` կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ վերջինս տևական ժամանակ  բացակայում է ՀՀ-ից, և գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մեղադրանք է առաջադրվել  նաև Լևոն Սարգսյանի ազգական Ս.Ղ-ին, վերջինս կալանավորվել է: