ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղ.հասարակությունն ու լրագրողները կօգնե՞ն, թե՞ կխանգարեն
2018-12-11 18:29:58

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին եւ այս պահին արդեն պարզ է դառնում նոր ԱԺ մոտավոր պատկերը: Այսօր «Ռադիոլուրն» ուսումնասիրել է այս հարցը:  
Փորձեցինք հասկանալ՝ ինչո՞ւ են խորհրդարանի ձեւավորման իրավիճակը համեմատում Ուկրաինայի եւ Վրաստանի հետ: Ի՞նչ խնդիրներ են եղել այնտեղ եւ արդյո՞ք նույն խնդիրները սպառնում են մեզ:

0:00
0:00

Օդիոզները հեռանում են, գալիս են լրագրողներն ու քաղհասարակության ներկայացուցիչները: Փոխվեց ոչ միայն խորհրդարանի կազմը, այլեւ՝ բովանդակությունը:

Հայկական խորհրդարանում լրագրողները եղել են միշտ, այս անգամ պարզապես տոկոսային ավելացում է տեղի ունեցել: Հեռացող խորհրդարանի հեռացող պատգամավոր-լրագրող Մարգարիտ Եսայանը ողջունում է գործընկերների մուտքը քաղաքական դաշտ:

Բայց երբեք չի մոռանում, որ 2012-ից հենց լրագրողական դաշտը անհանդուրժող եղավ նրա քաղաքական գործունեության հանդեպ: Խորհրդարանի բովանդակային փոփոխության մեջ Մարգարիտ Եսայանը նոր վտանգներ է տեսնում:

-Լավ է, ինձ դուր է գալիս, որովհետեւ այսօրվա քաղաքական դաշտում համեմատաբար ավելի գրագետ, ավելի պրոֆեսիոնալ եւ հասարակության համար ավելի ընկալելի աշխատում են այն պատգամավորները, որոնք նախորդ կյանքում լրագրող են աշխատել: Երկրի վարչապետը ձեզ շատ փայլուն օրինակ: Նոր դեմքերը շատ են: Գուցե սա լավ է, բայց ես կարծում եմ, որ խորհրդարանական գործունեությունը սկսվելու է զրոյական կետից: Ես, օրինակ՝ չեմ պատկերացնում, թե Արմեն Աշոտյանին ով կարող է  փոխարեն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

-Բայց ժամանակին ինքն էլ էր անփորձ:

-Միանշանակ: Բայց գիտեք, կարծում եմ մենք այդ շռայլություն այլեւս թույլ տալու իրավունքը չունենք: Մենք չենք կարող անընդհատ զրոյական կետից սկսել:  

Քաղհասարակությունը եւ լրագրությունը մուտք գործեցին քաղաքականություն նաեւ Ուկրաինայում եւ Վրաստանում հեղափոխություններից հետո: Այս երկրներում խնդիրներ առաջացան: Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բերում է Վրաստանի օրինակը, երբ քաղհասարակության դաշտը «Վարդերի հեղափոխությունից» հետո ամայացավ եւ տեւական ժամանակ չէր իրականացնում իր վերահսկողական գործառույթը:

«Բավական ժամանակ Վրաստանում քաղհասարակությունը կաղում էր: Փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ մտնելով մարդիկ փոխվում են, որովհետեւ եթե քաղհասարակության ներկայացուցիչը պետք է ավելի անկեղծ լինի իր քննադատությունների, իր որոշումների մեջ, ապա արդեն կուսակցական մոտեցումը նրան կաշկանդում է եւ կուսակցական շահը վեր է դասվում այն սկզբունքներից, որոնց առաջ նա դավանում էր»:

Այս օրինակը աչքի առաջ ունի նաեւ իշխող ուժը: Նորընտիր պատգամավոր, խորհրդարանական մեծամասնություն ձեւավորած «Իմ քայլը» դաշինքից Գայանե Աբրահամյանը լավատեղյակ է Վրաստանի փորձից: Իրենք նույնպես մտահոգված էին.

«Մենք անշուշտ, որոշակի մտավախություն ունեինք, որ Վրաստանի սխալները չկրկնվեն եւ ամբողջովին չամայացվի հասարակական դաշտը որպես հիմնականում վերահսկող եւ հակակշռող մարմին, բայց կարծում եմ, այնքան շատ չեն ներկայացուցիչները իշխանական կողմում մուտք գործող, որ այդ խնդիրը այս պահին ունենանք»:

Առանց ընդդիմության խորհրդարանի աշխատանքը հավասարակշռող ուժեր Աժ-ի պատերից դուրս դեռ մնացել են, կարծում է Ավետիք Իշխանյանը: Սակայն, իրավապաշտպանը այս պահին դաշտում այլ խնդիր է նկատում՝ քաղհասարակությունը հեղափոխականից կրկին պետք է վերադառնա իր նորմալ աշխատանքային ռեժիմին:  

«Քանի որ քաղհասարակության բազմաթիվ խաղացողներ աջակցել են հեղափոխությանը նրանք, իմ կարծիքով, հոգեբանորեն պատրաստ չէին քննադատելու: Այժմ, երբ ձեւավորվեց նոր խորհրդարանը եւ ինչպես հեղափոխանակներն էին սիրում նշել հակահեղափոխական ուժերն այլեւս գոյություն չունեն խորհրդարանում եւ մարզագույքային այն տանձը չկա, որին անընդհատ հարվածեին եւ մեղադրեին բոլոր ձախողումների մեջ, այլեւս որեւէ բացատրություն չի կարող լինել քաղհասարակության համար՝ չքննադատելու նոր իշխանությունների ցանկացած վրիպում: Ես այդպես եմ կարծում: ինչպես կլինի՝ կտեսնենք»:

«Իմ քայլը» դաշինքից Գայանե Աբրահամյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը գործունեություն է ծավալել թե՛ լրագրության եւ թե՛ քաղհասարակության ոլորտներում: Կարծում է, որ խորհրդարանն իրենց ներկայությունից անկասկած շահելու է: Այս պահին դեռ վստահ է, որ կուսակցական պարտավորություններն իրեն չեն կաշկանդելու:

«Ես վստահ եմ, որ չենք կաշկանդվելու եւ այսօր էլ այդ կաշկանդվածությունը չկա մեր ներքին քննարկումներում: Ես ավագանու օրինակը կարող եմ բերել: Այնքան մենք ներսում ունենք բավական հետաքրքիր ընդդիմադիր խմբավորումներ, բայց դա հիմնականում բովանդակային քննարկումների շուրջ է: Մինչ այս կառավարությունն աշխատում էր ըստ էության, ճգնաժամային կառավարման ռեժիմով: Այսօր մենք արդեն պետք է սկսենք բարեփոխումների, արմատական որոշակի փոփոխությունների պրոցես»:

Շատ չեն՝ ընդամենը 1-2 տոկոս: Այսպես է գնահատում լրագրողների ներկայությունը նոր խորհրդարանում: Լրագրողներ կան խորհրդարանական բոլոր 3 ուժերում: Ամենաշատն իհարկե ներկայացված են «Իմ քայլը» դաշինքում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նոր խորհրդարանում լրագրողներից ավելի շատ են: