ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես կհանգուցալուծվի Համազգայինի խնդիրը
2018-12-11 18:40:49

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Համազգային թատրոնում իրադարձությունները զարգանում են արագ. թատրոնը կրկին չունի գեղարվեստական ղեկավար: Ի՞նչ են պատրաստվում անել թատրոնի դերասանները, որո՞նք են լինելու թատրոնի տնօրենի հետագա քայլերը, ինչպե՞ս է պատարստվում Մշակույթի նախարարությունը լուծել համազգայինի «համազգային» հարցը:

0:00
0:00

Համազգային թատրոնը կրկին առանց գեղարվեստական ղեկավարի է: Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի աշխատանքը համազգայինում որպես գեղարվեստական ղեկավար, 10-օրյա կյանք ունենցավ: Նախօրեին Սուրենն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից:

Եկավ անսպասելի, մնաց կարճ, գնաց արագ. ինչպե՞ս կայացրեց համազգայինը լքելու որոշումը՝ ռեժիսորը մեկնաբանում է ֆեյսբուքյան իր գրառմամբ:

« Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեև ես իմ ձեռքն էի մեկնել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող եմ օգնել և օգտակար լինել, բայց ստացվեց հակառակը... Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում։ Հուսով եմ, որ մեր միջև անախորժությունները կմոռացվեն, կներվեն միմյանց հասցված վիրավորանքները։ Հուսով եմ նաև, որ ապագայում առիթներ կունենանք միասին ստեղծագործելու և ծառայելու Նորին մեծություն Թատրոնին»:

Սուրենը խոստանում է մնալ թատրոնի բարեկամը, հաջողություն մաղթում, մեկ առ մեկ գրկում բոլոր դերասաններին:

Համազգայինում գեղարվեստական ղեկավարի հարժարականի լուրից ո՛չ ուրախանում, ո՛չ էլ տխրում են: Դերասան Ստեփան Ղամբարյանն ասում է՝ Սուրենին չէին սպասում, գալուց հետո՝ չէին ընկալում որպես գեղարվեստական ղեկավար:

Համազգայինում ստեղծված իրավիճակի հետ ռեժիսորը կապ չուներ ու չէր էլ կարող ունենալ: Ստեփանը փոխանցում է թատրոնի դերասանական կազմի դիրքորոշումը՝ իրենք դրական են վերաբերվում Սուրենի որոշմանը, շարունակում սիրել Սուրենին:

«Ես, Սուրենի ընկերը լինելով վստահաբար ասում եմ, որ սա իր տեղը չէր: Մենք Սուրենին իսկապես սիրում ու գնահատում ենք, այս քայլից հետո՝ առավել ևս: Սուրենի հետ միակը խնդիրը եղել է դերասանական կազմի փոփոխության հարցի շուրջ: Ներեղություն է խնդրել, խնդիրը լուծվել է, անցել ենք առաջ: Այլ խնդիր չի եղել»:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը գեղարվեստական ղեկավար ունենա, թե ոչ՝ անժամկետ գործադուլը կշարունակվի, վստահեցնում է Ստեփան Ղամբարյանը: Իրենց խնդիրը տնօրեն Վիգեն Չալդրանյանի հետ է, միակ պահանջը՝ վերջինիս հրաժարականը թատրոնի տնօրենի պաշտոնից:

Ստեփանը բերում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի օրինակը՝ «գեղարվեստական ղեկավարին փոխեցին, թատրոնը ոտքի կանգնեց»: Ճիշտ որոշում կայացվի՝  նույն լուսավոր ապագան իրենց թատրոնին  կսպասի:

Իր հերթին Վիգեն Չալդրանյանը օրերս ասել էր, որ կատարել է կոլեկտիվի պահանջը՝ փոխել է թատրոնի գեղարվեստական ղեկավարին: Սուրեն Շահվերդյանի հրաժարականից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ «Ռադիոլուրի» հարցին Վիգեն Չալդրանյանը չպատասխանեց, փոխարենն ասաց՝ սպասենք, մամուլի ասուլիսով հանդես կգա:

Սպասել խորհուրդ են տալիս նաև Մշակույթի նախարարությունից: Նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը երեկ է վերադարձել արձակուրդից, խնդիրն օրակարգում է: Մշակույթի նախարարության փորձագետ Գարիկ Նազարյանն է մեկնաբանում:

«Իրավիճակն անպայման լուծում կստանա օրենքի սահմաններում, պարզապես այս պահին նպատակահարմար չէ դրա լուծումների մասին խոսել»:

Ինչպիսի՞ վերջաբան կունենա Համազգայինի «համազգային» դարձած հարցը, ոչ ոք չի կանխատեսնում. դերասանները շարունակում են մնալ անժամկետ գործադուլում, տնօրեն Վիգեն Չալդրանյանն՝ իր աշխատասենյակում՝ Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնում: