ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աժ-ում նկատելի է տրամադրությունների փոփոխություն
2018-10-08 16:25:50

Հոկտեմբերի 2-ի խորհրդարանական իրադարձություններից հետո քաղաքական իրավիճակը հանրապետությունում կրկին կտրուկ շրջադարձի փուլ է մտնում՝ վարչապետի Փարիզից վերադառնալուց հետո: Դեռ այնտեղ Փաշինյանը իրավիճակը քննարկել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այնտեղ է լսել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը եւ այնտեղ է նաեւ հանդիպել դաշնակցության ներկայացուցիչների հետ: Այսօրվա հայտարարություններում նկատվում է մոտեցումների որոշակի մեղմացում:

Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրություններում դեռեւս ոչինչ չի փոխվել: Սա անձամբ հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փոփոխություններ նրա մոտ նկատելի են հրաժարականի հարցի շուրջ: Ասում է՝ ժամկետների առումով դեռ հստակ որոշում չկա: 

Տրամադրությունների փոփոխություն այսօր արդեն նկատելի է Աժ-ում: Կողմերից մի քանիսը այլեւս վերջնագրերով չեն խոսում: Կտրուկ փոփոխությունը հատկապես նկատվում է «Ծառուկյան» խմբակցությունում: Այսօր այս խմբակցությունից ոչ ոք մեկնաբանություններ չի տալիս: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի է ունեցել ոչ պաշտոնական հանդիպում: Վարչապետը Փարիզում եղած ժամանակ Ծառուկյանի վերջին հարցազրույցից հասկացել է, որ նրանք պաշտպանում են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը: Այսօր արդեն կողմերը հանդիպելու են պաշտոնական համաձայնություններ ձեռք բերելու եւ հանգուցալուծման ճանապարհները քննարկելու համար: Այս տեղեկությունը կրկին հաստատում է վարչապետը.

Փաշինյանը կարծում է՝ դաշնակցության հետ եւս հանդիպում լինելու է: Ազդակներ զգացել է ոչ թե հայաստանյան, այլ Ֆրանսիայի դաշնակցականներից:

ԱԺ դաշնակցականների ձայնը դեռ զգուշավոր է: Ասում են՝ երբեւէ չեն խանգարի քաղաքական կոնսենսուսի իրականացմանը: Բայց նրանց խոսքում դեռ հնչում են «եթե»-ներ: Օրինակ՝ պատրաստ են անգամ հուշագիր ստորագրել, եթե այն բաղկացած չի լինելու մեկ կետից: Ընդհանրապես՝ կարեւորում են ընտրություններից առաջ մի շարք պայմանավորվածությունների կատարումը՝ լինի դա ԸՕ-ի փոփոխությունը կամ բոլոր քաղաքական ուժերի համար տրված հավասար մեկնարկային պայմանները: Դաշնակցության տեսակետը փոխանցում է պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

Այսպիսով՝ դաշնակցությունում խոսում են անվերապահ բոլոր քաղաքական ուժերի համաձայնության անհրաժեշտության մասին: Բայց այսօր խորհրդարանում դեռ կա մեկ ուժ, որը շարունակում է դեմ լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելում։ Այս պայմաններում ինչ կարող է կատարվել խորհրդարանում՝ լավ գիտեն «Ելք»-ի պատգամավորները: Խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը եւ պատգամավոր Հայկ Կոնջորյանը կարեւորում են նոր բանակցություններում բաց եւ պարզ խոսելու հանգամանքը:

Հանրապետականներն այսօր ԱԺ-ում այսօր էլ հստակ հայտարարեցին. որեւէ քննարկում չունեն արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացահայտեց հոկտեմբերի 1-ին վարչապետի հետ ունեցած քննարկումների էությունը:

Մայիս-հունիս ամիսներին ընտրության գնալու պարագայում ինքը խոստացել էր, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում Հանրապետականը այլ թեկնածու չի առաջադրի: Դեկտեմբերին ընտրությունների գնալու պարագայում նման որոշում չկա՝ ասում է: Բայց եւ բանակցությունների դուռը փակված դեռ չի համարում:

Ամեն դեպքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարծիք է հայտնել, որ դե ֆակտո խորհրդարանն արդեն լուծարված է, մնում է կարգավիճակը ամրագրել դե յուրե:

0:00
0:00