ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպե՞ս վարվել թափառող շների հետ, կարծիքները շատ են, լուծումը՝ անորոշ
2018-12-12 12:55:59

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցության ընթացքում հետաքրքրվել է թափառող շների խնդրով և նշել, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ է հայտարարվելու: Կենդանապաշտպան հասարակական կազմակերպությունները, սակայն ճիշտ են համարում հանրային ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը: Իսկ քաղաքապետարանից «Ռադիոլուրին» պատասխանեցին, որ հարցը դեռևս քննարկման փուլում է և դեռ չեն ցանկանում մեկնաբանել:

0:00
0:00

Կենդանասեր Գոհար Մանուշակյանն իր սեփական բնակարանում խնամում է 7 կատվի և 7 շան: Ժամանակավորապես էլ հետվիրահատական խնամք են ստանում ևս 7 շուն: Չի դժգոհում, հասցնում է բոլորի մասին էլ հոգ տանել: Եթե սովորաբար, բոլորը օրական մեկ անգամ են տուն մաքրում, ապա Գոհարի դեպքում, դա մի քանի անգամ է կրկնվում: Գոհարի հետ հանդիպեցի պոլիկլինիկայում, որտեղ երկու պուշոկներին տարել էր համապատասխան բուժօգնություն ստանալու:

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի թեժ գծին ամենաշատ զանգերը վերաբերել են թափառող կենդանիներին: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է դրան և նշել, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ է հայտարարվելու, որին ներկայացվելու են միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ: Քաղաքապետարանից «Ռադիոլուրին» պատասխանեցին, որ հարցը դեռևս քննարկման փուլում է և մեկնաբանությունների համար դեռ շուտ է:

Համաքաղաքացիները մեր հարցումների ընթացքում ևս դժգոհեցին թափառող շներից:

«Դինգո թիմ» հասարակական կազմակերպությունն ու կենդանապաշտպան մի քանի այլ կազմակերպություններ ի սկզբանե դեմ են արտահայտվել տենդեր անցկացնելուն: Հասարակական կազմակերպության նախագահ Օվսաննա Հովսեփյանը տեղեկացրեց, որ դեռ հոկտեմբերին դիմել են քաղաքային իշխանությանը և առաջակել ստեղծել հանրային ոչ առևտրային կազմակերպություն, որի շրջանակներում կկազմակերպվի անտուն կենդանիների շուրջ գործունեությունը: Ըստ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի՜ ծրագիրն արժանացել է նախնական հավանության, սակայն պաշտոնական որևէ քննարկում չի եղել: ՀՈԱԿ ստեղծելու դեպքում դրա վերահսկելիությունն ավելի թափանցիկ է դառնում և ավելի քիչ գումար է պահանջվում:

«Լինում է պետական կլինիկա, պետական կացարան, որը մշտապես, ամեն տարի կոնկրետ բյուջեով զբաղվում է անտուն կենդանիների մասսայական ստերջացմամբ: Իսկ տենդերի դեպքում ուղղակի հայտարարվում է, որ կա այսքան գումար և շահույթ հետապնդող ընկերությունները դիմում են և շահում են և այստեղ որոշակի գումար եթե չեմ սխալվում գնում է շահույթին մոտ 20 տոկոս: Եվ այն ավելի փակ է, քանի որ շահույթ հետապնդող կազմակերպությանը շատ ավելի դժվար է վերահսկել, քան ՀՈԱԿ-ին»:

Այս դեպքում շների քնեցման և ստերջացման միջև գումար խնայելու ռիսկն է նվազում, ասում է ավագանու անդամը:

«Օրինակ տենդերի դեպքում, նրանք ստանում են որոշակի գումար և կարող են օրինակ այսքան շան ստերջացման գումարի տակ խնայել»

Հասարական կազմակերպության նախագահը նաև նշեց, որ տենդեր հայտարարվելու դեպքում էլ իրենց կազմակերպությունը չի մասնակցելու: Քաղաքի կենդանիների համար հատկացվող գումարները վերահսկելու նպատակ չունեն: Անտուն կենդանիների հարցով այս պահին որևէ կազմակերպություն չի զաբաղվում:

2009 թվականից ամեն տարի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցող և հաղթող «Յունիգրաֆ-իքս» ընկերությունն այլևս չի գործում: Դեռ այս տարվա մայիսին ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ Երևանում թափառող շների ստերջացման և պատվաստման ծառայությունների մատուցման ընթացքում հայտնաբերել է մոտ 185 միլիոն դրամի յուրացումներ: Յունիգրաֆ-Իքսը տուգանվել է մոտ 11 միլիոն դրամով, իսկ տուգանել է ՍՊԸ-ից, բանկային երաշխիքին համապատասխան, Երևան քաղաքի բյուջե է տնօրեն Գագիկ Գևորգյանի դեմ հարուցվել է քրեական գործ: