ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նկարիչներն ակնկալում են հեղափոխություն նաեւ իրենց միությունում
2018-12-12 18:16:55

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Նկարիչների միությունում համագումարին ընդառաջ կրքերը չեն հանդարտվում: Նույն հարցերի շուրջ միության անդամներն ու նախագահն այլ բացատրություններ ունեն: Կրկին տեղում, բոլոր կողմերին լսել է «Ռադիոլուրը»: Կլինի արդյո՞ք թավշյա հեխափոխություն նկարիչների միությունում  20-ամյա ղեկավարումից հետո՝ պարզ կդառնա դեկտեմբերի 15-ին:


0:00
0:00

 

86-ամյա Նկարիչների միությունում լավ հաշվելու դեպքում 86 խնդիր էլ կգտնեն, ասում են միության անդամները: Խնդիրները փորձում են դասակարգել ըստ առաջնահերթության ու սկսում խոսել: 80 ամյա միության վերջին 20 տարիների ղեկավարը Կարեն Աղամյանն է։

Միության անդամները սա տարօրինակ են համարում  ընտրովի պաշտոնի դեպքում։ Անձի խնդիր չկա, ով էլ լինի՝ 2 անգամից ավել չպետք է ընտրվի որպես նախագահ, նկարիչների միության անդամ Զարուհի Մուրադյանի դիտարկումն է:

«Մենք գտնում ենք, որ կանոնադրության մեջ անպայման պետք է ամրագրվի նախագահի ժամկետը, և դա չլինի երկու անգամից ավել: Անկախ անձերից, երկու անգամից ավել ոչ ոք իրավունք չունի նախագահ լինել»:

Կարեն Աղամյանը հակադարձում է՝ խոսելով օրենքի սահմաններում: Ամեն 5 տարին մեկ համագումար է եղել, իրեն ընտրել են: 20 տարվա նախագահությունը շա՞տ չէ, հարցնում եմ: Պատասխանը հստակ է:

«Ես կարծում եմ, որ անելիքներ ունեմ, բայց նաև ուրախ կլինեմ, եթե այս համագումարին այլ թեկնածուներ էլ լինեն՝ հետաքրքիր ծրագրերով: Ինձ ձայն են տվել իմ ծրագրերի համար»:

Նկարիչների միության գլխին մոտավորապես 30 մլն պարտք է կուտակվել՝ թե որտեղի՞ց է գոյացել պարտքը, միության անդամները միայն կարող են ենթադրել։ Մի քանի անգամ փորձել են հարցի պատասխանը նախագահից ստանալ, չի ստացվել: Արդյունքը՝ խնդրի հանրայնացնում է, շեշտում են նկարիչները: Վահագն Գալստյանը դեռ գարնանը միության քարտուղարն էր: Ինքն է մանրամասնում:

«Մեզ դեռ գարնանը եկավ ծանուցում, որ մոտավորապես 30 մլն.-ի պարտք ունենք: Ենթադրում ենք, որ որևիցե մի թվականի, որևիցե մի գործարքից ԱԱՀ չմուծելու համար է կուտակվել պարտքը»:

Կարեն Աղամյանն ասում է՝ ստում են, իրեն ոչ ոք հարց չի տվել: Զարմանում է՝ եթե  այդքան սրտացավ են, ինչու որեւէ մեկը չի գնացել ու չի հարցրել պարտքի մասին:

«Նախ այդքան պարտք չկա, կան որոշակի պարտքեր եւ ես նպատակահարմար չեմ գտնում այդ մասին բարձրաձայնելու, դա մեր ներքին խոհանոցն է: Պարտքը կուտակվել է նախկին, մահացած հաշվապահի աշխատանքի սխալի պատճառով: Հարցը լուծվել է, պարտքը քիչ-քիչ կմարեն»:

Նկարիչների միության կանոնադրության մեջ վտանգավոր բացեր կան, ահազանգում են նկարիչները, սա միակ հարցն է, որին նախագահ Կարեն Աղամյանը չի հակադարձում: Բացեր կան, խնդիրներ ևս միությունն ունի, դրանք լուծել է պետք:

Այս պահին հայտնի են նախագահի երեք թեկնածուների անուններ՝ Սուրեն Սաֆարյան, Խաչիկ Աբրահամյան, Կարեն Աղամյան, բայց կավելանա՞ն այս ցուցակում անուններ, հայտնի չէ:

«Իր հոգեվիճակով ու կարգավիճակով միությունը 2018 թվականի հունվար-փետրվար ամսիների Հայաստանին է նման՝ հույս  չկար, որ մի բան կփոխվի, բայց փոխվեց»:

Ու հենց այս հույսով են Զարուհի Մուրադյանը եւ բողոքող մյուս նկարիչները պատրաստվում դեկտեմբերի 15-ի համագումարին: