ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պարզ հարց բարդ պատասխանով. ե՞րբ կհավաքվի նոր խորհրդարանը
2018-12-12 18:51:09

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ արտահերթ ընտրություններից, դրանց  նախնական արդյունքների հրապարակումից հետո  գլխավոր հարցերն արդեն տեղափոխվել են խորհրդարան:

Թե քանի պատգամավոր կունենա 7-րդ  գումարման խորհրդարանն ու  ինչպես կբաշխվեն մանդատները, կարծես թե պարզ է:  

Սակայն պարզվում է, որ բարդ է ամենապարզ հարցի պատասխանը. ե՞րբ կգումարվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։

0:00
0:00

Ազգային ժողովի 6-րդ գումարման խորհրդարանն ուներ 105 պատգամավոր, հաջորդ խորհրդարանն,  ըստ նախնական հաշվարկների, կազմված է լինելու 132 պատգամավորից: Այս տարբերությունը ԱԺ-ի համար պարզապես թվերի փոփոխություն չէ:

Սա աշխատասենյակների քանակի ավելացում է, գրանցման, քվեարկության համակարգերի  ծրագրային փոխություն, նիստերի դահլիճում տեղերի համալրում: Ազգային ժողովի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանն  ասում է ՝ այս ամենը հասցնելը բարդ չի լինի, քանի որ 131 պատգամավորով աշխատելու փորձ խորհրդարանը նախկինում ունեցել է:

 «Ժամանակին, երբ 131 պատգամավոր ենք ունեցել, դահլիճն այդ հնարավորությունն ունեցել է: Հիմա եթե 132 են, դա էլ կանենք: Բնականաբար աշխատակազմն աշխատում է, որ այդ աշխատանքներն ավարտի մինչև առաջին նիստը»:

Երբ է հրավիրվելու 7-րդ գումարման Ազգային ժողովի  առաջին նիստը: Սահմանադրության 90-րդ հոդվածն ասում է՝  նորընտիր խորհրդարանի  կազմավորումից հետո  երկրորդ երկուշաբթի օրը: Իսկ թե երբ է ԱԺ-ն համարվում կազմավորված, բացատրում է Ընտրական օրենսգիրքը: Այն պահին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո  7-րդ օրը որոշում է ընդունում Ազգային ժողով ընտրվելու և  մանդատների բաշխման մասին:

Արդյո՞ք այդ որոշումը դեկտեմբերի 16-ին կկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ հարցնում եմ   հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանին:

«Այս պահի դրությամբ 30-ից ավելի տեղամասերի վերահաշվարկ է իրականացվել: Այնքան աննշան են փոփորությունները, որ կարող ենք ենթադրել, որ արդյունքներն էական փոփոխություններ չեն կրի: Բայց միայն այս որոշումը չի նշանակում, որ ունենք Ազգային ժողով»:


ԱԺ ունենալու համար ԿԸՀ-ն նաև պետք է մանդատների բաշխման մասին որոշում ընդունի: Կանի՞ դա, թե՞ ոչ, Արմեն Սմբատյանը  չի մանրամասնում, բայց նաև նկատում է:

«Մինչև մանդատների գրանցումը ԿԸՀ-ն սովորաբար ժամանակ է տալիս քաղաքական ուժերին կողմնորոշվելու, թե ով է գնում ԱԺ, ով չի գնում, ով է գնում գործադիր»:

2017-ի ապրիլի 2-ի ընտրություններից հետո, օրինակ, վերջնական արդյունքների մասին արձանագրությունը ԿԸՀ-ն կազմել է ապրիլի 9-ին, իսկ մանդատների բաշխման մասին որոշումը կայացրել է ընտրություններից 1 ամիս անց՝ մայիսի 3-ին:

Եզրակացությունը հետևյալն է՝ 7- րդ գումարման ԱԺ առաջին նիստը  կախված ԿԸՀ որոշումից, հնարավոր է  գումարվի այս տարի, գուցե նաեւ հաջորդ տարի։ Սակայն օրակարգն արդեն պարզ է։ Առաջին նիստում են ընտրվում  ԱԺ նախագահը,  նրա տեղակալները,  հանձնաժողովների նախագահները:


Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկի հետ կլուծվի վարչապետի  նշանակման հարցը: Ընտրություն չի լինի, քանի որ նորընտիր խորհրդարանի դեպքում օրենսդրությունը նախատեսում է   խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուի նշանակում նախագահի կողմից: Վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում պետք է կառավարություն կազմավորվի: ԱԺ քարտուղարության պետը չի բացառում, որ մինչև նախարարներ նշանակելը,  գործադիրն  առաջարկի փոխել «Կառավարության կառուցվածքի մասին»  օրենքը:

Կառավարության օպտիմալացման, նախարարությունների թվի կրճատման մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է նախընտրական շրջանում ու դրանից առաջ էլ: Իսկ թե կփոխի իր կառավարության ձեւավորումից առա՞ջ, թե՞ հետո, առայժմ գիտեն միայն գործադիրում։