ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու են ավելացել Մարդու իրավունքների խախտումները
2018-12-12 19:06:07

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ամփոփել է  2018-ը՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Կազմակերպության տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ Հայաստանում մնում են չլուծված բազմաթիվ խնդիրներ, որոնք 30 տարի է իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում են:

Իրավապաշտպաններն արձանագրում են, որ հեղափոխությունից հետո մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգերն ավելացել են: Այդ աճը, նրանց խոսքով, սակայն, պայմանավորված է ոչ թե դեպքերի ավելացմամբ, այլ  իրավապահ եւ արդարադատության համակարգի նկատմամբ վստահության բարձրացմամբ:

0:00
0:00

Հայաստանում տեղի ուեցած հեղափոխությունից հետո մարդու իրավունքների խախտումների՝ վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների մասին ահազանգերն զգալի աճել են: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, իրավապաշտպանները հստակ պարզաբանում ունեն այս մասին:

«Ոչ թե գործերն են շատացել, այլ քաղաքացիների հավատն է ավելի շատացել, որովհետեւ հավատ ունեն, որ միգուցե  դիմեն ու դա ապարդյուն չլինի»: 

Իրավապաշտպան կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն, փաստաբան Շողինե Սողոմոնյանը փաստեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ այս տարի առաջին անգամ գրանցել են դեպք, երբ պաշտոնեայի կողմից «խոշտանգում» հոդվածով դեպքը հասել է դատարան:

Հեղափոխությունից հետո մարդկանց մոտ վստահություն կա եւ բարձրաձայնելուց չվախենալը կա՝ ասաց փաստաբանը: Խոշտանգման ենթարկվածներից որեւէ մեկի հետ զրուցել, սակայն, մենք չկարողացանք: Կոորդինատներ տրամադրելու իրավասություն փաստաբանը չուներ: Ասաց նաեւ, որ զոհերն ունեն մենթալիտետից ելնող հոգեբանական խոչընտոդներ:

Խոշտանգումների գործերով զբաղվող փաստաբան Արա Ղարագյոզյանը, սակայն, նկատում է, որ հեղափոխության օրերին ոստիկանության կողմից բացահայտ կիրառված բռնությունների արդյունքում խաղաղ ցույցերի մասնակից բազմաթիվ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ ստացան,  հարուցված գործեր կան, սակայն, չկան պատասխան տվողներ:

«Ցավալի փաստ է, որ միայն քրեական գործ է հարուցված, սակայն, այդ գործերով որեւէ ընթացք չկա ու որեւէ անձ մինչ օրս քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Գնահատական տրված չէ նաեւ քաղաքացիական հագուստով անձանց կողմից կիրառված բռնությունների մասով»:

Փաստաբանը մտահոգված է, ասաց՝ հույս ունի, որ ընտրություններից հետո դրական տեղաշարժ կլինի. բոլոր հանգամանքներին պետք է իրավական գնահատական տրվի, ինչը չափազանց կարեւոր է՝  հետագայում դրանց կրկնությունը բացառելու առումով:

Հայաստանում չլուծված են մնում մարդու իրավունքների հետ կապված այնպիսի հարցեր, որոնք անցած 28 տարիներին մեր ուշադրության ներքո են՝ ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Այսինքն՝ բավականին մեծ թվով, եթե մենք համեմատենք մեր նպատակների հետ, առաժմ ունենք ինչպես դաժան վերաբերմունք ուժային կառույցների կողմից, այնպես էլ ավելին, քան դատապարտելի վերաբերմունք փակ հիմնարկներում՝ բացահայտ դաժան վերաբերմունքը՝ խոշտանգումներ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող դաժան վերաբերմունք: Դա մնում է արդիական»:

Առաջին օմբուդսմենի խոսքով՝ տարբեր հարցերով կան կասկածներ, եթե դրանք չփարատվեն, ապա կստացվի, որ հանդուրժողականությունը մենք դրսեւորելու ենք անհանդուրժելի երեւույթների նկատմամբ: Դա մեծ ահազանգ է  նշանակում եւ բավականին վատ իրավիճակ խոստանում: Հասարակությունը հետեւաբար պետք է պահանջատեր լինի բոլոր հարցերում, որտեղ նկատվում է որեւէ խախտում՝ ձեւակերպեց Լարիսա Ալավերդյանը:

Գոյություն ունեցող խնդիրներից մեկի մասին էլ բարձարաձայնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Երևանյան գրասենյակի տնօրեն Շողինե Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ մասնավորապես խոշտանգաման դեպքերը քննելիս դատավորները չեն տիրապետում տարրական գիտելիքների:.

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն անդամ ունի նաեւ ՔԿՀ-երում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբում: Խմբի եւ իրենց կողմից արձանագրված տվյալների համաձայն՝ այս տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, գրանցվել է մարդու իրավունքների խախտման, վատ վերաբերմունքի եւ խոշտանգման 40 դեպք: