ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-13 10:05:53
  • «Փաստ». «Ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա». Թուրքագետ
  • «Հայկական Ժամանակ». Դիրքորոշումը նույնն է
  • «168 Ժամ». Ուղերձ՝ Ռուսաստանից
  • «Ժողովուրդ». ՍՈՒ-25 ինքնաթիռի սեւ արկղը փորձաքննության կուղարկվի Ռուսաստան
  • «Ժամանակ». Հանրությունը հավատում է ընդամենը մեկ մարդու

«Ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա»

«Փաստ» թերթում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ:

Նրա կարծիքով Հայաստանի վարչապետի հայտարարությունը Թուրքիայի կողմից, գուցեև չգտնի որևէ արձագանք, եթե կոնկրետ հարցադրում չարվի: Այսինքն, եթե որևէ լրագրող այդ թեմայի առնչությամբ հարցադրում չանի Թուրքիայի ԱԳ նախարարին, վարչապետին կամ նախագահին:

Թուրքագետը հիշեցրել է, որ ՀՀ բոլոր առաջնորդներն էլ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորելու պատրաստակամություն են ունեցել:

«Ամենամեծ ջատագովը եղել է առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանը, որն ամենաշատն էր մոտ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այդուհանդերձ, ոչինչ    տեղի չունեցավ: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ևս փոխադարձ հայտարարություններ եղան, բայց դրանից ավելի ոչինչ չեղավ: Ս. Սարգսյանի օրոք այդ ամենն առարկայական դարձավ, ստորագրվեցին հայ–թուրքական արձանագրությունները: Սակայն ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա. Արցախյան հարցի չկարգավորված լինելը Թուրքիայի համար թիվ մեկ նախապայմանն է: Թե՛ արձանագրությունները ստորագրելու ընթացքում, թե՛ դրանից առաջ և թե՛ հետո Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, այժմյան նախագահ Էրդողանը շեշտում էր՝ մինչև Արցախյան հարցը չկարգավորվի, սահմանը չենք բացելու»,–«Փաստի» հետ զրույցում ասել է թուրքագետը:

Վերադառնալով Ն. Փաշինյանի հայտարարությանը՝ թուրքագետն այն որակել է ադեկվատ և նորմալ՝ եկել է նոր իշխանություն և հայտարարում է, որ հարևանի հետ առանց նախապայմանի պատրաստ է հարաբերությունները կարգավորել: Սակայն այս պահին Թուրքիայում, ըստ նրա, որևէ իրադարձություն չկա, որը կնպաստի դրական պատասխանի:

Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է, բայց խնդիրը Թուրքիայի կողմում է: Երբ Թուրքիային ավելի անհրաժեշտ կլինի՝ կգնա սահմանի բացմանը:

«Ավելի ուղիղ ասեմ, երբ Թուրքիայի համար սահմանի բացումը ինչ–ինչ պատճառներից ելնելով՝ ավելի կարևոր կլինի, քան Ադրբեջանը: Այս պահին, սակայն, նման իրավիճակ նույնիսկ հեռանկարում չի երևում: Նման պատճառներ Թուրքիան այս պահին չունի», - նշել է նա:

Դիրքորոշումը նույնն է

«Հայկական Ժամանակ»-ը նույնպես տեսանելի ապագայում չի տեսնում հայ-թուրքական սահմանների բացման կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման որևէ նախադրյալ:

«Կողմերի դիրքորոշումները ակնհայտ ցույց են տալիս, որ տարբեր են թե՛ նպատակները, թե՛ դրանց հասնելու ճանապարհները: Հայաստանի համար կարևորը հարաբերությունների կարգավորումն է, իսկ Թուրքիայի նպատակը գործընթացից հնարավորինս շատ օգուտ քաղելը՝ հնարավորության դեպքում նաև «եղբայրական Ադրբեջանի համար»:

Այդուհանդերձ, այն որ հարաբերությունների հաստատումը և հայ թուրքական սահմանի բացումը, մեղմ ասած, քիչ հավանական է, չի նշանակում, որ պետք է դադարեցնել հայկական կողմից առանց նախապայմանների հարաբերություններ հաստատաելու պատրաստակամությունը»,- գրում է թերթը:

ՍՈՒ-25 ինքնաթիռի սեւ արկղը փորձաքննության կուղարկվի Ռուսաստան

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ:

Աղետի հետեւանքով զոհվել էր երկու օդաչու` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով` թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու համար:

«Եւ ահա դեպքի վայրից հայտնաբերված սեւ արկղը հիմա ուղարկվելու է ՌԴ: Պատճառը, ինչպես թերթն է նշում, ինքնաթիռի սեւ արկղի վնասվածության աստիճանն է: Հայ փորձագետները տեղում չեն կարողացել սեւ արկղի պարունակությունը` այնտեղ եղած ձայնագրությունները, վերծանել, ուստի նման որոշում է կայացվել: Հիմա ՌԴ-ում հայ եւ ռուս փորձագետները համատեղ այն զննության կենթարկեն»,-գրում է թերթը:

Ուղերձ՝ Ռուսաստանից

«168 Ժամի» հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովն անդրադարձել է հարցին, թե ինչու է ռուսական կողմը հապաղում շնորհավորել իշխող ուժին՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

«Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, այնուամենայնիվ, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների մասին»,-ասել է նա:

Նա նկատել է, որ տարբեր պատճառներ կարող են լինել ուշացման համար: Թերթի դիտարկմանը, թե նախկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի կապակցությամբ, Մոդեստ Կոլերովն արձագանքել է՝ ասելով, որ՝ այո՛, ստեղծված իրավիճակի համար կան պատճառներ։ Ռուս փորձագետն ասել է, որ ստեղծված իրավիճակը պետք է որ կապված լինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման հետ։

Իսկ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի գնահատմամբ՝ սա բացառիկ հանգամանք է հայ-ռուսական հարաբերությունների դեպքում, թեև պրակտիկայում նորմալ է, երբ շնորհավորանքները կարող են ուշանալ։ Բայց, նրա խոսքով, եթե շնորհավորանքի ավանդական մակարդակը ու ժամկետները փոխվում են, դա ազդանշան է, որ հարաբերություններում կա խնդիր, անվստահություն։

«Այնուամենայնիվ, սա ուղերձ է, որ կա խնդիր: Եթե նույնիսկ շնորհավորանք լինի, ապա ռուսական կողմն արդեն իսկ փոխանցեց իր ուղերձը, և ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, տեղյակ են, թե հարցն ինչումն է»,- ասել է Ալեքսանդր Ռարը։

Հանրությունը հավատում է ընդամենը մեկ մարդու

«Ժամանակ»-ը քաղաքագետ Մանվել Սարգսյանից հետաքրքրվել է՝ որքանո՞վ է կարող անձի իշխանությունը դեր ունենալ նոր Հայաստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերի գնահատմամբ «Իմ քայլը» նման տոկոսներ ստացավ առավելապես Նիկոլ Փաշինյանի հեղինակության շնորհիվ:

Ըստ թերթի զրուցակցի հեղափոխական իրավիճակից հետո «լինում են նման բաներ և մեզ մոտ էլ մեկ մարդու որոշումով է ամեն ինչ որոշվում»: Հանրության տրամադրությունն է այդպիսին՝ հավատում է միայն մեկ մարդու: Եվ եթե հանրության վերաբերմունքը փոխվի նրա նկատմամբ, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն:

Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա կուսակցական համակարգը մերժվել է ժողովրդի կողմից դեռ մինչև հեղափոխությունը:

«Մարդիկ վստահություն որևէ կուսակցության նկատմամբ չունեին, և հիմա բնական է, որ հին կուսակցությունները դուրս են մնացել և ընդամենը Ծառուկյանի կուսակցությունն է անցել, այն էլ հին իներցիայով ինչ-որ քանակի ձայներ է վերցրել՝ օգտվելով հին ԸՕ-ից: Եվ եթե յդ փոփոխություններ լինեին, այդ ուժին էլ կշպրտեին քաղաքական դաշտից: Իրականությունն այն է, որ մարդիկ չեն հավատում կուսակցություններին», - գրում է թերթը: