ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Որքա՞ն կարժենա ավելացած պատգամավորների ներկայությունը ԱԺ-ում
2018-12-13 18:14:24

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Եղել են ժամանակներ, երբ ԱԺ դերի բարձրացման համար փոխվեց խորհրդարանի ներքին հարդարանքը՝ հին ուղղանկյուն դահլիճը դարձավ շրջանաձեւ, գորգերը եւ աթոռները դարձան ավելի փափուկ, բայց հանրությունն այդպես էլ դժգոհ էր մնում օրենսդիր մարմնի աշխատանքից: Հանրության կողմից ձեւավորված նոր խորհրդարանի անդամները առաջիկայում պատրաստվում են մուտք գործել օրենսդիր դաշտ: Նախկինի համեմատ, նրանց թիվը ավելանում է եւ դա, կարծես թե նորություն էր շարքային ընտրողների համար:

0:00
0:00

Շարքային ընտրողները ընտրություններից հետո միայն պարզեցին, որ ԱԺ-ում պատգամավորների թիվն ավելացավ 27-ով: Ինչո՞ւ այդպես ստացվեց եւ ինչ նոր խնդիրներ կարող են առաջանալ՝ սա արդեն ընտրություններից հետո ծավալվող քննարկումների հիմնական թեման է:

Առաջին հետեւանքն, իհարկե, ֆինանսական է:  ԱԺ պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է: Կոպիտ հաշվարկներով՝ 27 պատգամավորի համար պետական բյուջեից ամսական վճարվելու է 17 միլիոնից ավելի գումար:

5 տարվա արժեքը՝ 1 միլիարդից ավելի է: Ֆեյսբուքյան ակտիվ քննարկումները մի կողմ դնելով՝ փորձեցի շրջել քաղաքում եւ անձամբ պարզել քաղաքացիների վերաբերմունքը այս ամենի հանդեպ:

  • Ճիշտն ասած, մի քիչ անսպասելի էր քանակի մասով:
  • Կարծում եմ անհրաժեշտություն չկար: Կարող էին այդ գումարը ուրիշ նպատակների համար օգտագործեին:
  • Ես, ճիշտն ասած, հաշվարկների հետ վատ եմ: Երեւի այդպես է անհրաժեշտ:
  • Առանձնապես մեծ տարբերություն չկա: Սահմանադրությունը, որ ենթադրում է, որ այդքան պետք է լինի՝ ի՞նչ անենք:

Հարցախույզից պարզ է, որ քաղաքացիներից քչերն են տեղյակ, թե ինչու եւ ինչպես պատգամավորների թիվը նախորդ 105-ից դարձավ 132: Այստեղ կարգավորումները թաքնված են 2015- ի Սահմանադրության եւ ԸՕ-ի պահանջների մեջ: Կա հստակ կետ, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է կազմի առնվազն 30 տոկոս: Հաղթող հեղափոխական ուժի ստացած ձայները չեն նվազեցվում, մինչեւ անհրաժեշտ սանդղակին հասնելու համար ավելացվում են  ընդդիմության տեղերը:

Քանակը որակ չի ապահովում՝ համոզված է նախկին ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նա աշխատել է  4-րդ եւ 5-րդ գումարման խորհրդարաններում, երբ հստակ 131 պատգամավոր էր աշխատում:

«131 պատգամավորից մարդիկ կային, ում ես դեմքով տեսել էի այն պահին, երբ գալիս էին սեղմելու կոճակները, բայց նրանց անուն ազգանունով չգիտեի: Նրանք որեւէ մի անգամ այնտեղից ելույթ չէին ունեցել: Խորհրդարանը հենց այն տեղն է, որտեղ պետք է լինեն մտքերի, կարծիքների փոխանակում, բախումներ՝ եթե անհրաժեշտ է: Սա պետք է լինի, որպեսզի ընդունենք լավագույն որոշումները: Մենք տեսել ենք մարդկանց, բայց նրանց աշխատանքը չենք տեսել, տեսել ենք միայն կոճակը սեղմելիս»:

Տարբեր գումարումների Աժ-ում շատ բան չի փոխվել: Պարզապես վերջին 1 տարվա ընթացքում շենքում անընդհատ վերանորոգումներ են իրականացվել: Հայաստանի պատմության մեջ ամենակարճ կյանքն ունեցած խորհրդարանի առանձին պատգամավորներ՝ իրենց հաշվին եւ իրենց ճաշակով էին վերափոխում աշխատասենյակները:

Բացի դրանից, պետբյուջեի հաշվին թարմացվեցին սանհանգույցները, ջեռուցման համակարգերը,  հատակները, ուղեգորգերը եւ ընդհանրապես՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցները: Ընդհանուր առմամբ, խորհրդարանի «թարմացման» համար ծախսվել է շուրջ 138 միլիոն դրամ:

Այս պահին խորհրդարանում աշխատում են ոչ թե պատգամավորները, այլ՝ շինարարները: Վերջին տարվա վերանորոգման բոլոր աշխատանքներըն արդեն մոտենում են ավարտին: Այստեղ մտադրված չեն նոր վերանորոգումներ սկսել՝ պատգամավորների թվի ավելացման կապակցությամբ: Եղել են ժամանակներ, երբ ԱԺ հին եւ նոր մասնաշենքերում տեղավորվել է 131 պատգամավոր, այնպես որ՝ աշխատասենյակների խնդիր կարծես թե չկա, չկա նաեւ նոր վերանորոգումներ սկսելու անհրաժեշտություն: