ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր փաստաթուղթ ու նոր պնդումներ. Գերմանիայում «հայկական մաֆիայի» հետքերով
2018-12-14 14:02:41

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Մի քանի ամիս գերմանական մամուլում ակտիվորեն քննարկվում էր ենթադրյալ հայկական մաֆիայի խնդիրը։ «Ռադիոլուրը» գերմանական հատուկ ծառայությունից ստացել է պաշտոնական զեկույց, համադրել այն «Շպիգելի» հրապարակումների եւ դրա հեղինակից ստացած պարզաբանումների հետ եւ փորձել պարզել՝ ո՞ւր են տանում հայկական մաֆիայի հետքերը, եթե դրանք իրոք կան։

0:00
0:00

Գերմանական հանրահայտ «Շպիգել» պարբերականի թղթակից Մայկ Բաումգերթները պնդում է իր լրատվամիջոցի ենթադրությունը հայկական մաֆիայի գոյության մասին: «Ռադիոլուրի» հետ զրույցում ենթադրյալ հայկական մաֆիայի մասին հրապարակումների շարքի համահեղինակ Բաումգերթները կրկին հղում է կատարել իրենց հրապարակումների վրա, ըստ որոնց՝ հայ հայտնի մարզիկներ Կարո Մուրատը, Արթուր Աբրահամը եւ վերջինիս եղբայր Ալեքսանդրը հավանական կապեր ունեն հայկական ծագմամբ կազմակերպված հանցավոր խմբերի հետ:

Գերմանացի լրագրողը «Ռադիոլուրին» տեղեկացրել է՝ իրենց թիմը շարունակում է հետաքննությունն ու չի բացառել առաջիկայում այս գործին ուղղակի առնչվող բարձրաստիճան հայ պաշտոնյաների անունների հրապարակումը եւս: Իսկ առայժմ չի մեկնաբանվում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին առնչվող որեւէ տեղեկություն, քանի դեռ նրա հետ հարաբերություններն իրավական հարթության մեջ են։ Ուժի մեջ է Բեռլինի երկրամասի դատարանի որոշումը, ըստ որի՝ գերմանական լրատվամիջոցներին սպառնում է մինչև 250 հազար եվրո տուգանք կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք, եթե շարունակեն շրջանառել հայ դիվանագետի անունը ենթադրյալ հայկական մաֆիայի հետ կապ ունենալու համատեքստում, քանի դեռ պաշտոնապես չեն հրապարակվել ապացույցներ: Մայք Բաումգերթներ.

«Պնդումները, թե այս հրապարակումն ինչ-որ պետական ազդեցությամբ է ներկայացվել, լրագրողների համար առօրյա են դարձել: Սակայն դրանք անհիմն են: Մի մտահոգվեք՝ այս հոդվածի հետեւում ոչ գերմանական, ոչ էլ այլ երկրի կառավարության կամ այլ ուժերի ազդեցություն չկա: Ոչ մեկը մեզ չի ստիպում հաղորդել այնպես, ինչպես մենք ենք հաղորդում»:

«Պնդումները, թե այս հրապարակումն ինչ-որ պետական ազդեցությամբ է ներկայացվել, լրագրողների համար առօրյա են դարձել: Սակայն դրանք անհիմն են: Մի մտահոգվեք՝ այս հոդվածի հետեւում ոչ գերմանական, ոչ էլ այլ երկրի կառավարության կամ այլ ուժերի ազդեցություն չկա: Ոչ մեկը մեզ չի ստիպում հաղորդել այնպես, ինչպես մենք ենք հաղորդում»:

«Շպիգելն» այս թեմայի բերումով կապ է հաստատել նաեւ դեսպանի հետ, սակայն թղթակիցը մանրամասներ չի հաղորդում: Դեսպան Աշոտ Սմբատյանն ինքն էլ զերծ է մնում մեկնաբանություններից: «Ռադիոլուրն» ակնկալում է այս թեմայով պարզաբանում նաեւ դեսպանի շահերը Բեռլինում պաշտպանող գերմանացի փաստաբանից: Մինչ այդ, սակայն, ՀՀ ԱԳՆ-ից հայտարարում են՝ գերմանական իրավապահ մարմիններից ստացվել է դեսպանին առնչվող քրեական գործի մասին հարցման պատասխանը: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան:

ԱԳՆ-ն կապ է հաստատել Գերմանիայի պատկան մարմինների հետ՝ ճշտելու գերմանական մամուլում հայտնված պնդումների հավաստիությունը: Եւ այժմ մենք լիակատար վստահությամբ հաստատում ենք՝ Գերմանիայում որեւէ տեղեկություն չկա հետաքննության մասին, որը վերաբերում է այդ երկրում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին: Որպես այդպիսին կազմված գործ չկա, որը փոխանցված լինի պատկան մարմնին:

Ի վերջո՝ հայկական մաֆիա գոյություն ունի՞, թե ոչ: Չափազանցված չէ՞ հայկական հանցավոր խմբերին մաֆիա անվանելը: «Շպիգելի» թղթակից Մայկ Բաումգերթները հղում է կատարում իրենց աղբյուրներին, հատկապես Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային ծառայությանն ու փոխանցում՝

«Հայկական մաֆիա ասելով նկատի են առնվում հայկական ծագմամբ կազմակերպված հանցավորության կառույցները: Ձեւակերպումը մենք փոխառել ենք Գերմանիայի քրեական գործերի դաշնային ծառայությունից, որը 3 տարվա քննչական աշխատանքից ու այս ամառ ավարտված «ՖԱԹԻԼ» գործողությունից հետո հանգել է արդյունքի, որ Գերմանիայում հայկական մաֆիա գոյություն ունի»:

«Շպիգելի» թղթակցի վկայակոչած փաստաթուղթը հասանելի դարձավ նաեւ «Ռադիոլուրին»: Գերմանիայի քրեական գործերի դաշնային ծառայությունից մեզ տրամադրվեց 2016-2017 թվականներին Գերմանիայում հանցավորության ընդհանուր պատկերը ներկայացնող զեկույցը:

67 էջանոց փաստաթղթում, սակայն, հայկական մաֆիայի ու այս օպերացիայի մասին որեւէ խոսք չկա: Թեեւ ԶԼՄ-ները խոսում են վերջին 3 տարվա մասին, ու մատնանշված զեկույցում 2018-ի արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, ըստ պաշտոնական տվյալների, վերջին 3 տարվանից 2-ի ընթացքում 40 հազարանոց հայ համայնքի կամ հայերի ներգրավմամբ հանցավոր խմբերի կողմից իրականացված հանցագործությունների աճ չի գրանցվել:

2016-2017 թվականներին 3-ական քրեական գործ է հարուցվել Գերմանիայում հայերի կողմից կազմակերպված հանցավորության դեմ: Այս գործերով անցնում է  38 կասկածյալ եւ 4 նոր կասկածյալ:

Ավելի վաղ, իրենց վստահելի աղբյուրներին հղումով, «Շպիգել»-ը և Mitteldeutscher Rundfunk-ը հայտարարել էին, թե հայկական հանցագործ խմբերի դեմ հատուկ գործողությունը՝ FATIL-ը, Գերմանիայում հանցավորության դեմ պայքարի ամենալուրջ գործերից է: ԶԼՄ-ներն էլ իրենց տվյալներն էին փոխանցել, թե արդեն 14 գործ է հարուցվել, 42 անձի դեմ ֆինանսական հետաքննություն է անցկացվել, այդ թվում՝ միլիոնների հասնող փողերի լվացման մեղադրանքով: Այս թվերը պաշտոնական թվերին թեեւ մոտ են, բայց չեն համընկնում: «Շպիգելի» թղթակիցն իրենց ու պաշտոնական տվյալների տարբերության մասով նկատում է՝

Դաշնային ծառայության ներկայացրած պատկերն ընդհանուր է ու շատ մանրամասներ չի պարունակում: Բացի այդ՝ «ՖԱԹԻԼ» նախագիծն ավարտվել է 2018-ի ամռանը, (այնինչ զեկույցն ընդգրկում է 2016-2017 թվականները՝ հեղ.): Իսկ մեր հրապարակման հիմքում, վստահաբար, շատ ավելի մեծաթիվ աղբյուրներ կան, որոնք բացահայտել չենք կարող:

Հետաքննությանը, ըստ լուրերի, միացել են նաև Եվրոպոլն ու Դաշնային քրեական ծառայությունը: Այնինչ նույն ծառայության լրատվական բաժնից Բարբարա Հյուբների տրամադրած տվյալներով՝ Եվրոպոլի հետ սերտ գործակցություն կա հանցավորության դեմ ողջ պայքարում, ոչ միայն հայերի դեպքում: Հյուբների փոխանցած փաստաթղթում որեւէ կերպ արտացոլված չեն «հայկական մաֆիայի» մասին տեղեկություններ, որոնք մասամբ վերագրվում են հենց իր ներկայացրած ծառայությանը: Նույն փաստաթղթում «մաֆիա» բնորոշմամբ անդրադարձ կա իտալական հանցավոր խմբերին՝ անգամ դրանց անուններով՝ «Կոզա նոստրա», «Կամորա» և այլն: Անգամ դրանց հետ կապ ունեցող ազգություններն են թվարկվել՝ գերմանացիներ, թուրքեր, ալբանացիներ, բայց հայերը չեն հիշատակվում, ինչպես, սակայն, պնդում էր «Շպիգելը»՝ կեղծ փողերի դեպքեր մատնանշելով: Առհասարակ, ըստ պաշտոնական վիճակագրության, Գերմանիայում 2013-2017 թ.թ. ոչ գերմանացիների կողմից հանցագործություններն ավելացել են, բայց հայերը կրկին հատուկ չեն հիշատակվում:

Եթե թեմայի հիմքում լուրջ փաստեր լինեին, դաշնային իրավապահ մարմինները չէին հապաղի կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ասում է Գերմանիայում գործող «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը:

«Անպայման միտում եմ տեսնում, կարծում եմ՝ դրա հետեւում չափազանց շահագրգիռ մարդիկ կան, որոնք շարունակ փորձում են թեման օրակարգում պահել: Ունեմ ենթադրություններ, բայց կդժվարանամ կոնկրետ անուններ տալ: Իրավունք չունեմ այս պահին սիրողական գնահատական տալ»:

«Անպայման միտում եմ տեսնում, կարծում եմ՝ դրա հետեւում չափազանց շահագրգիռ մարդիկ կան, որոնք շարունակ փորձում են թեման օրակարգում պահել: Ունեմ ենթադրություններ, բայց կդժվարանամ կոնկրետ անուններ տալ: Իրավունք չունեմ այս պահին սիրողական գնահատական տալ»:

Գերմանական հանրահայտ «Դոյչե Վելլե»-ի երկարամյա թղթակից, գերմանացի լրագրող Քրիստոֆ Լանցը «Ռադիոլուրի» հետ զրույցում հետեւյալ դիտարկումն է անում՝ եթե Գերմանիայում փողոցում որեւէ մեկին կանգնեցնես ու հարցնես՝ արդյոք հայերը մաֆիոզ են, հաստատ զարմացած կնայեն դեմքիդ:

«Գերմանիայում կա կազմակերպված հանցավորություն, որը կարելի է նաեւ մաֆիա անվանել: Սակայն հայերի կողմից հանցավորությունն ամենամեծ խնդիրը չէ, որ մենք ունենք Գերմանիայում: Ամենալուրջ խնդիրներն արաբական կլանների հետ են: Նաեւ թուրքերի, չեչենների: Մենք խոսում ենք նաեւ «ռուս-եվրասիական» հանցավոր խմբավորումների մասին: Դրանցում իրենց դերն ունեն նաեւ հայերը, սակայն միայն դրանց թվում»:

Հայկական մաֆիան Գերմանիայում թեմա չէ՝ պնդում է գերմանացի լրագրողը։ Ուստի բացառված չէ, որ այս հրապարակումները կարող են ենթադրությունների կամ sex and crime շարքից լինել: Գերմանական ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, սակայն դեռ չունի բավարար ապացույցներ «հայկական մաֆիայի» գոյության մասին, ուստի դրանք ունենալ չէր կարող նաև գերմանական լրատվամիջոցը: Սեփական աղբյուրներին հղումով մաֆիայի մասին հայտարարությունները նոր լուրջ պաշտոնական հիմքեր են պահանջում: