ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գործազրկության ու կրթության կապը. ինչ են ցույց տալիս թվերը
2018-12-15 11:10:58

Իզաբել Սահակյան
«Ռադիոլուր»-ի համար


Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի՝ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է:
 

0:00
0:00


Գագիկ Ֆրունջյանը կնոջ և վեց անչափահաս երեխաների հետ ապրում է Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում: Ավագ որդին՝15 ամյա Հակոբը, 9-րդ դասարանն ավարտելուց հետո դուրս է եկել դպրոցից աշխատելու համար և ուսումը շարունակել չի էլ ցանկանում: Դպրոցում սովորելիս էլ աշխատում էր օրական 2000 դրամ վարձավճարով:

«Խանութում էի աշխատում», -ասում է Հակոբը:

Դեռ մեկ ամիս առաջ ընտանիքը կանգնած էր դրսում հայտնվելու վտանգի առաջ: Գագիկ Ֆրունջյանի խոսքով՝ բնակարանային հարցը գրեթե լուծված է:

«Վար
ձով տուն ենք գտել, պետք է տեղափոխվենք»,- ասում է Ֆրունջանը :

Դրամական միջոցների հայթայթումից բացի ընտանիքն ունի ևս մեկ խնդիր: Գագիկն էլ, Հակոբն էլ առողջական խնդիրներ ունեն: Հակոբին  մեկ անգամ արդեն վիրահատել են: Երկրորդ վիրահատության համար, սակայն, անհրաժեշտ է նաև զորամասի թույլտվությունը, քանի որ Հակոբը 15 տարեկան է: Գագիկի խոսքով զորամաս արդեն դիմել են և սպասում են պատասխանին:

«Զորամասից պետք է թուղթ բերվի, որ կարողանանք վիրահատել: Եթե վիրահատենք առանց թույլտվության, վաղը խնդրի առաջ կկանգնի»:
  
Գագիկն էլ ունի քրոնիկ ասթմա: Թեև իր հիվանդությանը հակացուցված են ջերմոցային պայմանները, նա կնոջ հետ աշխատել է ջերմոցում: 

«Մենք էլ էինք աշխատում: Ես հիվանդ վիճակով աշխատում էի: Միայն երեխայի աշխատելով չի» :

«Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանը վստահեցնում է.
«Երեխային զրկելով կամ հնարավորություն չտալով ստանալ կրթություն՝ ոչ միայն խախտում ենք նրա կրթության իրավունքը, այլև հետագայում խախտում ենք նրա աշխատանքային և մյուս իրավունքները: Միայն կրթություն ստացած անձը հնրավորություն ունի աշխատաշուկայում իրեն դրսևորելու» :
 
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցից համաձայն՝ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է:

2016թ.-ին աղքատ համարվող քաղաքացիների շրջանում միայն 16.8 % ուներ բարձրագույն կրթություն: Մինչդեռ տարրական և ցածր կրթություն ունեցողները կազմել են 41%:                                                                  

Սակայն բարձրագույն կրթության առկայությունն էլ ամենևին չի ապահովագրում գործազրկությունից:
 

Երևանում բնակվող Վարդգես Պողոսյանն ընտանիքի միակ աշխատողն է: Ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը:

«Արդեն  10 տարի է չեմ կարող աշխատանք գտնել»:

Վարդգեսի խոսքով՝ մասնագիտությունը պահանջված չէ: Ստիպված է զբաղվել բանվորությամբ, իսկ ձմռանն ընտանիքն ապրում է նպաստով: Ասում է՝ Երևան տեղափոխվելն ամենամեծ սխալն էր: Գյուղում հողատարածք ունեին և զբաղվում էին հավաբուծությամբ:

Սոցիալական ապահովության պետական ծառայության տվյալների համաձայն 2017-ին գործազուրկների թիվը նախորդ՝ 2016- ի համեմատ նվազել է 12,7 տոկոսով։


Սակայն շարունակում է
բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը։ Գործազուրկների մեջ կանայք կազմում են կեսից ավելին՝ մոտ 67 տոկոսը։

Գործազուրկների թիվը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 70236, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ նվազել է 12,7 տոկոսով (80492):

Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 66.7 տոկոսը կամ 46838 անձ: Գործազուրկների 4,2 տոկոսը (2983 անձ) հաշմանդամություն ունեցող անձինք են: