Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Ծանր հանքարդյունաբերություն՝ անվերահսկելի ու քայքայիչ թե' մարդու առողջության, թե' շրջակա միջավայրի համար. եվրոպացի փորձագետները զարմացած են ու մտահոգ՝ Լոռու մարզի օդի աղտոտվածության հետ կապված խնդիրներից:
Մտահոգությունը միայն մեկ մարզից է, քանի որ չեխ գիտնականներն այնտեղ են ուսումնասիրություն կատարել: Հայ գիտնականները նույնպես հետազոտություններ են կատարել:
Թեղուտ, Ալավերդի, Ախթալա, Շնող ու ոչ միայն… Լոռու մարզի գյուղական ու քաղաքային համայնքներում աղտոտված են հողը, ջուրն ու հատկապես հավկիթը:
Հետազոտությունը չեխ մասնագետներինն է, Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներումեն պարզել, որ օրինակ, հավկիթի մեջ քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին կա:
Լոռու մարզի օդի աղտոտվածության մասին նաև Չեխիայում են խոսել՝
«Օդի աղտոտվածությունը եվրոպական քաղաքներում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ: Պատկերը եվրոպացիներին մտահոգել է՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:
Մենք դեռևս այդպես ծանր հանքարդյունաբերություն ունենք, անվերահսկելի ու քայքայիչ թե՛ մարդու առողջության, թե՛ շրջակա միջավայրի համար:
Զրուցակիցս, բնակվելով Ալավերդիում, գիտի՝ օդն աղտոտված է, սակայն հայտարարություններին, որ Ալավերդու հավկիթները քաղցկեղածին են, վերապահումներով է մոտենում.
«Հոդվածներ դուրս եկան, որ Ալավերդու ձուն քաղցկեղածին է, կարծում եմ շատ սուր հայտարարություն է, բայց այն, որ ձվի մեջ հայտնաբերվել է բոլոր վնասակար ծանր մետաղների՝ մի քանի հարյուր անգամ ավելի առկայությունը, դա փաստ է»:
Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում իրենց հետազոտության տվյալներն է մատնանշում: Ուսումնասիրել են Ալավերդիում աճեցված պտուղ-բանջարեղենի աղտոտման առանձնահատկությունները, ինչպես նաեւ ծանր մետաղների ներազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Ակնհայտ է, որ թուզը և կարտոֆիլը նույն քանակով չեն օգտագործվում, ասում է փորձագետը:
Հանքարդյունաբերական ձեռնարկություններին մոտ գտնվող համայնքները փոխհատուցում են ստանում՝ շրջակա միջավայրի պահպանության ու առողջապահական խնդիրների համար:
Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստում է՝ Ալավերդու պղնձաձուլարանը գումար փոխանցում է, իրենք այն ուղղում են մանկապարտեզների սաների ու հղիների առողջության պահպանման ծրագրերն:
Մասնագետները նաև փաստում են՝ Թեղուտի հանքի շահագործումից հետո Շնող գետի աղտոտվածության աստիճանը բարձրացավ՝ երրորդից դառնալով հինգերորդ կատեգորիա։