ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կենդանաբանական այգու հերթական «սայթաքումը»
2018-12-14 18:53:56

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Ուղիղ մեկ ամսվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգին կորցրել է 3 տարբեր տեսակի կենդանի: Առաջին երկուսի անկման պատճառը պարզվել է, երրորդինը՝ պարզվում է: Նախկին ու ներկա աշխատակիցներն այս ամենում մեղադրում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, կենդանաբանական այգին՝ արձանագրում է փաստերը:

0:00
0:00

Երևանի կենդանաբանական  այգու շուրջ նորից աղմուկ է. նախկին ու ներկա աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Երեկ առավոտյան այգու բեզոարյան այծերից մեկին գտել էին անկած վիճակում: Սա կենդանու անկման 3-րդ դեպքն է վերջին մեկ ամսում: Բողոքի ակցիա իրականացնողները պնդում են՝ բեզոարյան այծի անկման պատճառն այն չէ, ինչ հրամցվում են պաշտոնապես, այլ այն, որ այծը փախել է տարածքից և նրան ճանապարհին մեքենա է հարվածել:

«Այծը, դուրս գալով հայտնվել է Մյասնիկյան պողոտայում, որտեղ էլ մեքենան հարվածել է կենդանուն: Ես միշտ դեմ եմ եղել բեզոարյան այծերի ու պոզավոր կենդանիների մոտ էլեկտրական հովիներ տեղադրելուն»:

Բեզոարյան այծի անկման  պատճառի մասին պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա, ո՞րն է եղել այծի անկման պատճառը՝ կպարզի հետաքննությունը:

Կենդանաբանական այգու համար յուրաքանչյուր կենդանու կորուստը մեծ է, այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանն է ասում: Բեզոարյան այծի անկման մասին «Ռադիոլուրին» հայտնում է փորձաքննության նախնական տվյալները:

«Կենդանու մոտ եղել է սթրես ու ցավային շոկ, բայց սա դեռ վարկած է, ենթադրություն»:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ կենդանիների խնամքի հետ կապված խնդիրներ կան, շատ հարցերում մասնագետների կարծիքը չեն ցանկանում լսել: Տնօրինության կողմից  ճնշում էլ կա՝ պնդում են: Նկատողության ծանուցումներ են ստանում և դրա միակ պատճառը տնօրենի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին մասնակցելն է:

Գայանե Գփոյանը 11 տարի է աշխատում է այգում, սիրով զբաղվում է կապիկների խնամքով, բայց աշխատանքային ոչ նորմալ պայմաններում:

«Ծանուցում են ուղարկել բացատրագիր ներկայացնելու պահանջով. եթե ասեի, որ տնօրենին դեմ չեմ, ապրի Ռուբեն Խաչատրյանը, պատվոգիր կուղարկեին ինձ»:

Աշխատանքային ժամին ցանկացած աշխատող պետք է իր աշխատանքային պարտականությունները կատարի, բողոքողներին հակադարձում է Ռուբեն Աբրահամյանը:

Աշխատանքային ժամից հետո որտեղ, ինչով ուզում են՝ կարող են զբաղվել:

«Նախկինում էլ են եղել բողոքի ակցիաներ, ոչ ոք չի խոչընդոտել,ո ր մասնակցեն: Աշխատանքային ժամին ո՞ր մի ղեկավարը թույլ կտա լքել աշխատանքային տարածքն ու մասնակցել ակցիայի»:

Նոյեմբերի 13-ից  դեկտեմբերի 13-ը կենդանաբանական այգին կորցրել է 3 կենդանի: Այս պատմության երկու կողմերում կանգնածներն էլ նույն բանն են պնդում՝ իրենք սիրում են կենդանիներին ու ցավում յուրաքանչյուր կորստի համար, սակայն մեկ ամսվա ընթացքում այդ «սիրո» արդյունքում կենդանիները շարունակում են սատկել: