ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից
2018-12-15 17:00:32

Արթուր Բաղդասարյանը հեռացավ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահի պաշտոնից: Լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությամբ նա հանդես է եկել այսօր կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ:

«Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը: ՕԵԿ հիմնադրումից 20 տարի անց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ինձ քննադատող ու մերժող, սիրող ու գնահատող մարդկանց, կրկին հայցել բոլորի ներողամտությունը իմ քաղաքական գործունեության ընթացքում ունեցած սխալների ու թերությունների համար, շնորհակալություն հայտնել իմ կատարած աշխատանքը գնահատողներին ու արժևորողներին: Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցներին իմ գործունեությունը լուսաբանելու համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գաղափարակից ընկերներին և թիմակիցներին ու մեր ողջ ժողովրդին», - ՕԵԿ հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է Բաղդասարյանը:

Նա հայտնել է, որ զբաղվելու է հանրային գործունեությամբ և փորձելու է իր հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը:

«Ակտիվ քաղաքականություն կվերադառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին», - ասել է Արթուր Բաղդասարյանը:

Դեկտեմբերի 6-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը ստացել էր շուրջ 1 տոկոս ձայն՝ 12000 քվե։