ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«ՆերՈՒԺ»-ը կոտրում է սփյուռքի հետ միակողմանի հարաբերության սկզբունքը. Տիգրան Ավինյան
2018-12-17 11:04:31

Դեկտեմբերի 16-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է «ՆերՈՒԺ» ծրագրի մեկնարկի արարողությանը։

Փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ իր ելույթում Տիգրան Ավինյանն ասել է, որ կառավարության հիմնական նպատակներից մեկը տնտեսական հեղափոխության իրականացումն է։ Ագրարային և հանքարդյունաբերող տնտեսությամբ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական արտադրանք արտահանող, միջազգային շուկայում մրցունակ և աշխարհում հավելյալ արժեք ստեղծող երկրի։ 

Նշված նպատակներին հասնելու համար պետք է փնտրել ոչ ստանդարտ լուծումներ, ստեղծագործ մոտեցումներ ցուցաբերել և ներգրավել ոչ միայն Հայաստանի բնակիչների տաղանդն ու եռանդը, այլև աշխարհափյուռ հայության ներուժը։ Այս առումով «ՆերՈՒԺ»-ը համայն հայության փորձը, գիտելիքները և կարողությունները համախմբելու գործում կարևոր հանգրվաններից մեկը կլինի։

Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը լքել են հարյուր հազարավոր մարդիկ, երկիրը զրկվել է իր գիտնականների, գործարարների, տարբեր ոլորտների որակյալ մասնագետների մի զգալի մասից։ Իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում նախկին կառավարությունները հանդես են եկել հիմնականում փող խնդրողի դերում՝ փոխարեն ոչինչ չառաջարկելով։ «ՆերՈՒԺ»-ը կոտրում է այս միակողմանի հարաբերության սկզբունքը և հիմք դնում Հայաստան-Սփյուռք նոր որակի համագործակցության։

Առաջին անգամ Հայաստանն է առաջարկում ֆինանսական հնարավորություններ, մասնագիտական ուսուցում և լայն գործընկերային ցանց ստանալու հնարավորություն Ավստրալիայից մինչև Նիդեռլանդներ, ԱՄՆ-ից մինչև Չինաստան տարածքում սփռված 27 երկրների 71 ստարտափներին։ Առաջին անգամ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները Հայաստան են գալիս ոչ միայն արյան կանչով կամ զբոսաշրջության նպատակով, այլ այն պատճառով, որ հայրենիքը նրանց հնարավորություն է տալիս իրենց բիզնեսը զարգացնել, նոր գաղափարներ առաջարկել ու մեծ հաջողությունների հասնել։

«ՆերՈՒԺ» սփյուռքի երիտասարդական սթարթափերի ծրագիրը 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար նախատեսված ինտերակտիվ ծրագիր է՝ ուղղված նրանց ձեռնարկությունների առաջխաղացմանը՝ գիտելիքային բազայի հարստացման, կապերի ընդլայնման և ծրագրերը ներկայացնելուց հետո ֆինանսավորում ստանալու միջոցով։ Ծրագրի նպատակն է Սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել սթարթափերը բերել Հայաստան և բարելավել երկրում սթարթափերի էկոհամակարգը:

Ծրագիրն անցկացվում է 2018 թվականի դեկտեմբերի 16-ից 21-ը Հայաստանում, UWC Դիլիջան քոլեջում։ Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և նորարար տեխնոլոգիաները։