ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հրաժարականի հերթական պահանջը
2018-12-17 19:38:23

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Արարատ-Երեւան

 

Արարատի մի խումբ բնակիչներ այսօր առավոտյան հավաքվել են քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը:

Նա Հանրապետական կուսակցության անդամ է: Բողոքող բնակիչները, սակայն, պնդում են, թե խնդիրը նրա կուսակցական լինելը չէ, այլ՝ քաղաքի խնդիրները լուծելու անկարողությունը:

Արարատի քաղաքապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները ստորագրահավաք են անցկացրել: Հավաքել են մոտ 2 հազար 500 ստորագրություն եւ իրենց այդ պահանջով դիմել նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:  

Քաղաքապետ Հայկ Հայկյանը քաղաքացիների պահանջն անիմն է համարում: Ասաց, որ քաղաքի սուղ բյուջեով արել եւ անում է հնարավորը քաղաքի խնդիրները լուծելու համար, 2013 թվականին ընտրվել է, 2017-ի նոյեմբերի 5-ին վերընտրվել՝ մոտ 4 հազար ձայնով  ու չի պատրաստվում 15 հոգու պահանջով հրաժարական տալ, քանի որ, նրա ձեւակերպմամբ, մենք նախնադարում չենք ու ամեն ինչը օրենքի սահմաներում պետք է լինի: Գործող քաղաքապետն անհիմն է համարում այն դժգոհություն-մեղադրանքները, թե անցած 5 տարիներին որեւէ աշխատանք քաղաքում չի արվել: 

Հայկ Հայկյանը չի բացառում, որ բողոքողները ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում են, բայց առայժմ նման բան չի տեսնում եւ չի պնդում եւ ակցիան համարում է մի քանի երիտասարդների նախաձեռնություն, որին 15 հոգի է միացել:

Քաղաքապետի հրաժարականի համար պայքարող քաղաքացիները, մինչդեռ, ասացին, թե իրենց թիվը գնալով ավելանալու է, քանի որ խնդիրը վատ, ոչ լեգիտիմ կառավարչից ազատվելն է, ինչի համար շարունակելու են պայքարել մինչեւ վերջ:

## audio##