ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կաթողիկոսի դեմ շարժումը` ուշադրության կենտրոնում
2018-12-17 19:58:00

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին Վաղարշապատ քաղաքում բախում էր տեղի ունեցել քաղաքի բնակիչների եւ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցների միջեւ:

Համացանցում փաստն արձանագրող կադրերից երեւում է, որ շարժման մասնակիցները ավտոմեքենաներով, որոնց վրա գրված են «Մերժիր Գարեգինին» պաստառներ, փորձում են տեղաշարժվել դեպի Մայր Աթոռ ու ճանապարհին  կաթողիկոսի աջակիցները թույլ չեն տալիս նրանց մոտենալ սրբավայրին: Զրույցը վերածվում է գոռոցների, քաշքշոցների:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ միջամտում են ոստիկանական ուժերը: Եղել են նաեւ բերման ենթարկվածներ:

0:00
0:00

Շաբաթ օրը Վաղարշապատում «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման եւ Ամենայն հայոց կոթողիկոսի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով բերման ենթարկված անձիք ազատ են արձակվել:

«Ռադիոլուրին» Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից նաեւ ասացին, որ շաբաթ օրը Վաղարշապատի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրականցվող ակցիայի ժամանակ գույք է վնասվել։ Ոստիկանները մեկնել են դեպքի վայր, բերման ենթարկել երկու հոգու: Բացատրություն գրելուց հետո բերման ենթարկվածները ազատ են արձակվել:

Թե բերման ենթարկվածները ո՞ր կողմի աջակիցներն են, ոստիկանութունից չպատասախանեցին։ Հետաքննություն է իրականացվում հանգամանքները պարզելու համար՝ ավելացրեցին: Ակցիայի մասնակիցների պահանջները չեն փոխվել, նրանք շարունակում են պնդել, որ նոր Հայաստանը նոր կաթողիկոսի կարիք ունի:

Շարժման մասնակիցները երեկ նաեւ բողոքի ակցիան են կազմակերպել Ոստիկանության շենքի մոտ՝ մեղադրելով ոստիկաններին, որ օգնել են կաթողիկոսի աջակիցներին ակցիայի մասնակիցների վրա բռնություն գործելու համար:

«Այնտեղ կային ոստիկաններ, ովքեր մասամբ էին ապահովում անվտանգությունը: Բռնություն է եղել ազատ ցուցարարների վրա, հարվածել են մեքենաներին, խոչընդոտել խաղաղ երթին»:

Աչքի վնասվածքներ, քթի վնասվածքներ ունենք: Քարերով, ամեն ինչով հարձակվել էին:

Կաթողիկոսի կողմնակիցները շարժման մասնակիցների վրա ձու եւ թրիքի ջուր են նաեւ լցրել, հայտնելով, որ հոգնել են շարժման մասնակիցների գործողություններից, եւ այսուհետ իրենք են պայքարելու կաթողիկոսի անվտանգության ապահովման համար:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարծում է, որ այսօր նման գործողություններով կաթողիկոսի անվտանգության հարցը կասկածի տակ է դրվում, եւ անհրաժեշտ է, որ պետությունը ապահովի այն: Հարկ է նշել, որ 6-րդ գումարման ԱԺ-ում Հանրապետական խմբակցության կողմից ներկայացվեց օրենքի նախագիծ Ամենայն հայրապետի անվտանգության պահպանման վերաբերյալ, սակայն չընդունվեց: 

«Մենք ինքներս էլ տեսնում ենք, որ նույն Հռոմի պապին լուրջ անվտանգությամբ են ապահովել: Չմոռանանք, որ քրիստոնեական առաջնորդները կարող են կրոնական այլ ծայրահեղականների կողմից նաեւ հարձակման թիրախ դառնալ: Այս առումով պետք է ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Կարծես թե օրենսդրական նախաձեռնության հեղինակները այն տրամաբանության հարցն էին զարգացնում, որ պետք է համակարգային հարցը լուծվի, այսինքն գրվի, որ կաթողիկոսը ենթակա է պաշտպանության, եւ վերջ, որեւէ պաշտոնյայի հայեցողության այն չթողնվի: Սա հաղորդագրություն է արդեն գործադիր եւ օրենսդիր իշխանությանը անպայման ապահովել անվտանգությամբ»:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամ Դանիել դպիր Մարտիրոսյանը հակադրվում է նշելով, որ Գարեգին Երկրորդն այսօր անվտանգության կարիք չունի, քանի որ ակցիայի մասնակիցների կողմից իր կյանքին վտանգ չի սպառնացել եւ չի սպառնում: Ըստ դպիր Դանիելի, իրենց ակցիան խաղաղ բնույթ եւ նպատակ ունի:

«Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, եւ մի քանի քահանաներ, որոնք 450 հազար եւ ավելի աշխատավարձ են ստանում սուտ տեղեկատվություն են տարածում ասելով, որ իբր այս շարժումը դեմ է եկեղեցուն: Շարժումը դեմ չէ եկեղեցուն, քանի որ այն գլխավորում են հոգեւորականներ, քահանաներ:


Ըստ Փաստաբանների պալատի նախագահի, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը առաջին հայացքից է թվում, թե ուղղված է անձի դեմ: Քաղաքացիական շարժումը այս ընթացքում, ըստ Զոհրաբյանի, ամեն կերպ փորձեց սեւացնել Կաթողիկոսին: Սակայն իրականությունն այլ է՝ շարժման թիրախը Հայաստանյայց առաքելական եկեղեցու ինքնակառավարման համակարգն է, ոչ թե կաթողիկոսը: Եթե հաջողվի քանդել եկեղեցու ինքնակառավարման համակարգը, ապա ապագայում եկեղեցին խոցելի կդառնա քաղաքական ցանկացած իրադարձության առջև՝ շեշտում է Արա Զոհրաբյանը.

« Պետք է Վեհափառը հեռանա, ընդ որում այն կազմակերպվում է քաղաքացիական շարժման միջոցով: Այ, այստեղ է թաքնված խնդիրը: Մասնավորապես, մենք լավ գիտենք, եթե իրականության մեջ հաջողվի շարժման կողմից հասնել նպատակին, կվնասվի եկեղեցու ինքնակառավարման համակարգը: Ընդ որում, 301 թվականից եկեղեցին փակ լինելով, որոշակի կառուցվածքով, ընթացակարգով արտաքին ազդեցություններից հեռու է պահել եկեղեցուն: Մենք դարեր շարունակ պետություն չենք ունեցել, բայց եկեղեցի ենք ունեցել եւ միավորել բոլորիս: Եվ շատ կարեւոր է, որ այս առումով  եկեղեցու ինքնակառավարմանը վնասող ոչ մի գործողություն չստացվի, եւ այստեղ յուրաքանչյուր հայ քրիստոնեա իր անելիքը ունի»:

Տեր Եսայի քահանա Արթենյանը կարծում է, որ իրավապահ մարմինները պետք է տեղի ունեցածից հետեւություններ անեն, եւ կաթողիկոսի անվտանգության պաշտպանության հարցում նախաձեռնող լինեն: Տեր Եսային մտահոգ է, շաբաթ օրը տեղի ունեցած բախման համար, եւ դժվար է պատկերացնում՝ թե՞ ինչ պետք է անել հետագա հնարավոր անցանկալի բախումը բացառելու  համար: Ըստ քահանայի, շարժման մասնակիցները պետք է հասկանան, որ իրենց նախաձեռնությունը արդյունք չի ունենա:

« Բնակիչները իրենք են ոտքի ելել, եւ մարդկանց փորձում են ասել, որ դուք էստեղ անելիք չունենք, եւ էն ինչ-որ պահանջում եք կապ չունի արդարության եւ իրական հոգեւոր ցանկությունների հետ: Եվ, եթե դուք ցանկանում եք եկեղեցում ինչ-որ բան շտկել, որը ձեզ դուր չի գալիս, վատ է, այդ ամենը ոչ թե եկեղեցուց կտրվելով, դուրս դիտարկելով, փողոցում փոխեք, այլ լինելով եկեղեցու ներսում արեք, առաջարկեք: Մայր Աթոռի կողմից էլ եղավ այդ առաջարկը՝ եկեք միասին քննարկենք, առանց ակցիաների, փորձենք հասկանալ ի՞նչ եք ուզում, եւ ինչ ճանապարհով կարող ենք հասնել, եթե իրապես արդարացված են»:

Եվ վերջում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը Ազգային-Եկեղեցական Ժողովն է, որն էլ լիազորված է ընտրելու Կաթողիկոսին և որոշումներ ընդունելու ազգային-եկեղեցական հիմնահարցերի, ինչպես նաև դավանաբանական, ծիսական, կանոնական և այլ կարևոր հարցերի վերաբերյալ: Այլ մարմին կամ մարդկանց խումբ չի կարող այս հարցերով որոշումներ կայացնել: