ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր կառավարության կադրային քաղաքականությունը ամենաշատն է քննադատվում
2018-07-25 15:00:43
Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորումից հետո ամենաշատը քննադատվել ու քննադատվում է իրականացվող  կադրային քաղաքականությունը: Տնտեսական իրավունքի կենտրոն Հ/Կ նախագահ, կառավարման փորձագետ Մովսես Արիստակեսյանը ևս բացառություն չէ: Ընդհանուր առմամբ, կողմ լինելով թավշյա հեղափոխության ու անձամբ Փաշինյանի քայլերին, հայտարարում  է՝ նոր կադրերը փորձառու չեն: Կառավարման փորձագետը արձանագրում է՝ արտերկրում կրթություն ստացած, կոռուպցիոն անցյալ չունեցող  կադրերի մոտ բացակայում  է կառավարման ու հատկապես հանրային կառավարման  փորձը: «Նորանշանակ պաշտոնյաները գրագետ երիտասարդներ են, սակայն նրանք չունեն կառավարման փորձ»: Ամենաշատը քննադատվում են ՊԵԿ նախագահի նշանակումները: Դրանք գրեթե ամեն օր մամուլի ուշադրության կենտրոնում են: Տարբեր բնորոշումներ են ստանում, ինչպես օրինակ «խայտառակ նշանակումներ»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կադրերի նշանակման հարցում իր տեսակետն ունի. «Այսօր համակարգը փորձառու կադրերի հետ մեկտեղ համալրվում է երիտասարդ պայծառ ու լուսավոր մասնագետներով՝ աստիճանական և տրամաբանական սերնդափոխություն իրականացնելու հստակ նպատակադրմամբ»։ Անանյանը խոստովանում է՝ նշանակումներ են լինում, որոնց վերապահումով է մոտենում անձամբ վարչապետը: «Մենք զրուցել ենք այդ թեմայով և եկել ենք այսպիսի պայմանավորվածության՝ եթե ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրներն ամբողջ ծավալով իրականացնում է, ապա կադրային նշանակումները ըստ էության ճիշտ էին: Եթե չի իրականացնում, մենք պետք է հետևություններ անենք: Եվ այդ պարագայում ես իմ նշանակումներով հանդերձ՝ ՊԵԿ-ում որևէ անելիք չեմ ունենալու»: Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում նույնպես անդրադարձավ կառավարության կադրային  քաղաքականությանը: Հայտարարեց՝ իրենց քաղաքականության մեջ եւ քաղաքականության համար շատ կարեւոր է ապահովել համակարգերի կայունությունը: Փաշինյանը խոստացավ՝ իրենք  անխուսափելիորեն հանգելու են  կադրային հեղափոխության էջին: Հստակեցրեց՝ կադրային փոփոխություն չի նշանակում, որ գերանդին վերցնելու են  եւ հնձեն բոլորին։ Ովքեր ի վիճակի կլինեն հարմարվել նոր իրողություններին եւ արդյունավետ գործել նոր պայմանների եւ սկզբունքների շրջանակում՝ կաշխատեն՝ ասել էր: Տնտեսական իրավունքի կենտրոնի նախագահ, կառավարման փորձագետ Մովսես Արիստակեսյանը կարծում է, որ Փաշինյանի շրջապատում կադրային հսկայական ռեսուրս կա: Ինքը՝ Արիստակեսյանը, պատրաստ է այս կառավարությանը խորհրդատվություն տրամադրել՝ թեկուզ հասարակական հիմունքներով: