ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ-Թուրքիա. սիրալիր շփումներ կարող են լինել, հարաբերությունների կարգավորում՝ ոչ
2018-12-18 18:00:29

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին  Արգենտիանայում տեղի ունեցած Մեծ քսանի գագաթաժողովի ժամանակ հավաստիացրել է, որ Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա աջակիցներին արտահանձնելու ուղղությամբ:

0:00
0:00

Պաշտոնական Վաշինգտոնը դեռ չի հաստատել Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը: Արդեն երկրորդ տարին է, ինչ Թուրքիան պահանջում է ԱՄՆ- ից արտահանձնել հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենին՝ պնդելով, թե նա է կանգնած Թուրքիայում 2016-ի հուլիսին կազմակերպված հեղաշրջման փորձի հետևում:

Թուրքիայի ներկայացրած ապացույցները, հիմնավորումները, սակայն, Նահանգներում հիմնավոր չեն համարում: Թուրքագետ Անդրանիկ Իսպարյանը Էրդողանի կառավարությանը բնորոշ քայլ է համարում Գյուլենի արտահանձնման վերաբերյալ չհաստատված հայտարարությունները.

«Ամերիկայում գյուլենականների դեմ վերջին ամիսներին տարբեր գործողություններ տեղի ունեցել են: Դժվար է ասել, թե Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու Թուրքիայի պահանջը բավարարված է։ ԱՄՆ բավականին զգուշավոր է, այսքան ժամանակ չի հնչել անգամ մեղադրանք»:

Իսկ կա՞ արդյոք ջերմացում թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքագետն արձանագրում է, որ Անկարայի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները դադարեցվել են սաուդցի լրագրող Ջամալ Խաշըղջիի սպանությունից հետո:

Իսպիրյանը կարծում է, որ Անկարան ամեն քայլի դիմում է՝ Էրդողանի հիմնական հակառակորդին՝ Գյուլենին ստանալու համար, բայց դա չի կարելի անվանել հարաբերությունների ջերմացում։

«Թուրքիան կրկին շանտաժի է գնում Խաշըղջիի հարցով: Ամերիկյան կողմը ինչքան էլ որ գաղտնիք չէ, փորձում է անտեսել լրագրողի սպանությունը, քանի որ բոլոր մեղադրանքները ուղղված են Սաուդիայի թագաժառանգի դեմ:  Ինչն էլ Թուրքիան չի մարսում, եւ փորձում է ամեն կերպ տանել իր գիծը՝ մեղադրելով թագաժառանգին: Հետ քայլ կանի, եթե ԱՄՆ արտահանձնի Գյուլենին»:

Այսօր միջազգային մամուլը գրեց, որ Դոնալդ Թրամփը համաձայնություն է տվել Էրդողանի՝ Հյուսիսային Սիրիա ներխուժելու ծրագրին: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ Անկարայի տեսանկյունից է միայն համաձայնեցված Սիրիայի հյուսիսային շրջաններ Թուրքիայի ներխուժման փաստը: Իրականում ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է չդիմել ուժային գործողությունների, թեեւ Անկարան իր գործողությունները փորձում է արդարացնել քրդերից եկող սպառնալիքները չեզոքացնելու հանգամանքով։

«Հայտարարություններ կարող են լինել, բայց դա չի նշանակում, որ խնդիրները ԱՄՆ առջեւ կանգնած հարթվել են: Այստեղ լուրջ տարաձայնություններ կան քրդական հարցի հետ կապված: Ամերիկացիները Եփրատից Արեւելք ընկած տարածքը մինչեւ Իրաքի սահման մտադիր են թողնել հյուսիսարեւելյան քրդերին, դա խիստ անհանգստացնում է թուրքերին»:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները, ըստ փորձագիտական շրջանակների, լարվել են դեռ Բարաք Օբամայի իշխանության տարիներին, երբ՝ դաշնակցային հարաբերությունները վերաձեւակերպվեցին գործընկերայինի:

Իսկ այսօր սաուդցի լրագրողի սպանությունից հետո լռության դիմաց որպես փոխհատուցում է ընկալվում փափուկ քաղաքականության կիրառումը: Էրդողանը մեղմացրել է իր հակաամերիկյան հռետորաբանությունը, որը նախկինում հնչեղ շեշտադրումներ ուներ, Թրամփի կողմից էլ պակասել են հակաթուրքական թվիթները: Այսինքն՝ կա լարվածության թուլացում: