ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-19 10:00:46
  • «Հայկական Ժամանակ». Ուրվագծվում են
  • «Իրավունք» Խորհրդարանի ներսո՞ւմ, թե՞ դրսում կձևավորվի արմատական ընդդիմություն
  • «Հայոց Աշխարհ». Ինչ պատկեր ունենք այսօր խորհրդարանում
  • «Ժողովուրդ». Հայաստանում ավելացել են շաքարավազի, բանանի ներկրողները
  • «Փաստ». Սպանդանոցները չեն բավականացնում, իսկ պարտադրանքը գործում է

 Ուրվագծվում են

Համառորեն շրջանառվող լուրերի համաձայն, ինչպես «Հայկական Ժամանակն» է նշում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար է նշանակվել Լիլիթ Մակունցը, որը մինչ խորհրդարանական ընտրությունները զբաղեցնում էր մշակույթի նախարարի պաշտոնը:

Թերթին հայտնի է դարձել, որ խմբակցության քարտուղար է դառնալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Սմիդյանը, որը մինչ այս ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն էր:

Ըստ թերթի՝ ուրվագծվում է նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ցանկը:

Մասնավորապես, դարձյալ շրջանառվող լուրերի համաձայն, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հիմնական հավակնորդը, իսկ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահինը՝ Բաբկեն Թունյանը:

 Խորհրդարանի ներսո՞ւմ, թե՞ դրսում կձևավորվի արմատական ընդդիմություն

«Իրավունք»-ի զրուցակից քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ ժամանակը կտա այս հարցի պատասխանը: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն մասնակցելով նախընտրական քարոզարշավին, հայտարարեցին, որ իրենք դառնալու են խորհրդարանում երկրորդ ուժը, այն էլ՝ ընդդիմադիր: Բայց թե նրանք խորհրդարանում ինչ ձևով իրենց ընդդիմություն կդրսևորեն, կերևա խորհրդարանի գործունեությունից հետո: Գուցե որոշ հարցերում լինեն ընդդիմադիր, որոշ հարցերում էլ իշխանամետ, բայց փաստ է, որ արմատական ընդդիմություն չեն կարող լինել:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ իրական ընդդիմությունը կձևավորվի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում, ապա ըստ նրա, բնական է , որ այդ ֆրակցիայի ներսում լինեն պատգավորական խմբավորումներ, որոնք այլ կարծիք կունենան այս կամ այն հարցի շուրջ:

«Եկող 2019 թվականը ցույց կտա՝ խորհրդարանից դուրս կունենա՞նք ընդդիմություն, թե՞ ոչ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, որպես արմատական ընդդիմություն հանդես էր գալիս ՀՀԿ-ն, բայց արդյոք նրանք կունենա՞ն այնքան քաղաքական կամք, որ նոր դեմքերով ու ծրագրերով ներկայանան հանրությանը և կարողանան այնպիսի քաղաքական գիծ մշակել, որ իրենց հետևից տանեն հասարակության շերտեր», - ասել է քաղաքագետը:

«Եկող 2019 թվականը ցույց կտա՝ խորհրդարանից դուրս կունենա՞նք ընդդիմություն, թե՞ ոչ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, որպես արմատական ընդդիմություն հանդես էր գալիս ՀՀԿ-ն, բայց արդյոք նրանք կունենա՞ն այնքան քաղաքական կամք, որ նոր դեմքերով ու ծրագրերով ներկայանան հանրությանը և կարողանան այնպիսի քաղաքական գիծ մշակել, որ իրենց հետևից տանեն հասարակության շերտեր», - ասել է քաղաքագետը:

«Հայոց Աշխարհ». Ինչ պատկեր ունենք այսօր խորհրդարանում

Ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Հայոց Աշխարհ»-ում հրապարակված հարցազրույցում խոսել է խորհրդարան անցած ուժերի մասին՝ ներկայացնելով ձևավորված նոր պատկերը:

«Իմ քայլը» դաշինքն ունի 88 մանդատ, բայց ըստ նրա, դրանք ոչ թե դաշինքի, այլ Նիկոլ Փաշինյանի ձայներն են, որովհետեւ տվյալ պարագայում գործ ունենք ընդգծված «լիդերային» քաղաքական ուժի հետ։ Իսկ առանց Նիկոլ Փաշինյանի, ընդհանրապես անհասկանալի է՝ գաղափարական-քաղաքական ինչ ուղղվածություն ունի դաշինքը։ Քաղաքական սոսինձը, որ միավորում է այդ դաշինքը՝ վարչապետի հեղինակությունն է:

«Բարգավաճ Հայաստանը» նույնպես ընդգծված «լիդերային» կուսակցություն է. այստեղ եւս գաղափարական-քաղաքական որեւէ ուղղվածություն չկա, որովհետեւ այդ կուսակցության «գաղափարախոսությունը» Ծառուկյանի կերպարն է:

«Լուսավոր Հայաստանը» «լիդերային» կուսակցություն չէ, Էդմոն Մարուքյանի կուսակցությունը չէ՝ որոշակի գաղափարական-քաղաքական ուղղվածություն ունեցող կառույց է, եւ ավելի շուտ ընկալվում է որպես ազատական, չափավոր արեւմտամետ ուժ։ Եթե Էդմոն Մարուքյանին հանեն, տեղը դնեն ուրիշ մեկին, այդ գիծը կպահպանվի: Այսպիսով, ըստ փորձագետի, խորհրդարանական երեք ուժերից մեկը չափավոր արեւմտամետ է, երկուսը՝ անորոշ ուղղվածությամբ լիդերային կուսակցություններ։

«Ժողովուրդ». Հայաստանում ավելացել են շաքարավազի, բանանի ներկրողները

Թավշյա հեղափոխությունից հետո սկսել է աշխատել նաեւ ՏՄՊՊՀ-ն՝ գրում է «Ժողովուրդ»-ը: Պետական կառույցը, որին մշտապես մեղադրել են մենաշնորհների դեմ չպայքարելու, այլ, ընդհակառակը, նրանց հովանավորելու մեջ, այս տարվա ընթացքում լուրջ արդյունքներ է արձանագրել:

Մասնավորապես, ըստ թերթում տեղ գտած թվերի, եթե 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա այս տարի նրանց թիվը դարձել է 57: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նվազել է` 74%-ից դառնալով 49%:

Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում է 149-ը, խոշորների մասնաբաժինը նվազել է` դառնալով 38 %-ից 5 %: Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը 36-ից դարձել է 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը 94%-ից` 78%:

Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է` 92%-ից հասնելով 56%-ի: Փաստորեն, լավ աշխատելու համար պետք էր իշխանությունների քաղաքական կամքը, երբ գերիշխող դիրք ունեցողները զիջում են իրենց դիրքերը:

«Փաստ». Սպանդանոցները չեն բավականացնում, իսկ պարտադրանքը գործում է

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, հանրապետությունում սպանդանոցների թիվն այնքան քիչ է, որ չնայած պարտադրանքին, վաճառվող միսը հիմնականում սպանդանոցային ծագում չունի: Խնդիրն այն է, որ այդ ոլորտի կարգավորումը գտնվում է բիզնես դաշտում: Իսկ գործարարները, կարծես թե, այնքան էլ նպատակահարմար ու արդարացված չեն համարում նման «կառույցների» վրա ներդրումներ կատարելը:

Թերթի ենթադրությամբ, այդ ոլորտը շահութաբեր չէ, և այդ է պատճառը, որ սպանդանոցների բիզնես ունենալը գրավիչ չէ: Վարկած կա, որ ոլորտի առաջխաղացմամբ զբաղվող գերատեսչություններն էլ իրենց հերթին ներդրողներին նման առաջարկ չեն անում. արդյունքում այդ դաշտը կաղում է:

«Իրականում, մեծ հաշվով, գործ ունենք փակուղային իրավիճակի հետ: Մի կողմից փորձ է արվում ոլորտը կարգավորել, բայց մյուս կողմից՝ պահանջարկը սպասարկողներ չկան, ինչի պատճառով կենդանիները շարունակում են հին ու ավանդական մեթոդներով մորթվել: Եղած սպանդանոցները, մեր տեղեկություններով, հազիվ կարողանում են բավարարել պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռք բերման ծավալները: Այնինչ, նախնական հաշվարկներով նախատեսվում էր ունենալ ավելի քան 70 սպանդանոց: Դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ հայտարարվում էր, որ 40–ից ավելի ներդրող ցանկություն է հայտնել այդ բիզնեսում ներդրում կատարել: Ինչպես երևում է, նրանք փոշմանել են, եթե, իհարկե, այդպիսիք իրոք եղել են, իսկ նորերը դեռ չկան», -գրում է թերթը:

«Իրականում, մեծ հաշվով, գործ ունենք փակուղային իրավիճակի հետ: Մի կողմից փորձ է արվում ոլորտը կարգավորել, բայց մյուս կողմից՝ պահանջարկը սպասարկողներ չկան, ինչի պատճառով կենդանիները շարունակում են հին ու ավանդական մեթոդներով մորթվել: Եղած սպանդանոցները, մեր տեղեկություններով, հազիվ կարողանում են բավարարել պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռք բերման ծավալները: Այնինչ, նախնական հաշվարկներով նախատեսվում էր ունենալ ավելի քան 70 սպանդանոց: Դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ հայտարարվում էր, որ 40–ից ավելի ներդրող ցանկություն է հայտնել այդ բիզնեսում ներդրում կատարել: Ինչպես երևում է, նրանք փոշմանել են, եթե, իհարկե, այդպիսիք իրոք եղել են, իսկ նորերը դեռ չկան», -գրում է թերթը: