ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախընտրական Արմավիր
2018-10-19 09:43:12

Առաջիկա կիրակի օրը Արմավիրի մարզի 17 համայնքում ՏԻՄ ընտրություններ են, որից 14-ում ընտրելու են  համայնքի ղեկավար, 3-ում՝ ավագանի: Վաղը թեկնածուների քարոզչության վերջին օրն է:

Քարոզչության մեջ ներգրավված են դպրոցահասակ երեխաներ: Արմավիր քաղաքի գրանցված 4 թեկնածուից միայն 3-ն է ակտիվ քարոզչություն  իրականացնում:

Արմավիրցիները նոր ընտրվող քաղաքապետից ակնկալիքներ ունեն, ցանկանում են ապրել բարեկարգ քաղաքում:

Քաղաքապետի 3 թեկնածուները,  բացի Ժիրայր Աբրահամյանից, ունեն նախընտրական շտաբներ և քարոզչություն են իրականացնում տարբեր թաղամասերում: Ժիրայր Աբրահամյանին հանդիպեցի բազմաբնակարան շենքի 1-ին հարկում գտնվող իր բնակարանի պատուհանին քարոզչական թերթիկները փակցնելիս:

Առանձնապես թիմային քարոզչություն չի իրականացնում,  ընտրողներին քարոզում է բնակարանին պատկից բանջարեղենի սեփական  խանությում, որտեղ աշխատում է:

,,Նոր ժամանակներում կարող եմ օգտակար լինել, որովհետև մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան եմ: Եթե նոր օրենքներ, նոր աշխարհայացք ու նոր իրողություն է, ուրեմն՝ հոգեբանի կարիք կա,,:

Ժիրայր Աբրահամյանը ցանկանում է կառուցել սիրո և ոսկե քաղաք, քաղաքի մուտքն ու ելքը զարդարել հուշարձաններով: Եթե ընտրվի քաղաքապետ՝ կադրային ջարդ չի իրականացնելու, քաղաքացիներին էլ խոստանում է անհնարինը դարձնել հնարավոր:

Օհան Հարությունյանը  Արմավիր քաղաքի  գործող ավագանու անդամ է, 2-րդ շրջանն է ընտրվել: Օգտվել է նախընտրական քարոզչություն իրականացնելու համար նախատեսված բոլոր հնարավորություններից:

Քաղաքի թույլատրելի  հատվածներում փակցված են մնացած 3 թեկնածուի, այդ թվում Օհան Հարությունյանի  քարոզչական տարբեր չափի պաստառները: Օհան Հարությունյանի նախընտրական ծրագրում հիմնական ուշադրությունը սևեռված է բազմաբնակարան շենքերում առկա խնդիրներին, ինչպես նաև խմելու ջրին, բազմաբնակարան շենքերի տանիքներին, բակային տարածքների բարեկարգմանը, ոռոգման ջրով ապահովմանը:

Սևակ Մինասյանը նույնպես ակտիվ քարոզչություն է իրականացնում: Նա երկրորդ անգամ է իր թեկնածությունն առաջադրում Արմավիրի քաղաքապետի պաշտոնում: Առաջին անգամ ծավալված  ընտրական սուր պայքարի արդյունքում Սևակ Մինասյանը տուժեց: Թեկնածուին հանդիպել չստացվեց, սակայն շտաբի բակում  հանդիպեցի մի խումբ դպրոցահասակ երեխաների, ովքեր դասերի ժամին հասել էին շտաբ, վերցրել  Սևակ ՄԻնասյանի նախընտրական քարոզչական թերթիկներն ու փողոցում բաժանել անցորդներին:

Քարոզչության ժամանակահատվածում Արմավիրի քաղաքում հաճախ կարելի է տեսնել քայլող խմբի, ովքեր բարձրախոսով կոչ են անում քաղաքացիներին կատարեն իրենց քայլն ու  ընտրեն Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Խուդաթյանին: Թեկնածուի նախընտրական ծրագրում առանձնացված է 18 կետ, որից առաջնայինը քաղաքի զարգացման ռազմավարության մշակումն է: Քարոզչական օրվա ավարտին Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում  ուղիղ կապով քաղաքացիներին իրազեկում է անցած օրվա ու գալիք օրվա անելիքների մասին:

Ճանաչում են քաղաքացիները Արմավիրի քաքապետի թեկնածուներին, փոքրիկ հարցախույզ անցկացրի Արմավիր քաղաքում.

,,Ճանաչում ենք, գիտենք, ունենք մեր թեկնածուն, ծրագրին էլ մի քիչ եմ ծանոթ,,: Քաղաքային զբոսայգու տաղավրները մարդաշատ էին, տարեցներն իրենց ժամանակն այստեղ են անցկացնում:

,,Ճանաչում ենք, բայց Արմավիրում ինչ է փոխվել մինչև հիմի կամ ինչ աշխատանքային տեղ են ստեղծել, բացի գումարներ խժռելուց,,:

Տարեցներն առաջարկեցին այգում մի շենք կառուցել, որպեսզի  ձմռանն էլ հավաքվելու տեղ ունենան, գան զբաղվեն, ինչպես հիմա:,

Քաղաքացւիների մի մասն այն կարծիքին է, որ 20 տարի Արմավիրում ոչինչ չի արվել, ուղղակի ցուցադրվել է: ,,Քաղաքապետը պետք է կարողանա այնպիսի մի բան անել, որ դա ժողովրդին դուր գա վերջապես, գոնե լուսավորությունը բոլոր փողոցներում լինի, հիմա նոր սկսել են ինչ որ բան անել, ասֆալտապատման հարցը, փողոցներ կան, որ երթևեկելի չեն համարյա,,:

Արմավիրցիները նոր Հայաստանում, նոր իրողությունում ուզում են ունենալ բարեկարգ, կանաչապատ ու լուսավոր Արմավիր, ուզում են դրական փոփոխությունները զգալ սեփական մաշկի վրա:

 

Սաթիկ Իսահակյան  Արմավիր

0:00
0:00