ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու ակնկալվող ֆինանսավորումն այդպես էլ չհասավ Հայաստանին
2018-07-25 16:00:04
Որ Հայաստանը չի կարող օգտվել «Հազարամյակների մարտահրավերներ» ամերիկյան կառավարական կորպորացիայի` այս եւ եկող տարվա ֆինանսական օժանդակությունից, որեւէ կապ չունի Հայաստանից կառավարական հանձնաժողովի` ԱՄՆ այցի հետ: Պարզաբանումը հնչեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանից: Տեղեկատվական աղբը պետք չէ խառնել փաստացի իրողությանը` ասաց: «Մեր այցից բավական ժամանակ առաջ Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի դասակարգումը ցածր-միջին եկամուտներ ունեցող երկրից` բարձր-միջինի, ինչի հետևանքով Հայաստանը մեխանիկորեն դուրս է մնացել «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրից»: Միրզոյանի ասածն իրենց հերթին հաստատեցին Հայաստանում Միացյալ Նահանգների եւ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանները` կրկին հղում անելով Համաշխարհային բանկի` հուլիսի 1-ին հրապարակված զեկույցին, ըստ որի` Հայաստանն այլեւս ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներից տեղափոխվել է միջին ու բարձր եկամուտ ունեցողների շարք: «Օժանդակություն տրամադրողն ինքն է որոշում այն չափորոշիչները, որոնցով առաջնորդվում է այս կամ այն երկրի հետ գործակցելիս»` «Ռադիոլուրին» ասաց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրականում Հայաստանն արդեն ավելի բարձր եկամուտ ունեցող երկիր է: «ՀՆԱ-ի որոշակի փոփոխություն ունեցել ենք, որն իր հետ բերել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի, ինչը հասարակության բարեկեցության ցուցանիշերից մեկն է: Սակայն մենք ունենք մտահոգություն` կապված եկամուտների բեւեռացման հետ: Այսինքն` երկրի ՀՆԱ-ն, ներքին եկամուտներն աճում են, բայց դրանք բաշխվում են սահմանափակ թվով մարդկանց միջեւ: Բարձր եկամուտ ունեցող մարդիկ շարունակում են ավելի հարստանալ»: «Հազարամյակի մարտահրավերներ»-ի կողմից Հայաստանին ուղղվող օժանդակությունը տարբեր առիթներով կապվել է ներքաղաքական զարգացումների հետ: 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո կորպորացիան հայտարարեց Հայաստանում իր գործունեությունը վերանայելու մասին, իսկ 2009-ին դադարեցրեց մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինական ծրագրի ֆինանսավորումը՝ որոշումը պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշերի գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Ամերիկյան կառավարական կորպորացիան իրավունք ունի կասեցնել կամ դադարեցնել ծրագրերը, եթե երկիրն անհրաժեշտ առաջընթաց չի ապահովում մի շարք ցուցանիշերով` մամուլի ազատություն, կոռուպցիա, կառավարության աշխատանքի թափանցիկություն, ժողովրդավարական կառավարում։ Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն այս անգամ, սակայն, տնտեսական որոշման հիմքում քաղաքական գործոններ չի տեսնում: «Ընդհակառակը, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը աշխարհի կողմից ընկալվում է որպես ժողովրդավարության մակարդակի էական բարձրացում,որտեղ ժողովրդավարության գործոնը բավականին կարեւոր է: Կարծում եմ` երկրում տեղի ունեցող փոփոխությունները միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում միայն հօգուտ Հայաստանի կլինեն»: Վերադառնանք, այդուհանդերձ, առկա ֆինանսավորման ակնկալիքներին: Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն արձանագրում է` կորպորացիայի որոշումը զարմանք է առաջացրել նաև հենց «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակում: Հիմա ԱՄՆ որոշ պաշտոնյաներ նույնպես չգիտեն` ինչպես վարվել ստեղծված իրավիճակում` ասում է: Փոխվարչապետն անհրաժեշտ է համարում մտածել նոր մեխանիզմ, որով Միացյալ Նահանգները կկարողանա իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին: