ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀԿ-ից հեռացել է նաեւ Արմեն Ամիրյանը
2018-12-19 16:52:12

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է գրել՝ հրաժարվելով Հանրապետական կուսակցության անդամությունից: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնել է միայն, որ դիմումն ի գիտություն է ընդունվել։

ՀՀԿ-ից այլ մեկնաբանություններ ստանալ հնարավոր չէ: Հանրապետականները լրատվամիջոցների հետ շփվելու «թայմ-աութ» են վերցրել:

0:00
0:00

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ հունիսին լքել էր ՀՀԿ առաջին  փոխնախագահի պաշտոնը։ Դեկտեմբերի 14-ին էլ, ահա, կուսակցության անդամությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ի գիտություն: Դիմումում, սակայն, նախկին վարչապետը ՀՀԿ-ից հեռանալու պատճառների մասին հիմնավորում չի նշել:

Հանրապետական կուսակցությունից փաստը չեն մեկնաբանում: Կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը միայն հաստատել է փաստը՝ շեշտելով, որ դիմումն ընդունվել է ի գիտություն: Միայն այդքանը:

Հանրապետականում էլ, ինչպես պարզ դարձավ, հակված չեն խոսել Կարապետյանի՝ կուսակցությունից հեռանալու պատճառների մասին եւ մեկնաբանել:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ, օրինակ, մեզ հետ զրույցում շեշտեց, որ որեւէ լրատվամիջոցի հարցերի չեն պատասխանելու. «թայմ-աութ» են վերցրել մինչեւ Նոր Տարի:

«Մեկնաբանություններ չեմ տալիս, ընդհանրապես՝ որեւէ թեմայի մասին: Կներեք, բայց մինչեւ Նոր Տարի արձակուրդ եմ վերցրել մամուլից»:

Կարեն Կարապետյանը Հանրապետականի շարքերը համալրեց,  երբ արդեն երկու ամիս զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը՝ 2016-ի նոյեմբերի վերջին։ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված չլինելով ՀՀԿ ցուցակում՝ հենց նա էր քարոզարշավի գլխավոր դերակատարը։

Հրապարակային ելույթներում Կարեն Կարապետյանը չէր թաքցնում, որ 2018-ից հետո իրեն տեսնում է վարչապետի, այսինքն փոփոխված Սահմանադրությամբ՝ երկրի ղեկավարի պաշտոնում: Բայց, ինչպես ասում են, եղավ այն, ինչ եղավ: Հենց սրա վրա, մեզ հետ զրույցում, ուշադրություն  հրավիրեց քաղտեղխնոլոգ Արմեն Բադալյանը.

«Մտածում էր, որ Սերժ Սարգսյանից հետո կշարունակի ղեկավարել Հայաստանը, սակայն, նա կատարեց ճակատագրական սխալ՝ նա այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ եւ մնաց մենեջերի կարգավիճակով: Այդպես էլ չհասկացավ, որ վարչապետ կարող է լինել միայն այն մարդը, որը քաղաքական գործիչ է, անգամ՝ 2018-ի ապրիլից հետո վարչապետի հայտ կարող էր ներկայացնել միայն այն մարդը, ով քաղաքական գործիչ է, իսկ ինքը քաղաքական գործիչ չէր ու այդպես էլ չդարձավ: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, Հանրապետականը դուրս մնաց խորհրդարանից ու խիստ կասկածելի է այն երբեւիցե ընդհանրապես կմտնի ԱԺ, թե՝ ոչ, եւ այս պայմաններում մնալ կուսակցությունում արդեն դառնում էր անիմաստ: Այս պահի դրությամբ էլ դեռեւս կասկածելի ու մշուշոտ է կուսակցության ապագան եւ, բնականաբար, մնալ այս կուսակցության մեջ, որ ի՞նչ անել»:

Կարեն Կարապետյանը ռուսական ընկերություններում աշխատելու մեծ փորձ ունի: Օրերս հայտնի դարձավ, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական պետական «Зарубежнефть»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու է:

Ի դեպ, 2016-ին Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ին անդամակցեցին 7 հազար հոգի: Քանի՞սն են հեռացել նրա հետ կամ պատրաստվում հեռանալ, հասկանալի պատճառներով, այսօր հնարավոր չեղավ հստակեցնել Հանրապետական կուսակցությունից:

Մամուլում շրջանառվում են լուրեր նախկին վարչապետի կաբինետի անդամների՝ ՀՀԿ-ից հեռանալու մասին: Նրանց հետ կապ հաստատել մեզ այսօր չհաջողվեց՝ ճշտելու համար, թե արդյո՞ք իրենք էլ հետեւել են Կարեն Կարապետյանի օրինակին կամ պատրաստվում են հրաժարվել ՀՀԿ-ի անդամությունից:

Միայն մեկ դեպքում այդ մասին կարող ենք հստակորեն խոսել՝ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել, որ ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել: